Աննա Վարդապետյանը մայիսի 3-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, համաձայն որի՝ 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որից 21.604-ը՝ Երևան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4%-ով:
2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ:
2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3%-ով (2021 թվականին՝ 14.629, 2022 թվականին՝ 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8%-ով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2%-ով (2021 թվականին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4%-ով (2021 թվականին՝ 350, 2022 թվականին՝ 880): Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում։ Հետևաբար, 2022 թվականին, առանց հանկարծամահությունների դեպքերի հաշվառման, կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Հանցագործության 37.612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1%-ը, ոչ մեծ (21.281 դեպք կամ 56.6%) և միջին ծանրության (10.371 դեպք կամ 27.6%-ը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում կազմում են 2.3% (2021 թվականին՝ 1.2%), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.5% (2021 թվականին՝ 14.7%):
2022 թվականին աճել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:
2022 թվականին նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2021 թվականին՝ 15.149, 2022 թվականին՝ 13.902):
Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, 2022 թվականին կազմել է 58՝ նախորդ տարվա 60-ի դիմաց, այսինքն՝ 2-ով կամ 3.4%-ով պակաս: Երևան քաղաքում սպանության դեպքերի թիվը նվազել է 8-ով կամ 30.8%-ով (2021 թվականին՝ 26, 2022 թվականին՝ 18), իսկ մարզերում՝ աճել՝ 6-ով կամ 17.6%-ով (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 40):
Սպանության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց զգալի մասը կատարվել են կենցաղային կամ միջանձնային հարաբերությունների հողի վրա: Սպանությունների մի մասն արդյունք են տուժողի և հանցանք կատարած անձի միջև տևական անհաշտ, իսկ երբեմն՝ թշնամական հարաբերությունների, որոնց վերաբերյալ տեղեկացված լինելով՝ իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ միջոցառումներ չեն իրականացրել՝ ուղղված հանցագործության, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերը կանխելուն:
2022 թվականին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 175-ով կամ շուրջ 60.3%-ով (2021 թվականին՝ 118, 2022 թվականին՝ 293): Նշված ցուցանիշը շարունակաբար վատթարացման միտում ունի. նախորդ տարի նույնպես արձանագրվել էր այս ցուցանիշի աճ 36-ով կամ 44 -ով:
Ինքնասպանությունների թիվը կազմել է 188՝ նախորդ տարվա 191-ի դիմաց. հաշվետու տարում ինքնասպանությունների թիվը նվազել է 3-ով կամ 1.6%-ով: Ինքնասպանություն կատարած 188 անձից 69-ը գործազուրկներ և թոշակառուներ են. 75-ը՝ գործազուրկ, 54-ը՝ թոշակառու:
2022 թվականին 2021 թվականի համեմատ 280-ով կամ 154.7%-ով աճել են համակարգչային տեխնիկայի գործադրմամբ կատարված հափշտակությունների դեպքերը, նվազել է նշված հանցատեսակի բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 5.5% 2021 թվականի 16.3%-ի համեմատ (2022 թվականին՝ 461 դեպք, 2021 թվականին՝ 181):
2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց, այսինքն՝ դեպքերն աճել են 11-ով կամ 78.6 %-ով:
Ներկայում դատարանում քննվող, քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող», ևս 3 «օրենքով գողի» նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով: Այս պահի դրությամբ նրանցից երեքը գտնվում է կալանքի տակ:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76.3%-ով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 502-ով կամ 94.9%-ով՝ կազմելով 1031՝ 2021 թվականի 529-ի դիմաց։
Թեև բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը՝ բացահայտման տեսանկյունից, դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) և ածանցյալների աճող տարածվածության մասին և արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողությունները:
Նշված ցուցանիշները կարող են մասամբ պատճառաբանվել քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում, նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքում քրեական վարույթներ նախաձեռնելու մոտեցմամբ, սակայն վիճակագրական տվյալներն առավելապես վկայությունն են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածվածության, նշված հակասոցիալական և հակաիրավական երևույթներում մեծ թվով անձանց ներգրավվածության։
2022 թվականի ընթացքում, 2021 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 354 դեպքով կամ 34.2%-ով աճ (2021 թվականին՝ 1034, 2022 թվականին՝ 1388): Բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 12.5%՝ 2021 թվականի 23%-ի դիմաց:
2022 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է նաև պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 563 դեպքով կամ 20.2%-ով աճ (2021 թվականին՝ 2794, 2022 թվականին՝ 3357):