«Սրբազան պայքարի» համակարգող մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի ակնհայտ ապօրինի որոշումից հետո «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ներկայացվել է Ազգային ժողովի դատին։
Այս առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
1․ ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ստորագրել է բազմաթիվ փաստաթղթեր (օրինակ՝ 09.11.2020թ-ի Եռակողմ հայտարարություն և այլն), բայց դրանցից որևէ մեկը չի անցել ներպետական վավերացման նման ընթացակարգ (ՍԴ և ԱԺ վավերացում), ինչպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման» կանոնակարգը։ Ավելին, հանձնաժողովի մակարդակով ստորագրված Կանոնակարգը մտցվում է նման ընթացակարգ այն պարագայում, երբ առնվազն դեռևս առերևույթ առկա չէ նմանատիպ որևէ գործընթաց Ադրբեջանում։
Այսպիսի վարքագիծը խոսում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջի կատարման և պետական առերևույթ հանցագործություն կատարելու պատասխանատվությունը մեկ անձից այլոց վրա տարածելու միտման մասին (Սահմանադրական դատարան, ԱԺ պատգամավորներ, ԱԺ ՔՊ խմբակցություն, ինչպես նաև 2021թ-ի ընտրություններում ՔՊ ընտրողներ)։
2. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի առկայության պայմաններում նման գործընթացի նախաձեռնումն ի սկզբանե հարցականի տակ է դնում գործընթացի լեգիտիմությունը։
3. Տեսանելի է նաև, որ Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի վրա հղվելու և այդ հիմքով որևէ գործընթաց տանելու իրական ցանկություն չունի։ Սա պարզ է դառնում այն բանից, որ Կանոնակարգը զուրկ է իրավական որոշակիությունից, այն չի ամրագրում սահմանազատման և սահմանագծման միասնական իրավական հիմք, ավելին, Կանոնակարգի նախաբանով հիմք է դրվում հատվածական սահմանագծման և սահմանազատման համար՝ Ալմա Աթայի հռչակագրից զատ սահմանազատման և սահմանագծման հիմք հռչակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ենթադրյալ պայմանագիրը։
Այսինքն՝ սա դառնալու է հանրության վրա «վաճառած» հերթական կեղծիքը, իբր պրոցեսը գնում է Ալմա Աթայի հռչակագրով։
Հավելենք՝ Ալմա Աթայի հռչակագրով գնացող պրոցեսն ինքնին պրոբլեմատիկ է մեր ազգային և պետական շահի տեսանկյունից, բայց Ադրբեջանը նույնիսկ դրա ցանկությունը չունի, ինչը հստակ արտացոլված է սույն Կանոնակարգում։
4. Մայիս ամսին Տավուշում իրականացվել է զորքերի ապօրինի ետքաշում և ՀՀ սահմանների փաստացի փոփոխություն, սակայն Կանոնակարգը այդ գործընթացներից միայն ամիսներ անց է ներկայացվել Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի դատին։ Սա ևս մեկ ապացույց է, որ մայիս ամսին Տավուշում իրականացված գործընթացը ոչ մի կապ չուներ սահմանազատման և սահմանագծման հետ, այլ ընդամենը միակողմանի զիջում էր։
Ադրբեջանը պարտադրանքի ուժով Տավուշում հասել է իր նպատակին։ Նույն կերպ, բոլոր այն տեղերում, որտեղ իր համար նպաստավոր վիճակ է, անելու է նույնը, այսինքն՝ սահմանի՝ Ադրբեջանի համար նպաստավոր հատվածները համարվելու են սահմանազատված և սահմանագծված ըստ այս Կանոնակարգի, որից հետո Ադրբեջանը կարող է տարիներ ձգել այս գործընթացը և մենք չունենանք սահմանազատված է սահմանագծված սահման։ Սա էլ իր հերթին գործընթացի ներքո դրված ռումբ է։
Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, «Սրբազան պայքարը» հայտարարում է` «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնկարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին և ենթակա չէ վավերացման։
Նշված փաստաթղթի ընդունմանը ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՈՂ յուրաքանչյուր ոք կիսում է ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ տարրեր պարունակող գործընթացի մասնակիցը լինելու պատասխանատվությունը»։