ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով նրան, թե ի՞նչ են անում իրենք Նիկոլ Փաշինայնին հեռացնելու և Արցախի խնդիրը լուծելու համար այսօր, ասաց՝ իրենք ինչ կարողացել են անել, արել են, անում են և շարունակելու են անել, նույնսիկ, եթե մնան միայնակ։
«Բավարարո՞ւմ է դա, իհարկե չի բավարարում։ Եթե բավարարեր, հեռացրած կլինեինք։ Հիմա էլ անում ենք այն, ինչ կարողանում ենք։ Որպեսզի դա բավարար լինի, մեզ պետք է, որ մեր քաղաքացիները մեր կողքին կանգնած լինեն։ Եթե մեր կողքին կանգնել չեն ուզում, իրենց շատ խնդրում եմ՝ կանգնեն այն մարդու կողքին, ում հավատում են, ով իրապես փորձում է Փաշինյանին հեռացնել»,-ասաց Մամիջանյանը։
Դիտարկմանը, թե այսօր նորից ընդդիմության տարբեր թևեր իրար մեղադրում են, թե 2018-ին ով բերեց Նիկոլ Փաշինյանին, ով առաջադրեց ու ընտրեց նրան վարչապետ և ով է մինչև հիմա նրան պահում իշխանության ղեկին, Մամիջանյանն ասաց․ «Հանրապետականը որևէ մեկին մեղադրելու խնդիր չունի։ Թե՛ մայիսի 1-ին ՀՀԿ-ի այն ժամանակվա ֆրակցիայի պահվածքը, թե՛ մայիսի 8-ին ՀՀԿ ֆրակցիայի պահվածքը և հայտարարությունները, թե՛ դրանից հետո տևական ժամանակ միակ քաղաքական ուժը, որը պայքարում էր Փաշինյանի դեմ, այն ժամանակ, երբ դա այդքան էլ հաճելի և հեշտ գործ չէր, Հանրապետականն է եղել։ Ամենաշատ խոսելու, լեզուն երկարացնելու տեղ ունի, իհարկե, Հանրապետականն այս հարցում, բայց քանի որ դրա օգտակար գործողության գործակիցը ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, հետևաբար մենք դրա մասին երբեք չենք խոսում։ Ժամանակ առ ժամանակ այս կամ այն անհատների անհեթեթ հայտարարությունների հետ կապված՝ ստիպված ենք լինում արձագանքել։ Բայց պետք չէ Նիկոլից ավելի Նիկոլ լինել, որովհետև, եթե հանկարծ սկսենք բացահայտել, թե ով՝ ինչո՞վ է նպաստել այժմյան իրավիճակին, հեչ լավ բան չի ստացվի»։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ