Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն առաջատար է հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 55,36 տոկոսը, հայտնել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արձանագրությունների 99,73 տոկոսը մշակելուց հետո։
Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն, հավաքում է ձայների 44,64%-ը։ Ավելին, երկրի ներսում ընտրական տեղամասերի բոլոր արձանագրությունները մշակելուց հետո նա 51,19 տոկոսով հաղթել է բուն հանրապետության տարածքում։
Մոլդովայի հյուսիսի և հարավի բնակիչների մեծամասնությունը քվեարկել է Սանդուի ռեժիմի կողմից պաշտոնանկ արված նախկին գլխավոր դատախազի օգտին։ Երկրի կենտրոնական հատվածի բնակչությունը հիմնականում սատարել է գործող նախագահին։
Մասնավորապես, մեծությամբ երկրորդ Բալթի քաղաքի բնակիչները քվեարկել են Ստոյանոգլոյի օգտին, իսկ Քիշնևի բնակիչների մեծամասնությունը (57,35%)՝ Սանդուի օգտին։
Նախկին գլխավոր դատախազը իր հայրենիքում՝ Գագաուզիայում նույնպես առաջատար է բացարձակ առավելությամբ․ այնտեղ արձանագրությունների 85,29%-ը հաշվարկելուց հետո նա ստանում է ձայների 95,85%-ը։ Նրա մրցակիցը հավաքել է ընդամենը 4,15%:
Մերձդնեստրի ընտրատեղամասերում Ստոյանոգլոն նույնպես հավաքել է ձայների 79,4 տոկոսը՝ բոլոր արձանագրությունները մշակելուց հետո։ Սանդուին աջակցել է ընդամենը 20,6%-ը։
Արտերկրի ընտրատեղամասերում արձանագրությունների 7,87%-ը մշակելուց հետո գործող նախագահը հաղթում է ձայների 74,13%-ով, իսկ Ստոյանոգլոն՝ 25,87%-ով։