Երեկ Փաշինյանը փորձում էր ասել, որ պետք է փոխենք մեր պետության, հայրենասիրության մոդելը, այն, ինչի վրա հիմնված է պետությունը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Փաշինյանն ասում է՝ ստեղծենք ուրիշ հայրենասիրական մոդել, նշանակում է, որ վերջ, 29 800 քառակուսի կիլոմետր, մենք խաղաղություն ենք ուզում, մեզ խփեն, պահանջներ ներկայացնեն, մենք ոչինչ չենք անում, գնում ենք խաղաղության։ Իսկ որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների, ակնհայտ է»,- ասաց Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ իրենց խորին համոզմամբ Վաշինգտոնում գործընթացը հենց այդպես է եղել։
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորում» այն դեպքում, երբ Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ իր դիրքորոշումը հայտնել է։ Այսօր խոսում են, որ կա ըմբռնում բանակցություններում։ Ինչքան խոսում են առանջընթացից, այդքան ողբերգական հետընթաց ենք ապրում»,- ասաց պատգամավորը։
Խաչատրյանը նշեց, որ իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է․ ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրացում, ստեղծել պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում։
«Մենք ունենք լուրջ մտահոգություն, որ այս իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու»,- ասաց Խաչատրյանը։