«Քաղաքակիրթ աշխարհն ընդունում և կենսունակություն է տալիս խնդիրների լուծման իրավական հարթակին։ Մենք պարտվել ենք քաղաքական և ռազմական հարթակում, և մեր իրավունքների վերականգնման միակ բացառիկ միջոցը մնացել է իրավականը», - այս մասին Մեդիա կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ասուլիսի թեման է «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում»:
Բանախոսներն են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։
Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը իրավական կարծիք է հրապարակել՝ վերլուծելով Արցախի հայ բնակչության շարունակական ծանր վիճակը նրանց բռնի տեղահանումից և Արցախի Հանրապետության կազմալուծումից հետո:
Խոսելով ինքնորոշման իրավունքի իրականացման մասին՝ Սահակյանը նշեց, որ այստեղ մենք հետընթաց ունենք․
«Փաստացի կայացած պետականությունը, որը ընդամենը գտնվում էր միջազգային ճանաչման գործընթացում, ներկայումս զրկվել է երկու կարևոր ատրիբուտներից՝ տարածքից և տվյալ տարածքում ապրող բնակչությունից։ Ստացվում է՝ մենք պետք է վերադառնանք մի զրոյական կետի՝ վերաբնակեցնենք այդ տարածքը արցախցիներով, որպեսզի կրկին մեկնարկենք ինքնորոշման իրավունքի իրականացումը»։
Անդրադառնալով միջազգային դատարաններում հայ-ադրբեջանական իրավական վեճերին՝ Սահակյանը նշեց, որ այժմ դրա համար երեք հարթակ է օգտագործվում, այն է՝ ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը, որտեղ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված մեկ հայց կա, և մեկ հայց՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ 7 միջպետական գործեր են ընթանում։ Չորս գանգատ ՄԻԵԴ-ում Հայաստանն է ներկայացրել Ադրբեջանի դեմ, երկուսը՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ, և մեկը Հայաստանը ներկայացրել է Թուրքիայի դեմ։ Բացի միջպետական գործերից՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից ՄԻԵԴ է ներկայացվել 400 անձի առնչվող անհատական գանգատներ։
Երրորդ հարթակն էլ Արբիտրաժային միջազգային դատարանն է։ Այստեղ կան բացառես ադրբեջանական հայցեր ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Դրանք նախաձեռնվել են 2023 թվականին և դրանց հիմքում կոնվեցիան է դրված՝ մասնավորապես Էներգետիկ խարտիայի պայմանագիրը և Բեռնի կոնվեցիան, որն առնչվում է բնապահպանական հարցերին։ Այստեղ հիմնական խնդիրը վերաբերում է վնասի փոխհատուցումներին։
«Արբիտրաժային գործընթացներն ունեն ծախսերի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու փուլ, որտեղ հստակ հաշվարկների հիման վրա գնահատվում է վնասը։ Սա մի քանի տասնյակ միլիարդների մասին կարող է լինեն, բայց որոշակիացում կարող ենք ունենալ, երբ հասունանա համապատասխան փուլը։ Ժամկետներ կան։ 2024-ի նոյեմբերին և 2025-ի փետրվարին Ադրբեջանը պետք է իր վերջնական հայցերը ներկայացնի, և մենք դրանից հետո կկարողանանք առարկայական քննարկումներ սկսել փաստական և իրավական հիմքերի, ռիսկերի և այլ հարցերի վերաբերյալ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Խոսելով միջպետական հայցերից հրաժարվելու մասին՝ իրավաբան Րաֆֆի Քալֆայանը նշեց, որ եթե Հայաստանը հրաժարվի հայցերից, Ադրբեջանի կողմից ռասիստական և ատելության քաղաքակնությունը կշարունակվի։
Սիրանուշ Սահակյանը հավելեց․ «Մենք պարտվել ենք քաղաքական և ռազմական հարթակում, և մեր իրավունքների վերականգնման միակ բացառիկ միջոցը մնացել է իրավականը։ Դրանից հրաժարվելը նշանակում է, որ մենք այլևս ունակ չենք հասնել մեզ և երկրին առնչվող խնդիրների լուծմանը՝ նաև իրավական ճանապարհի գործադրմամբ»։
Քալֆայանի խոսքով՝ իրավական ճանապարհները քաղաքական արդյունք կարող են բերել։
«Եթե Հայաստանը կարողանա ներգրավել ուրիշ պետությունները, որ մտնեն այդ միջպետական գործի մեջ, ավելի ուժեղ դիրք կունենա բանակցությունների մեջ,- նշեց միջազգային իրավունքի փորձագետը՝ շեշտելով, - ամբողջ հայության պարտականությունն է շարունակել պայքարը»: