Հետևեք մեզ։

Բաքվում դիվանագիտորեն կոռեկտ չեն․ ինչպես Փաշինյանը մնաց կոռեկտ ԱԺ-ում, իսկ Ալիևը Շաֆիևի «շուրթերով» գաղտնազերծեց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը

12:27, 08 նոյեմբեր 2024
Բաքվում դիվանագիտորեն կոռեկտ չեն․ ինչպես Փաշինյանը մնաց կոռեկտ ԱԺ-ում, իսկ Ալիևը Շաֆիևի «շուրթերով» գաղտնազերծեց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը

Բաքվում անցկացվելիք COP29-ի նախօրեին Իլհամ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը նշել է, թե Հայաստանը ինչ առաջարկ է ներկայացրել Բաքվին։

 

Ըստ նրա՝ հայկական կողմն առաջարկել է գործող նախագծից հանել 3 կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի Սահմանադրությանը, միջազգային իրավական վեճերին և հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությանը։

 

Շաֆիևը նշել է, որ հաշվի առնելով հայկական կողմի՝ վերոնշյալ երեք կետերը պայմանագրից հանելու և այն այդ կերպ ստորագրելու առաջարկը, խաղաղության միակ երաշխիքը մնում է «Հայաստանի ռազմական հնարավորությունների սահմանափակումը, այլ կերպ ասած՝ ապառազմականացումը»։ Ապառազմականացման կոչով Շաֆիևը փաստացի կրկնում է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ սեպտեմբերին հնչեցրած միտքը։

 

Շաֆիևի կողմից այս գաղտնազերծման ֆոնին հարկ ենք համարում նշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խաղաղության պայմանագրի համաձայնեցված և չհամաձայնեցված կետերի վերաբերյալ հնչած հարցին տված պատասխանն առ այն, որ պայմանագիրը դեռ աշխատանքային փաստաթուղթ է, և դրա կետերում ոչ մի գանտնիք չկա, չհանրայնացնելը պարզապես դիվանագիտական կոռեկտության հարց է։

 

Երեկ էլ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Շաֆիևի պնդումներին, հայտարարել էր. - «Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց այո, ինչպես նշեցի, կան չհամաձայնեցված կետեր, և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները»։

 

Նշենք նաև, որ օրեր առաջ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրությունը՝ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։ Երեկ Կառավարության դիմաց ճեպազրույցի ընթացքում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ի պատասխան դիտարկմանը, թե խաղաղության պայմանագրում 16 հոդված կա, նշել է՝ քանի որ դինամիկ գործընթաց է, ճիշտ չէ հոդվածների քանակ նշելը, սակայն ադրբեջանական կողմից ստացված նախորդ խմբագրությամբ դրանք 16-ն էին։

 

Ի դեպ, Շաֆիևը Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է եղել Կանադայում և Չեխիայում, ինչպես նաև տևական ժամանակ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում Ադրբեջանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը։

Վերլուծական