Հետևեք մեզ։

Երբ ես Թուրքիա էի մեկնում, դրա մասին ողջ Հայաստանն իմանում էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

17:06, 02 մայիս 2023

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից այսօր Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է հրաժարվել ԱԺ պատվիրակության կազմում մեկնել Անկարա՝ մասնակցելու Սևծովյան համաժողովի նիստին, ինչի մասին այսօր ԱԺ նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հարցնելով, թե «ինչո՞ւ չի գալիս, թող գա, թուրքերին իր ասելիքն ասի, մի բանով օգնի Հայաստանին»:

 

«Հետո առիթ կունենամ Բաբկենին ասելու, որովհետև երբ որ ադրբեջանցիների կամ թուրքերի հետ կռիվ տալու հարց է, շատ ակտիվ մասնակցել եմ, կոնկրետ Սևծովյանի նախորդ լիագումար նիստը, որը Բելգրադում էր, որտեղ քննարկվում էր փախստականների իրավիճակը սևծովյան երկրներում, զեկուցաբերն էլ ադրբեջանական պատվիրակության անդամ էր, դեռ կոմիտեի նիստից սկսած մինչև վերջ կռիվ եմ տվել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

 

Հարցին՝ հիմա ինչո՞ւ չի մեկնում Թուրքիա, Մանուկյանն ասաց, որ սա, իրականում, Սևծովյանի հոբելյանական նիստ է, և Անկարայում այն ավելի շատ վերածվելու է հոբելյանական ներկայացման, ուստի ինքը նպատակահարմար չի համարում դրան մասնակցել։

 

«Ինչ վերաբերում է Թուրքիա մեկնելու կոչին, երբ ես Թուրքիա էի մեկնում, դրա մասին ողջ Հայաստանն իմանում էր»,-ասաց դաշնակցական պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ