Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը

22:15, 02 մայիս 2023
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը:

Բարձրագույն դատական խորհրդի փոխանցմամբ՝ նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը 11։00-ին։

 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կուսակցության նախագահ Գ.Ծ.-ն և Ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել:

 

2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Գ.Ծ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը) և Ս.Ա.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը):