Հետևեք մեզ։

Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու ու մեր տունը․ հատվածներ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի օրագրից

12:17, 31 հոկտեմբեր 2024
Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու ու մեր տունը․ հատվածներ՝  44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի օրագրից

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նահատակված հերոսի քույրը Hayastan.news-ին է տրամադրել եղբոր մասին իր հոդվածը, որը հրապարակում ենք ստորև․


«Ուրախ ու ժպտերես Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։


Իր 20 տարիների ընթացքում հասցրել է հերոսաբար մարտնչել 2 պատերազմների։ Տավուշյան մարտերի և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է եղել: Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ /Մեհրաբ/ զորամաս: Կրտեսեր սերժանտ էր: Ականանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մարտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում: Սիրահարվել էր Տավուշի բնությանը: 


2020 թվականի Հուլիսի 12-ի ժամը 12.00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրետանային հարվածներով փորձեցին վնաս տալ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի Մեհրաբի գնդի պահպանության տակ գտնվող մարտական հենակետերին, որից հետո զորամասը բերվեց մարտական պատրաստակամության բարձր աստիճանի: Այդ ժամանակ, 120մմ ականանետային դիվիզիոնում արդեն իսկ առկա էր համահավաք մարտկոց, որի շարքերում ընդգրկված են եղել մասնագիտական բարձր գիտելիքներով և մարտական պատրաստությունում լավագույն կողմերով աչքի ընկած զինծառայողներ։ Մկրտչյան Հայկազը նույնպես ընդգրկված էր վերոնշյալ մարտկոցում, որպես 3-րդ ականանետային հաշվարկի հրամանատար: Առաջին իսկ վայրկյաններից չի ընկճվել, խուճապի չի մատնվել, իրեն դրսևորել է, որպես  խիզախ մարտիկ, ճիշտ նշանափորձելով ականանետը, զգալի վնասներ պատճառելով հակառակորդի կենդանի ուժին և կրակային միջոցներին, ոգեշնչելով իր ենթակայության տակ գտնվող անձնակազմին արագ մատակարարելու ականները՝ ավելի շատ կրակոցներ կատարելու համար: Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ:


Հուլիսյան մարտական գործողությունները, ավարտվել են հայկական կողմի փայլուն հաղթանակով։ Մկրտչյան Հայկազի և իր պես հմուտ տղաների շնորհիվ հակառակորդը զգալի վնասներ ստացավ և հետ շպրտվեց, հասկանալով, որ անիմաստ է մարտնչել մարտունակ ստորաբաժանման դեմ: Հուլիսյան մարտերի համար Հայկազը արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին։ Մարտերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք»։

Սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, արդարության ջատագովը, ժպտացող աչքերով Հայկազը Տավուշում ծառայության ժամանակ անհանգստացել է, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաներն Արցախում են կռվում:  

Ասում էր. «Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա»:  

2020թ  սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորած հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Մկրտչյան Հայկազը, հուլիսյան մարտերից դեռ չհագեցած, ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Մկրտչյան Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում  կատարել է մոտ 300 կրակոց, վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։  Հայկազը պատերազմի ընթացքում 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը մնաց անկատար…. 

Անասելի երջանիկ է եղել, որ մարտի դաշտում է գտնվում, աչքերը փայլում էին, և մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ է եղել: Ասում էր. «Գիտե՞ք, քանի թուրքի /մոտ 800 հոգու մասին էր խոսքը/ անուն է գրվել քարին  իմ ձեռքով: Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»: Եղել է մարտերի ամենաթեժ վայրերում:

Մինչև Հոկտեմբերի 29-ը մարտկոցը պարբերաբար զբաղեցրել է տարբեր կրակային դիրքեր, այդ ընթացքում Հայկազը իրեն դրսևորել է որպես խիզախ, սառնասիրտ, հայրենասեր և հայրենիքի համար կյանքը չխնայող քաջորդի։ Հոկտեմբերի 29-ին հերթական անգամ զբաղեցնելով կրակային դիրքի շրջան, արձակելով կրակոցներ հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ուղղությամբ՝ մարտկոցը զգալի վնասներ պատճառեց հակառակորդին: Հակառակորդն իր հերթին կիրառել էր բազմաթիվ հրետանային արկեր, որոնք դիպուկ չէին։ Նույն օրը, հակառակորդը կիրառեց Բայրակթար մարտկոցի դեմ, որի արդյունքոմ վիրավորվեց Հայկազ Մկրտչյանը։ Հայկազը ապրելու համար  12 օր շարունակ պայքարել է վերակենդանացման բաժանմունքում, և անմահացել նոյեմբերի 9-ին, հրադադարից մեկ ժամ առաջ։ Հայկազ Մկրտչյանը արժանացել է Մարտական Ծառայություն մեդալի։ 

Հայկազը պատերազմում հաղթել է, քանի որ հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահաջն իր համար անըդնունելի է եղել: Երբեք չէր հանդուրժում անրադարությունը և ամեն գնով պայքարում էր դրա դեմ: Շատ կատակասեր էր, բարի, փայլուն մտքով, սակայն միաժամանակ ուժեղ և հպարտ: Իր մաթեմատիկական բարձր ունակությունների, արագաշարժության և հաշվարներ կատարելու կարողության շնորհիվ իրենց մարտկոցը մեծ հաջողություններ է գրանցել: Հայկազը նաև նորամուծություններ էր մտցնում ռազմական տեխնիկայի կիրառման մեջ: Արցախից որ զանգում էր, էնքան հպարտ էր, որ այնտեղ է. ասում էր՝ գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները: Հրամանատարի խոսքով, Հայկազը միշտ ասել է. եկեք ամեն ինչ արագ անենք, տղերքը կռվում են, իրենց մենակ չթողնենք:

Ինքը պատերազմ տեսավ ու երբեք չտրտնջաց, որովհետև կռվում էր հանուն Հայրենիքի։

 

ԽՈՍՔԵՐ 

 

Գիշերը գալիս է, ու սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը: Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքին: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես Թուրն եմ մթության մեջ: Ես հսկողն եմ: Ես Վահանն եմ, ով պահպանում է մարդկային թագավորությունը:  Ես իմ կյանքն ու պատիվն եմ տալիս գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին։ 

 

Գրել է բանակ զորակոչվելու գիշերը՝ հունվարի 22, 2019 թ։ 


Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք: Դուք ուղղակի ապրում եք: Քնում ու զարթնում եք: Դրա արանքում ինչ-որ բաներ եք անում ուղղակի, բայց ոչ մի բան չեք հասկանում: Ես հիմա ուզում եմ ամեն ինչ անեմ, որ լավ լինի բանակի համար, ջոկիս, դասակիս, մարտկոցիս, դիվիզիոնիս, գնդիս, կոռպուսիս, ՊՆ-ի համար, ամեն ինչի համար: Կարանք կեղտոտ տեղ քնենք, կարանք կեղտոտ, փնթի տեղ զուգարան գնանք, կարանք սոված էլ մնանք, ծարավ էլ մնանք, կեղտոտ էլ մնանք, էդ ընդհանրապես կարևոր չի: Կարևորը, որ դու հասկանաս էդքանը: Ու էդ թեթև հարցեր են երեխայական: Կարևորը դրսից չխոսելն ա: Դրսի մարդիկ պիտի ընդհանրապես բան չխոսան ՊՆ-ի, բանակի մասին: Ոչ մի բան: Իրավունք չունեն: Էն, ինչ պետք ա, ստեղ անում ենք: Ու ինձ դզում ա արդեն ստեղ։ 

 

Փետրվարի 22, 2020թ, Մեհրաբ։ 


էսքան կռվել եմ, որ գնամ ուրիշ տե՞ղ: Կարող ա մի 2 ամիս առաջ ես էլ ասեի, որ պետք ա գնալ ուրիշ տեղ ապրել, բայց էսքանից հետո, հաստատ՝ չէ: Ու, ասենք, երբ զորացրվեմ, ու մի բան լինի, մանավանդ ստեղ, հաստատ գալու եմ: Նենց ա մի օր էլի մի բան լինելու ա: Էդ օրն էլ նենց չի, որ շատ հեռու ա։  

Հուլիս 2020 (հուլիսյան դեպքերից հետո)


Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞: Իրենց համար ո՞նց չկռվենք

Հուլիսյան մարտերի ժամանակ 2020թ  

Ես էստեղ պոստ եմ պահել 2 տարի, 2 տարի ցրտին, շոգին, սոված, ծարավ, քնաթաթախ էդ պոստերն եմ պահել: Ո՞նց կարամ ես մի քանի վախտ հետո տենամ՝ ոնց է թշնամին  իրենց վերցրել։ Մենք պիտի կռվենք։
 

Սեպտեմբեր 2020թ, Մեհրաբ

 

Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա։ 

 

Սեպտեմբեր 2020

 

Էդ մի անգամ անելով չի, մի անգամ կռվելով չի։ Պետք ա՝ պիտի մեռնես հայրենիքի համար: Չգիտեմ, մի օր դու կհասկանաս երևի: Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը: Կամ չէ՝ Ու մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի: Ու եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու: Կամ էդ վախտ սաղ, սաղ կկռվեն, որ չկորչի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ու ու՞մ ա պետք տենց կյանքը: Դե, եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն: Ու չենք կորցնի Ղարաբաղը, մի բան էլ Ադրբեջանից եքա մաս կվերցնենք։ 

 

Սեպտեմբեր 2020թ․»։