Հետևեք մեզ։

Ովքեր են հիմնական հակառակորդները և ինչ են կարծում դիտորդները․ խորհրդարանական ընտրությունները՝ Վրաստանում

12:00, 26 հոկտեմբեր 2024
Ովքեր են հիմնական հակառակորդները և ինչ են կարծում դիտորդները․ խորհրդարանական ընտրությունները՝ Վրաստանում

 

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում ընթանում են 11-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին:


Շատ տեղական և միջազգային դիտորդներ կարծում են, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են երկրի համար և արդյունավետորեն կորոշեն Վրաստանի ապագա ուղղությունը:


Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 18 կուսակցություն, որոնցից հինգը իրենց կուսակցական ցուցակներում ընդգրկել են կոալիցիոն գործընկերների։ Այս հինգ կուսակցություններից երեքը փոխել են իրենց անունները՝ ընտրողներին ավելի հասկանալի դառնալու համար, որ նրանք քվեարկում են միավորված կոալիցիայի օգտին։ 

 

Հիմնական հակառակորդներն են.

 


Մի կողմում իշխող կուսակցությունն է՝ «Վրացական երազանք»-ը և նրա պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին (նա առաջինն է կուսակցության ցուցակում)։ Այս կուսակցությունը տեղական համայնքում և Արևմուտքում շատերի կողմից դիտվում է որպես հակաարևմտյան և ռուսամետ: «Վրացական երազանքն»  այն կուսակցությունն է, որն ամենաերկարն է ղեկավարել անկախ երկրի պատմության մեջ։ 
 

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները վրդովված են «օտարերկրյա գործակալների» և «ԼԳԲՏ քարոզչության» դեմ հակադեմոկրատական ​​օրենքների ընդունմամբ։ Պատժամիջոցներ են կիրառվել տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, և ԵՄ-ն և ԱՄՆ-ն մասամբ դադարեցրել են ֆինանսական օգնությունը Վրաստանին։

 


Իշխող կուսակցությանը հակադրվում է միացյալ ընդդիմությունը, որը կենտրոնացած է արևմտամետ օրակարգի շուրջ: Սա ներառում է չորս դաշինք և մի քանի կուսակցություն։ Նրանք բոլորն էլ նշում են, որ իրենց առաջնային նպատակն է ապահովել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, ինչը ամրագրված է նաև Վրաստանի Սահմանադրությամբ։

 

Բիձինա Իվանիշվիլիի հակառակորդներն են «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլի), որը վերանվանվել է «Միասնություն՝ ազգային շարժում», «Վրաստանի Հայրենասերների դաշինքը», «Ախալին»-ը, որը ստեղծել են ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան և «Ազգային շարժման» նախկին նախագահ Նիկա Մելիան, Վրաստանի նախկին վարչապետ Գերոգի Գախարիայի «Հանուն  Վրաստանի»  կուսակցությունը, որը սակայն խիստ հակառակորդ չէ «Վրացական երազանքին»։

 

Խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով. բոլոր 150 պատգամավորական մանդատները համամասնորեն կբաշխվեն 5 տոկոս ընտրական շեմը հաղթահարած ընտրական սուբյեկտների միջև։

 


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։ Նրանցից էլեկտրոնային եղանակով ընտրություններին կմասնակցեն 3 113 747 ընտրողներ։