Հետևեք մեզ։

Ինչքան մեծ կլինի հաջողությունը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը․ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի և աշխարհի 2023թ. առաջնությունների մրցանակակիր մարզիկներին (լուսանկարներ)

20:35, 03 մայիս 2023
Ինչքան մեծ կլինի հաջողությունը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը․ Փաշինյանն ընդունել է  Եվրոպայի և աշխարհի 2023թ. առաջնությունների մրցանակակիր մարզիկներին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին: Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի, Մարմնամարզության, Ըմբշամարտի և Սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշված մարզաձևերի մարզիչները:

 

Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի տիկին նախարար,

Հարգելի պարոն Հարությունյան,

Հարգելի մարզիկներ,

Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Ընդգծեմ, որ վերջին օրերին «11 ոսկե՝ 8 օրում» կարգախոսը թերևս Հայաստանում ամենաշատ բարձրաձայնված կարգախոսն է, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այդ կարգախոսը կերտելու համար: Իհարկե, խոսքը միայն ոսկե մեդալների մասին չէ, և ուզում եմ ընդգծել նաև մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր մեդալ են նվաճել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունեցել: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այդ արդյունքների վերաբերյալ և հույս հայտնել, որ դա ինչ-որ կերպ նաև արձագանք է այն քաղաքականությանը, որը Կառավարությունը վարում է սպորտի բնագավառում:

 

Ես հիշում եմ 2021 թվականին այս շենքում տեղի ունեցած մի հանդիպում, երբ քննարկում էինք օլիմպիական խաղերին մեր թիմի նախապատրաստության աշխատանքները և զարմանքով արձանագրեցինք, որ, օրինակ, նույն ծանրաքարերի կամ ծանրաձողերի հետ կապված խնդիր կա: Խոսքը վերաբերում էր Eleiko ֆիրմայի ծանրաձողերին, տվյալ դեպքում կոնկրետ ծանրամարտի մասին է խոսքը, և ուրախ եմ արձանագրել, որ հիմա երկրում այնքան Eleiko ծանրաձող կամ ծանրաքար ունենք, որ եթե մամուլում հայտնված մեկնաբանությունների մեջ չափազանցություն չկա, մեզ երկար տարիներ դեռ կբավականացնեն: Չնայած հույս ունենք, որ, ընդհակառակը, չի բավականացնի, որովհետև ծանրամարտով զբաղվողների թիվն այնքան կմեծանա՝ նաև մեր հավաքականի հաջողության բերումով, որ մենք, բառիս լավ իմաստով, ստիպված կլինենք նորանոր ծանրաձողեր, ըմբշամարտի և սամբոյի գորգեր, մարմնամարզության սարքեր և սարքավորումներ ներկրել, և ամեն անգամ այս հանդիպումներում մեր մարզիկները և մարզիչները կասեն, որ չի հերիքում, էլի է պետք, էլի է անհրաժեշտ, և այլն և այդպես շարունակ, բայց ոչ թե այն իմաստով, որ չկա, այլ կա, շատ կա, բայց, այնուամենայնիվ, էլի է անհրաժեշտ: Մարզական այս հաջողությունները կարևորում ենք նաև այս տրամաբանությամբ, որովհետև համոզված ենք, որ ձեր հաջողությունները, սիրելի մարզիկներ և մարզիչներ, կոգեշնչեն մեր երիտասարդներին՝ զբաղվել սպորտով, ֆիզկուլտուրայով, նպատակներ դնել իրենց առջև և իրագործել:

 

Ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ մենք հիմա նաև երկրում բավական տեսանելի մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում: Հույս ունեմ, որ պլանավորված ժամանակում կավարտվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: Առիթ ունեցա Արմավիրի մարզ այցելել և տեսնել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները, խոստացան, որ ժամկետում կավարտվի կառուցումը: Եվ ուզում եմ հիշեցնել խոստումը, որ յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի անունով մեր երկրում կկառուցվի մարզադպրոց. այն ուժի մեջ է, և ցանկանում եմ, որ մենք այնքան, այսպես ասած, ծանր գրաֆիկով իրականացնենք այդ գործը, որ էլի ամեն անգամ ասեն՝ դեռ նորանոր միջոցներ են անհրաժեշտ այդ նպատակն իրագործելու համար:

 

Բայց մենք առանձին դեպքերում նաև առանձին որոշումներ կկայացնենք այս տրամաբանությունից դուրս, և ուզում եմ ձեր ներկայությամբ մեկ այլ որոշման մասին բարձրաձայնել, որը, հույս ունեմ, դրական կընկալվի ձեր միջավայրում: Վերջին մրցույթներից և իրադարձություններից հետո մենք քննարկեցինք և տեսանք, որ այս պահին կարծես թե մեր եզդիաբնակ բնակավայրերում այդպիսի մարզադպոցներ չեն կառուցվում: Ես որոշում եմ կայացրել և հույս ունեմ՝ այդ որոշումը կպաշտպանեք, որ ամենամեծ եզդիաբնակ բնակավայրում՝ Ալագյազ խոշորացված համայնքում, մենք կկառուցենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն: Այստեղ պետք է բոլորիդ, ընդհանուր առմամբ, հետևյալ խնդրանքով դիմեմ, որ այս գործընթացն օգտագործենք մարզերում մարզական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով: Իհարկե, լավ է, որ մեր արդեն 3 անվանական մարզադպրոցներն էլ մարզերում են գտնվում՝ Շիրակում, Արմավիրում և հիմա երրորդը՝ Արագածոտնում: Իմիջիայլոց, դա էլ ենք պայմանավորվել, որ եթե Արթուր Ալեքսանյանը, օրինակ, երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, իր անվամբ ևս մեկ մարզադպրոց կկառուցենք, օրինակ, Կապանում կամ Գորիսում:

 

Շատ կարևոր եմ համարում, որ այս գործընթացն իրականացնենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ես չեմ բացառում, իհարկե, որ Երևանում էլ այդ ամենն անենք, բայց, ի վերջո, եկեք չմոռանանք՝ որոնք են մեր նպատակները: Նպատակներից մեկը, իհարկե, մեր մարզիկների հաջողությունը և սխրանքն ընդգծելն է, երկրորդը՝ մարզական ենթակառուցվածքներ ստեղծելն է, երրորդը՝ այնպես անել, որ սպորտի զարգացումը մեր երկրում դրվի ռազմավարական հիմքերի վրա: Ուզում եմ հետևյալի մասին ասել. երբ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ գրել էինք՝ նպատակ ենք դնում, որ Հայաստանը մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ պետք է ունենա, բոլորի առաջին հարցն այն էր, թե դա ինչպես ենք անելու, ինչպես ենք նվաճելու. այսպես ենք նվաճելու՝ սկզբից Եվրոպա, աշխարհ, հետո օլիմպիադա:

 

Կրկին ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել: Իհարկե, շատ կարևոր է նաև, որ մենք ամեն ինչ անում ենք, և ես հիշում եմ մեր խոսակցությունները, երբ ասում էինք՝ պետք է առավելագույնն անենք, որպեսզի մեր մարզիկներն առավելագույնս կենտրոնացած լինեն հենց սպորտի վրա: Դրա համար որոշակի աջակցության ծրագիր ընդունեցինք, որոշումներ կայացրեցինք, որոշակի բանաձևեր դրեցինք, որ մարզիկի առաջին հաջողությունից ի վեր Կառավարությունը նրանց կուղեկցի, այսինքն՝ ինչքան մեծ կլինի հաջողությունը, այնքան մեծ կլինի Կառավարության աջակցությունը: Սա ոչ թե նրա համար է, որ ուզում ենք ինչ-որ մեկին աջակցել, մյուսին՝ ոչ, ուղղակի միշտ դժվար է ճիշտ որոշում կայացնել: Այստեղ էլ ուզում ենք, որ մեր մարզիկները, մարզիչները մեզ օգնեն, որպեսզի ճիշտ մարդկանց ճիշտ կոորդինատները գտնենք, հեռախոսի համարներն ունենանք, որ կապ հաստատենք և այդ աջակցությունը կարողանանք հասցեական տեղ հասցնել, որպեսզի դա լինի ոչ միայն անհատական որոշում, այլև այդ որոշումը լինի արդար, արդարացված և ծառայի նպատակին:

 

Սամբո ըմբշամարտի մեր մարզիկների հաջողությունը տեսնելով. ես իմացա, որ սամբո մարզաձևը մեր անվանական թոշակների ցանկի մեջ չի մտնում, բայց հաջողությունից հետո հանձնարարեցի, որ նաև սամբո մարզաձևը մտնի այդ ցանկի մեջ: Շատ կարևոր է, թե ինչպես է իրադարձությունը բերում մեկ այլ իրադարձության: Այսինքն՝ կներեք, հիմա ասածս կարող է կոպիտ հնչել, բայց եթե այդ հաղթանակը չլիներ, գուցե ոչ ոք էլ չհիշեր, որ այդ մարզաձևին էլ աջակցություն պետք է, ընդ որում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, օլիմպիական մարզաձև չէ և այլն: Բայց մեր տղաները, բառիս լավ իմաստով, ստիպեցին, որ այստեղ էլ թեմա ունենք, այսքան գործն արել ենք, ինչո՞ւ շարունակությունը չենք արել: Սպորտը, նրա հաջողությունը, նրա բերած էմոցիան իր հետ բերում է դրական շղթայական որոշումների և փոփոխությունների:

 

Կրկին, ամփոփելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս դեպքում առաջինը՝ մարզիչներին, հետո՝ մարզիկներին: Վերջին տարիներին՝ նախորդ տարի, այս տարի շատ հաջող սպորտային միջոցառումներ կազմակերպեցինք. Եվրոպայի առաջնություն, առաջիկայում սամբոյի աշխարհի առաջնությունն է, հիմա ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Չեմ կարծում, թե, օրինակ, մեր բռնցքամարտի կամ ծանրամարտի հավաքականի անդամները որևէ կերպ դժգոհ լինեն դրանից, որ իրենց երկիրը հյուրընկալում է միջազգային այդ մակարդակի մրցաշար: Ես նաև որոշ մեկնաբանություններ եմ կարդացել, և սպորտում դա հայտնի բան է, որ տանը պատերն էլ են օգնում: Մեր շատ մարզիկներ առանց այդ պատերի օգնության են չեմպիոն դառնում, բայց հիմա եթե պատերն էլ օգնեն, դա միայն հաստատ օգուտ կբերի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մրցումների կազմակերպման համար՝ Վարչապետի աշխատակազմն է ներգրավված, ԿԳՄՍ նախարարությունը, մեր գործընկեր ֆեդերացիաները: Հավատացած եղեք, որ մեր աջակցությունը լինելու է շարունակական և ռազմավարական: Կրկին եմ ասում՝ մենք չենք բավարարվելու միայն, այսպես ասած, փառաբանման կամ գնահատանքի առանձին դրսևորումներով: Մեր աջակցությունը լինելու է ռազմավարական: Դա լինելու է դրամական աջակցությունների ձևով, կապիտալ ներդումների ձևով, մարզական նոր ենթակառուցվածքների ձևավորման առումով:

 

Ընդ որում, այս նրբությունն էլ անընդհատ քննարկել ենք, և ես կրկին ընդգծում եմ. ասում են՝ օրինակ, ինչ տարբերություն, ուղղակի ըմբշամարտի դպրոցի և, օրինակ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի միջև: Մենք նայում ենք երեխայի տեսակետից, որովհետև երբ ինքը գնում է ուղղակի մարզադպրոց, ինքը գնում է ուղղակի մարզադպրոց, երբ ինքը գնում է օլիմպիական չեմպիոնի անվան մարզադպրոց, հույս ունի, որ դա նաև գուցե նրա հետ շփվելու, նրա կողմից խորհուրդներ ստանալու, նրա հայացքի ներքո մարզվելու շանս է, դա հաստատ կմեծացնի մոտիվացիան և սպորտի մասսայականությունը: Կարճ ասած՝ ես ձեզ և մեզ մաղթում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինի յուրաքանչյուրիդ անվան մարզադպրոց: Սկզբունքը հետևյալն է՝ օլիմպիական չեմպիոնների համար հաստատ, և կլինեն նաև դեպքեր, որ որոշակի շեղումներ էլ կունենանք՝ շեղումներ լավ իմաստով, և մենք անհատական որոշումներ կկայացնենք: Կարծում եմ, օրինակ, մենք պետք է մտածենք կանանց սպորտը քաջալերելու հետ կապված առանձին որոշումներ կայացնելու ուղղությամբ, որովհետև դա կարևոր է, և առանձին մարզաձևեր պետք է խթանենք: Չնայած մեր մոտեցումն այն է, որ դուք եք իրականում որոշում, թե որ մարզաձևերը խթանենք, որովհետև հաջողություններն իրենց հետ բերում են տվյալ մարզաձևի մասսայականացում, և այդ ճանապարհով մենք կգնանք: Իհարկե, սպորտի թեմայով, ինչպես ասում են, կարելի է անվերջ խոսել, մանավանդ վերջին շրջանի հաջողություններից ստացած էներգիան էլ լրացուցիչ խոսելու մոտիվացիա է տալիս: Այստեղ դադար վերցնեմ և կուզենայի իմանալ, թե այս պահի վիճակագրությունն ինչ է մեզ ասում, մյուս տարվա հետ կապված ինչ ծրագրեր ունենք, և ինչպես է ընթանում սպորտի զարգացումը ՀՀ-ում»:

 

Վարչապետը խոսքը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ով շնորհավորել է բոլոր մարզիկներին հաղթանակների առթիվ և անդրադարձել ընթացիկ մարզական ցուցանիշներին՝ նշելով, որ թվերը շատ խոսուն են: «Պարոն վարչապետ, այս պահին ունենք 110 մեդալ՝ 28 ոսկե, 25 արծաթե, 57 բրոնզե. խոսքը միայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեր ունեցած մեդալների մասին է: Հիշեցնեմ, որ անցյալ տարի ամբողջ տարվա կտրվածքով ունեինք 307 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ էր և 30 տոկոսով գերազանցում էր մեր ամենալավ՝ 2019 թվականին գրանցված արդյունքը: Այս պահին գտնվում ենք 5-րդ ամսվա սկզբին, և ամբողջ տարի մեզ դեռևս սպասում են բավական թվով մրցաշարեր: Օրինակ, եկող շաբաթ Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունն է, և այսօրվա 3 մեդալն էլ դեռ չենք հաշվել այս 110-ի մեջ: Պարոն վարչապետ, Դուք նշեցիք Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որն այս օրերին ընթանում է Երևանում: Հենց այսօր եզրափակիչներն են, և 3 մասնակից ունենք, որ դուրս են եկել եզրափակիչ, և առնվազն ոսկե կամ արծաթե մեդալ արդեն իսկ կա, որը հաշված չէ: Կարծում եմ՝ տարին շատ լավ ենք սկսել, և մինչև տարեվերջ դեռ բազմաթիվ առիթներ կունենանք՝ մեծացնելու այս ցուցանիշները: Շատ կարևոր եմ համարում ևս մեկ հանգամանք ընդգծել. մենք նկատում ենք, որ մարզաձևերում արդյունքներ են գրանցում թե՛ մեծահասակները, թե՛ երիտասարդները, ինչը շատ կարևոր է և ցույց է տալիս, որ շարունակականություն ունենք: Օրինակ, մեր մարմնամարզիկների՝ երիտասարդների առաջնության հաղթողների առումով փաստորեն տեսնում ենք, որ արդեն իսկ Ձեր նշած լավ օրինակն աշխատում է, թե՛ մեծահասակների, թե երիտասարդների մասով ունենք լավ արդյունքներ, դպրոց է ձևավորվում, ըստ էության, և այդ լավագույն ավանդույթներն արդեն ամրանում են», -ասել է Ժաննա Անդրեասյանը:

 

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ իր հերթին նշել է. «Պարոն վարչապետ, միանում եմ Ձեր շնորհակալություններին և գլուխս եմ խոնարհում այս մարզիկների և մարզիչների առջև, որովհետև իրենք կարողացան ապացուցել, որ, այո, 8 օրում կարող ենք 11 չեմպիոն ունենալ: Եվ, գիտեք ի՞նչն է ամենակարևորը՝ այո, տան պատերն օգնում են, անգամ Խորհրդային միությունն ու Բուլղարիան իրենց լավագույն տարիներին չեն կարողացել 10-ից 10-ը մրցանակակիր ունենալ: Մեր հավաքականի բոլոր անդամները մրցանակակիր դարձան, և իրենց համար դա շատ կարևոր է՝ զգալ, որ պետությունը նեցուկ է, սատարում է ու ամեն ինչ անում է: Սա իսկապես ճիշտ աշխատանքի, շարունակական սատարման արդյունք է. երբ նախորդ տարի հավելյալ օժանդակություն տվեցինք ֆեդերացիաներին, դրանով նպաստեցինք, որ նրանք կարողանան հավելյալ ուսումնամարզական հավաք անցկացնել, հավելյալ մրցումների մասնակցել: Շնորհակալություն Ձեզ, որ այսպիսի ուշադրություն եք դարձնում, և մենք խոստանում ենք, որ այս ամենը շարունակական կլինի»: Կարեն Գիլոյանը Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023 թվականի առաջնության կազմկոմիտեի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել խորհրդանշական նվեր՝ առաջնության խորհրդանիշ հայկական մուֆլոնի արձանիկը:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել պետական աջակցությամբ՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մեր մարզիկների հաջողությունների շարունակական խրախուսման, արձանագրվող բարձր առաջընթացի պահպանման, սպորտի մասսայականացման, տարբեր մարզաձևերում կանանց ներգրավվածության մեծացման, մարզական ենթակառուցվածքների կառուցման, մարզիչների ատեստավորման գործընթացի, ֆեդերացիաների գործունեության հաշվետվողականության և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ծանրամարտի կանանց մեր հավաքականի ելույթներին և դրանք գնահատել շատ տպավորիչ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է սերունդների և սպորտային ավանդույթների միջև կապը՝ նշելով, որ մրցահարթակում փայլում են թե՛ արդեն իսկ գործող չեմպիոն մարզիկները, թե՛ նոր չեմպիոնները: «Սա շատ կարևոր է և ոչ միայն այսօրվա, այլև վաղվա հեռանկարի մասին է խոսում. մենք, այսպես ասած, մարտավարական և ռազմավարական խորք ենք տեսնում: Հիմա տեսնում ենք և՛ բացառիկ տաղանդավոր մարդկանց, և՛ տեսնում ենք հետագան: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ հետագան հնարավորինս երկար և արդյունավետ լինի: Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ և անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ ձեզնից յուրաքանչյուրի անունով մարզադպրոց կառուցելու վերաբերյալ Կառավարությունն այս դահլիճում կկայացնի համապատասխան որոշում», - եզրափակել է երկրի վարչապետը: