Հետևեք մեզ։

«Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հայտնի են «ՌեԱ» 16-րդ փառատոնի մրցանակակիրները

23:10, 26 հոկտեմբեր 2024
«Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հայտնի են «ՌեԱ» 16-րդ փառատոնի մրցանակակիրները

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնը, որն անցկացվեց հոկտեմբերի 20-26-ը Երևանում, արվեստասերներին հնարավորություն տվեց դիտել 250-ից ավելի հետաքրքիր ֆիլմեր, մասնակցել շնորհանդեսների, աշխատարանների, վարպետության դասերի, հանդիպել ականավոր հյուրերի հետ։

 

Արմենպրես-ի հաղորդմամբ՝ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հնչեցին մրցանակակիրների անունները, տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին Կինոյի տանը։

 

«Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի առաջին տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը։

 

Երկրորդ տեղի օժանդակություն-մրցանակը տրվեց Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատմանը:

 

Երրորդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն է, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա։

 

Կարճամետրաժ ավարտական ֆիլմերի անվանակարգում հատուկ հիշատակման  արժանացավ Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը։

 

Հաղթող կարճամետրաժ ավարտական լավագույն ֆիլմ ճանաչվեց «8-րդ օրը», որի հեղինակներն են Ագաթ Սինիշալը, Ալիսիա Մասսեն, Էլիզ Դեբրույնը, Ֆլավի Կարին, Տիո Դյուոտուան (Ֆրանսիա):

 

Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։

 

Կարճամետրաժ ֆիլմերի առաջին տեղի մրցանակը տրվեց Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը» ֆիլմին:

 

Լիամետրաժ ֆիլմերի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող  ճանաչվեց Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը» ֆիլմը:

 

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գաղափարի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ»-ի  արժանացավ Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։

 

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Ադամ Էլիոթի «Խխունջի երազը»:

 

CoReAct համարտադրության հարթակի հաղթող նախագծերը ևս հայտարարվեցին:

 

«Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթեց «Այծեմնիկ» նախագիծը, ռեժիսոր/պրոդյուսեր`  Էլինա Երկատյան:

 

3-րդ տեղում «Քուլ Դաուն» նախագիծն է, ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան (Zrah Studio):

 

2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն է, ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր՝ Սուսաննա Խաչատրյան (OnOff Studio):

 

1-ին տեղում «Տատիկն ու ստվերը» նախագիծն է, ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գևորգյան և Seagull Production:

 

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: «ՌեԱ»-ի կայացմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

 

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «ՌեԱ» փառատոնի կայացման առթիվ շնորհավորեց փառատոնի հիմնադիրներին, մասնակիցներին, հաղթողներին, ժյուրիի անդամներին:

 

Փակմանը ներկաները ոչ միայն տեղեկացան, թե ովքեր են մրցանակակիրները, այլև մասնակցեցին շվեյցարացի անիմատոր, ռեժիսոր Ժորժ Շվիցգեբելի անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը: