«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արցախի օկուպացիայից հետո Հայաստանում բնակություն հաստատած արցախցիների իրավունքների, խնդիրների եւ հարցերի բարձրաձայնման առումով բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերում Արցախի Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, Արցախի քաղաքական վերնախավի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք առանց վարձատրության եւ որեւէ կարգավիճակի փորձում են տաք պահել Արցախի թեման, զբաղվել արցախցիների խնդիրներով, բարձրաձայնել այդ մասին: Այն, որ Հայաստանի գործող իշխանություններն արցախցիների խնդիրներով չեն զբաղվում եւ Արցախի թեման ինքնին բեռ են համարում, փաստ է: Նրանք խուսափում են Արցախի հարցը միջազգային հարթակներում բարձրացնելուց եւ արցախցիների վերադարձի մասին խոսելուց, նրանց թվում է` որքան շուտ այդ էջը փակեն, այնքան արագ կեղբայրանան Ալիեւի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ու կշարունակեն խաղաղ վայելել իրենց իշխանությունը:
Արցախի ներկայացուցչությունը, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած արցախցիների հարցերի հանձնաժողովը փորձում են միջազգային հարթակներում բարձրացնել արցախցիների բռնի տեղահանության եւ նրանց վերադարձի հարցերը: Մի բան, որ պետք է աներ իշխանությունը: Անգամ Բաքվում գտնվող գերիների հարցով ավելի շատ մասնավոր անձինք, միջազգային կառույցներ ու ղեկավարներ են զբաղվում, քան Հայաստանի իշխանությունները: Եվ ամենակարեւորը` ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է արցախյան բոլոր ինստիտուտները ոչնչացնելու համար. Արցախի վերջին նախագահին վարկաբեկում են, Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու ծրագրերից են խոսում: Անգամ Արցախի պետհամալսարանը, հեռուստատեսությունը, մշակութային ու կրթական օջախները պահպանելուն ուղղված քայլեր չեն արվում:
2025 թվականի մայիսին Արցախում պետք է խորհրդարանական ընտրություններ տեղի ունենային: Այսինքն՝ հասարակական հիմունքներով այժմ գործող խորհրդարանին էլ ընդամենը մի 6-7 ամիս ժամանակ է մնացել: Ի՞նչ է պետք անել, որ Արցախի խորհրդարանը պահպանվի, չէ՞ որ ՔՊ-ական իշխանությունը թույլ չի տա ընտրություններ կազմակերպել, գուցե որեւէ լուծո՞ւմ կա: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
- Ե՞րբ պետք է լինեին Արցախի ընտրությունները, հիմա փաստացի Արցախի ԱԺ-ն դեռ գործում է, որոշ պատգամավորներ բավականին ակտիվ գործունեություն են ծավալում: Ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ ընտրությունները կայանան:
- 2025-ի մայիսին պետք է ընտրություններ լինեն: Մենք հիմա հատուկ ստեղծված հանձնաժողով ունենք, որը նման հայեցակարգ է կազմում, որպեսզի մենք կարողանանք գործընթաց իրականացնել: Դեռեւս հստակ բան չեմ կարող ասել, այժմ քննարկումներ են ընթանում այդ ուղղությամբ, բայց անպայման հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ մայիսն այնքան էլ հեռու չէ, եւ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ տարվում են:
- Ի՞նչ աշխատանքներ եւ ո՞ւմ կողմից:
- Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է այդ հարցով: Սա ոչ ստանդարտ իրավիճակ է, չնախատեսված իրավիճակ, ո՛չ սահմանադրությամբ, ո՛չ էլ օրենքով…. Ոչ ստանդարտ իրավիճակների համար աշխարհում նախադեպեր եղել են ու կան, դրանք քիչ թե շատ էֆեկտիվ ու փորձարկված տարբերակներ են: Ամեն դեպքում, ես չեմ կարող հստակ ասել՝ կընտրե՞նք այդ նախադեպերից, թե՞ առանձին մերը կունենանք: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչպես եմ պատկերացնում, չեմ ուզում առաջ ընկնել, քանի որ հիմա շատ տարբերակներ ենք դիտարկում ու քննարկում, չէի ցանկանա իմ կարծիքն առանձին հայտնել, որովհետեւ այն կարող է կյանքի չկոչվել:
- Արցախի պատգամավորներն ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ հարցեր եք բարձրացնում, ի՞նչ խնդիրներ եք լուծում:
- Մենք ոչ մի կերպ չենք դիտարկում հարցն այսպես` փակ է Արցախի հարցը, երբեք ու երբեք սա մեզ համար չի կարող լինել ընդունելի տարբերակ, ունենք հստակ ազդակներ, որ անպայման բանակցային գործընթաց լինելու է, եւ Արցախ վերադարձ լինելու է, ցավալի է, որ այս իշխանությունների օրոք նման բան չի լինելու, սակայն դա դեռ չի նշանակում, որ երբեք նման բան չի լինելու: Շատ կարեւոր է Արցախի իշխանությունների գոյությունն այս իրավիճակում: Այսօր նույն միջազգային հանրությունն ընկալում ունի Արցախի իշխանությունների, պատգամավորների մասով: Այն հանձնախումբը, որը ղեկավարում է պարոն Օսկանյանը, լիազորված է հենց Արցախի ԱԺ-ի անունից, եւ Դուք տեսնում եք, որ Եվրախորհրդարանը նույնպես բանաձեւ է ընդունել այդ մասին: Դա հենց մեր հանձնախմբի աշխատանքի արդյունքն է: Միջազգային հանրության մեջ Արցախի հարցը պետք է տաք պահել, եթե չկա Արցախի ԱԺ, չկա Արցախի իշխանություն, հետեւաբար՝ չի կարող լինել նաեւ Արցախի հարց: Բոլոր պրոցեսները, որոնք այս իրավիճակում նորմալ գնում են, այս իշխանությունների կողմից խոչընդոտների են հանդիպում:
- Ի՞նչ խոչընդոտներ:
- Եթե միջազգային հարթակներում, երբ լինում է Արցախի մասին խոսելու պատրաստակամություն, այս իշխանությունները ոչինչ չեն անում, ոչինչ չեն խոսում: ՀՀ իշխանությունները մերժում են Արցախի ընկալումը, Արցախի հարցը, արցախցիների վերադարձը… Այն, ինչ կարող է անել իշխանությունը, չի կարող անել որեւէ լիազորված հանձնախումբ: Գոնե այս իրավիճակում կարողանում ենք Արցախի հարցը մենք տաք պահել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: