Վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6 տոկոս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից միայն 2023-2024 թվականներին հայտնաբերվածից 62 կիլոգրամը եղել է սինթետիկ, որից շուրջ 24 կիլոգրամը կամ 39 տոկոսը հայտնաբերվել է ոստիկանության կողմից:
Արձանագրեմ, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունները սահմանափակ են»,- ասաց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին՝ Ղազարյանը արձանագրեց, որ վերջին 5 տարիներին, ըստ ոստիկանության հաշվառումների, թմրամիջոցների իրացման և օգտագործման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10-ը։
Ղազարյանը հարկ համարեց նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են:
«2021-ից 2023 թվականներին ընդհանուր հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 631 դեպք, որից 173-ը՝ իրացման, իսկ 458-ը՝ ձեռք բերելու։
Վերջին հինգ տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ, հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է»,- ասաց Ղազարյանը։
Ըստ ՆԳ նախարարի՝ նշված հանցատեսակը կրում է անդրազգային բնույթ և չի սահմանափակվում կոնկրետ երկրի սահմաններով, իսկ նման դեպքերի բացահայտելիությունն ուղղակի պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածության և մասնագիտական բարձր կարողություններով: Նրա խոսքով՝ դրանց ձևավորման ուղղությամբ իրականացվում է համակարգային աշխատանք։
«Այս համատեքստում կցանկանայի նշել, որ հաշվի առնելով համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման զգալի աճը՝ քրեական ոստիկանությունում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, որի ծառայողների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպքեր»,-եզրափակեց Ղազարյանը։