Ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները: Այս վերտառությամբ գրառում է կատարել Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Մենք չենք անում կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո շարժումների անհաջողության պատճառները։ Չունենք դրա խոհեմությո՞ւնը, գուցե խիզախությու՞նը։ Հատկանշական է, որ իշխանությունը և հանդիսատեսը նշում են հազար ու մի հորինած պատճառ, բայց մենք՝ մասնակիցներս, անբացատրելիորեն լուռ ենք։
Կան խորքային պատճառներ, որոնք, հատվելով մի ամբողջականության մեջ, դառնում են լուրջ, առայժմ անհաղթահարելի խոչընդոտ՝ այս մղձավանջից դուրս գալու համար.
1. Հարթակները չեն ելնում այն իրողությունից, որ գործ ունենք պարտության հասարակության հետ։ Դա լրիվ այլ հոգեվիճակ է, այլ սոցիոլոգիա, որը պահանջում է այլ բովանդակություն և այլ հռետորաբանություն։ Սովորաբար հարթակներից հնչած խոսքը ուղիղ հակադիր տրամաբանության մեջ է. այն չի խոսում լայն զանգվածների սրտի հետ, չի արտացոլում նրանց իրական վախերն ու տրամադրությունները։
2. Չի դրվել անհրաժեշտ ռեսուրս՝ պայքարի համար։ Կազմակերպչական ծավալուն գործ իրականացնելու, պայքարի մեքենա սարքելու, հասարակական տրամադրություններ փոխելու և դրանցով իշխանություն փոխելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական մեծ ռեսուրս։ Այդ ռեսուրսին տիրապետողների մեծ մասը դա չի արել։ Նրանք հիմա արդեն կարող են վստահ լինել, որ հետագա վարանումը բերելու է ավելի ծանր հետևանքների, այդ թվում՝ նաև անձամբ իրենց համար։
3. Կոլաբորիացիոնիստների մեծ թիվը. սա փաստ է։ Նրանց մի մասը նույնիսկ օրվա կեսը մեղադրում է մեզ, թե բա ինչո՞ւ չեք կարողանում սրանցից ազատվել։ Ո՞նց կարողանանք, երբ դուք չորս խաղ եք խաղում։ Բայց մենք նաև չենք կարողացել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կոլաբորիացիոնիզմը լինի հանրային ծանր պարսավանքի առարկա։
4. Շարժման անդամների միջև կտրուկ անհավասարությունը։ Մեկը պայքարի ընթացքում տուն պահելու խնդիր ունի, կողքինը շարունակում է միլիոններ աշխատել այս իշխանության օրոք կամ նույնիսկ հետ, մեկը հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի կամ ընտանիք պահելու տարրական միջոցների, մյուսները շարունակում են իրենց էլիտար կյանքը։ Հեղափոխության «եղբայրություն, հավասարություն» սկզբունքը գռեհկության աստիճանի խախտվում է։
5. Լայն հասարակությունը (ներառյալ՝ պայքարող) ունի հստակ հավաքական հարցադրում՝ հանրային ռեսուրսի և պաշտոնների շնորհիվ անարդար կերպով հարստացած խավին։ Հարթակները դեռևս չեն գտել այս դժվար հարցադրմանը պատասխանելու ձևը և համառորեն խուսափում են դրանից։ Սա ստեղծում է խզվածություն՝ հարթակների և լայն հասարակության միջև։ Սա տալիս է իշխանությանը հնարավորություն՝ «նախկինների թալանի և ապօրինի գույքի» թեմայի խաղարկման համար։ Եվ այդպես շարունակ լինելու է, քանի դեռ ազնիվ պատասխան և լուծման առաջարկ գտնված չէ։ Կոպիտ ասած՝ շատերը կարող են Նիկոլի հակակոռուպցիոն դատախազներին փորձել համոզել, որ իրենք սրբեր են ու օրինական միլիոնատերեր, բայց լայն հասարակությանը համոզել հնարավոր չէ։ Այստեղ այլ լուծումներ են պահանջվում։
6.Հարթակների, հրապարակի և Աժ խմբակցությունների աշխատանքային –մարտավարական աններդաշնակությունը։ Մի պահից սկսած՝ ԱԺ-ն ապրում է այլ իրականության մեջ, հարթակը՝ այլ, հրապարակը՝ լրիվ ուրիշ։ Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատվել։ Հասարակությունն այս դիսոնանսը զգում է, ֆիքսում, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այս կոնֆլիկտի լուծումը հարթակները չեն գտնում։
7.Ստրատեգիական համբերության բացակայություն. պատկերացումները, թե մեկ միտինգով կամ մեկ շաբաթվա պայքարով իշխանություն կփոխվի։ Բոլոր շարժումները սկսվել են այս հոգեբանությամբ։ Եվ միայն անհաջողությունից հետո են ընդունում, որ մյուս՝ համբերատար պայքարի տեսակետը ճիշտ էր։ Ամենաարագ հաջողությանը բերելու է համբերատար պայքարի տրամադրվածությունը։
8. Հարթակների ուղերձները արտաքին աշխարհին. կամ կոպիտ սխալներ են եղել, կամ ուղղակի անհասկանալի՝ հարևանների, դաշնակիցների և հակառակորդի համար։
Հ.Գ. Ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային. որովհետև միանշանակ վստահ եմ, որ առաջիկայում ճիշտ աշխատանքի դեպքում էֆեկտիվ պրոցեսներ հնարավոր են, որոնք կա´մ արտահերթ, կա´մ հերթական ընտրությունների ժամանակ պետական խորքային ռեստարտի հնարավորություն կտան։ Բայց հաջողության համար կարևոր է անհաջողության պատճառները խիզախորեն ընդունել։
Պետության համար (և անգամ այս իշխանության համար) շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն սոլիդ ուժերի խաղաղ շարժման արդյունքում։ Այլ սցենարները մեծ պայթյունի տարբերակներ են, մեկը մյուսից վտանգավոր։