Հետևեք մեզ։

Ես միշտ էլ ասել եմ` ավելի լավ կլիներ, եթե իմ տղան դեսպան չաշխատեր, միշտ էլ ասել եմ, որ երբեք ու երբեք իմ տղաների կարիերան չի կարող ինձ համար ավելի կարևոր լինել, քան իմ հայրենիքը. Կիմ Բալայան. «Հրապարակ»

10:08, 06 նոյեմբեր 2024
Ես միշտ էլ ասել եմ` ավելի լավ կլիներ, եթե իմ տղան դեսպան չաշխատեր, միշտ էլ ասել եմ, որ երբեք ու երբեք իմ տղաների կարիերան չի կարող ինձ համար ավելի կարևոր լինել, քան իմ հայրենիքը. Կիմ Բալայան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը երեկ պաշտոնապես հաստատեց, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել այդ երկրում Ադրբեջանի դեսպանից։ «Մեզ հասած տեղեկություններով, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչել, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին հայտագրով, ինչպես նաեւ՝ Եվրամիությանը։ Եվ այդ հարցով հետաքննում է տեղի ունենում»,- ասել է Հովհաննիսյանը։

 

Հիշեցնենք, որ Politico պարբերականն էր հայտնել, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման եւ ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։ 

 

Տիգրան Բալայանը երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` մեզ ուղղորդելով դեպի ԱԳՆ լրատվական ծառայություն:

 

Նրա հայրը` ՍԴ նախկին անդամ, նախկին պատգամավոր Կիմ Բալայանը, ընդդիմադիր հայացքներ ունի, չի հավատում Թուրքիայի հետ խաղաղությանը, 2020 թվականի պատերազմից հետո հացադուլ էր անում ՀՀ կառավարության շենքի մոտ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մենք կատարվածի առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք նրան: 

 

-Պարոն Բալայան, Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ Ադրբեջանի դեսպանը Ձեր որդուն սպառնացել է սպանել։ Տեղյա՞կ եք այս դեպքերի մասին: Ոմանք սա աննախադեպ դիվանագիտական սկանդալ են համարում:

 

- Ես էլ, Ձեզ նման, մամուլից իմացա:

 

-Այսինքն` չունե՞ք Ձեր որդու հետ շփում:

 

- Տղայիս հե՞տ… ինչո՞ւ չունեմ, ունեմ: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ իմ եւ իմ որդու քաղաքական հայացքները տարբեր են, եւ դրա պատճառով մենք չպետք է շփում ունենանք:

 

-Դուք ընդդիմադիր եք, իսկ նա իշխանության ներկայացուցիչ է:

 

- Պաշտոն է զբաղեցնում, դրա համա՞ր եք այդպես կարծում, իսկ ի՞նչ եք կարծում` բոլոր նրանք, ովքեր հայրենասեր են, պետք է թողնեն դո՞ւրս գան:

 

- Այսինքն` համարում եք, որ ճիշտ է անում, որ դեսպան է աշխատում:

 

- Ես միշտ էլ ասել եմ` ավելի լավ կլիներ, եթե իմ տղան դեսպան չաշխատեր, միշտ էլ ասել եմ, որ երբեք ու երբեք իմ տղաների կարիերան չի կարող ինձ համար ավելի կարևոր լինել, քան իմ հայրենիքը:

 

-Տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալ: Մի կողմից՝ իշխանությունը խաղաղության մասին է խոսում, մյուս կողմից՝ նման դեպք է տեղի ունենում:

 

- Դե, գիտեք ինչ, ովքեր այս իշխանություններին հավատում են, այդ բանը նրանց պետք է ասեք: Ես չեմ կարող այս իշխանությունների հայտարարություններին հավատալ, քանի որ մի բան ասում են` անում դրա ճիշտ հակառակը: 2021 թվականի նախընտրական ծրագիրը վերցնենք, ամբողջ ժողովրդին ասացին, որ պաշտպանելու են Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց հանձնեցին Արցախը, էլ ինչի՞ն հավատանք դրանց: Ասել, թե այսօր ունենք հայկական իշխանություն, ամենամեծ սխալը կլինի:

 

- Ձեր որդին մասնակցել է Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Մենք էլ, ի վերջո, ունենք ազգային տոներ, որոնք թուրքերն արհամարհում են:

 

- Մանրամասներին տեղյակ չեմ, իմ տղային էլ չեմ հարցրել, բայց կան որոշակի պաշտոններ, որոնք պարտավոր են ենթարկվել այն արարողակարգերին, որոնք սահմանված են: Չեմ բացառում, որ Տիգրանին պարտավորեցրել են գնալ այդ միջոցառմանը, բայց այստեղ պատասխանատուն արդեն Թուրքիան է, քանի որ իր հրավիրած հյուրին իր փոքրիկ եղբայրը սպառնալիքներ է հնչեցնում: Բելգիայի իշխանությունները նույնպես պատասխանատու են:

 

-Բայց ինչպե՞ս են պարտավորեցրել` հայրենասեր մարդուն ո՞վ կարող է ինչ-որ բան պարտավորեցնել: Օրինակ, եթե Ձեզ նման բան պարտավորեցնեին, կանեի՞ք:

 

- Դե, բայց ես դեսպան չեմ, որ տիրապետեմ այդ ամենին, բայց եթե իմ երկրի շահերի համար կարեւոր լինի, սատանայի հետ էլ կգնամ բանակցելու: Նայած թե ինչ նպատակով ես գնում: Եթե գնում ես ասելու` «էս ի՞նչ եք անում, մինչեւ ո՞ւր եք գնալու», դա այլ հարց է, բայց եթե գնում ես նրանց ողջունելու, դա այլ է լրիվ:

 

- Իսկ տեղյա՞կ եք` ինչն է հունից հանել ադրբեջանցի դեսպանին, որ սպառնացել է սպանել:

 

-Դե, հրապարակային գործունեությունը որ վերցնենք, բավարար չէ՞: Ճիշտն ասած, ես էլ չեմ հարցրել, բայց ոնց որ թե բանաձեւեր են ընդունել Թուրքիայի դեմ…. Եթե մի երկիր գործում է ցեղասպանություն եւ իր կատարած հանցագործությունը չի ընդունում, այդ երկիրը ո՞նց կարող է ազնիվ լինել քո հանդեպ: Այլ հարց կլիներ, եթե ներողություն խնդրեին, այ, դրանից հետո գուցե հարաբերություններ սկսվեին: Մերոնք ամեն ինչ զիջելով` գնում են թուրքական լծի տակ: Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ցեղասպանության հարցն իրենց համար առաջնահերթություն չէ: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ եթե չլիներ 1915 թվականի ցեղասպանությունը, Արցախը չէր մնա Ադրբեջանի կազմում: Բայց քանի որ մեր ժողովուրդն ապրեց ցեղասպանություն, եղավ այդպես: Այսօր էլ ավարտին հասցրին իրենց գործը, թեպետ դա ոչինչ չի նշանակում, ուժի իրավունքն ավելի լավ է գործում, քան իրավունքի ուժը, սակայն արդարությունը գուցե հիվանդանում է, բայց չի մահանում: Արցախը նորից լինելու է հայկական»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։