«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի փաստաթուղթ է հանձնել նրան: Դրանում ամփոփ շարադրված են ՀՀ կառավարության եւ Air Arabia-ի պայմանավորվածությունները «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) ստեղծելիս ու դրանց կատարման ընթացքը:
Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ փաստաթղթի մասին որեւէ նշում չկա: Փոխարենն ասվում է, թե Ալին, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի. «Նա Air Arabia ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու եւ ընդլայնելու համատեղ ծրագրերը: Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Ֆլայ Արնա» ավիաընկերության զարգացման հեռանկարները»:
Սակայն աղբյուրի ձեռքի տակ հայտնված այս փաստաթղթում նշված կետերը թույլ են տալիս ասել, որ հանդիպումը չի եղել միմյանց գոհունակություն հայտնելու մասին, հակառակը՝ եթե կարճ նկարագրենք, ապա փաստաթուղթը յուրօրինակ հիշեցում է Կառավարությանը հայկական կողմի խոստացած, բայց չարած քայլերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության/ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի միջեւ առկա ու խորացող հակասություններն ի վերջո հիմք դարձան, որ համատեղ նախագիծը ձախողվի. «Ֆլայ Արնան» թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ մայիսին լուծվեցին աշխատողների հետ կնքված պայմանագրերը:
Ընդ որում՝ այս փաստաթուղթը պարունակում է նաեւ տեղեկություններ այլ հայկական ավիափոխադրողների մասին, ու չի բացառվում, որ վերջիններս տեղյակ էլ չեն եղել իրենց վերաբերյալ ծրագրված քայլերից, որոնք, ըստ հայ-արաբական պայմանավորվածությունների, պետք է կատարեր ՀՀ կառավարությունը:
Փաստաթուղթը կազմվել է հենց 2023-ի ապրիլին, այսինքն՝ նկարագրում է իրավիճակն այդ պահի դրությամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ այն կազմել է Air Arabia-ն, որը, հիշեցնենք, «Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունն էր, ինչպես նաեւ իրեն փոխկապակցված International Business Company (FZE) արաբական ընկերության միջոցով մինչ օրս 49 % բաժնեմաս ունի «Ֆլայ Արնայում»: Եվս 49 % պատկանում է հայկական ԱՆԻՖ-ին, որը պետական ընկերություն է, մնացած 2 %-ի տերն էլ արաբական աշխարհում հայտնի հայազգի գործարար Վարուժան Ներգիզյանն է:
«Ֆլայ Արնա. համատեղ ձեռնարկության ստեղծման ռազմավարական տեսլական-առկա իրավիճակ համեմատական». այսպես է կոչվում Փաշինյանին Ադել Ալիի ներկայացրած փաստաթուղթը:
Դրանում նախ ժամանակագրությամբ հիշեցվում է, թե ինչպես է սկսվել հայ-արաբական համագործակցությունը: Այսպես՝ 2021 թ. հունվարին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ), որը ղեկավարում էր Տաթեւիկ Ռեւազյանը, կապ է հաստատել Air Arabia-ի հետ՝ վերջինիս դիտարկելով իբրեւ հավանական գործընկեր: Թե ինչու է ՔԱԿ-ը կապվել աշխարհում առկա բազմաթիվ ավիաընկերություններից հենց Air Arabia-ի հետ, պարզ չէ: Կառավարությունում «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ ՔԱԿ-ն այս փոխադրողի վրա դուրս է եկել շահագրգիռ միջնորդի միջոցով:
Փետրվարին կայացել է արաբական կողմի առաջին այցը Հայաստան, որտեղ Կառավարության հետ քննարկվել է համատեղ ձեռնարկության ռազմավարական տեսլականը ազգային ավիափոխադրող ստեղծելու համար: Փաստաթղթում չի նշվում, թե ՀՀ կառավարությունից ովքեր են մասնակցել քննարկմանը: Այս մասին վարչապետին ուղղված հարցին ՏԿԵՆ-ից պատասխանել են, որ դրա վերաբերյալ տեղեկություններ չունեն: Իրականում աղբյուրի հարցերի թիվ մեկ հասցեատերը հենց վարչապետն էր կամ նրա աշխատակազմը, ոչ թե ՏԿԵՆ-ը կամ ԷՆ-ն: Այդուհանդերձ, աղբյուրի տեղեկացմամբ՝ եղել են փոխվարչապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ու ՔԱԿ-ի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
Ըստ փաստաթղթի՝ 2021 թ. ապրիլին Air Arabia-ն ու ԱՆԻՖ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, իսկ հուլիսին կնքվել է բաժնետերերի միջեւ պայմանագիրն, ու հայտարարվել է հայ-արաբական ավիաընկերության մասին։ 2021-ի դեկտեմբերին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն պետական գրանցում է ստացել: 2022-ի մայիսին էլ Հայաստանում գրանցվել է նոր ավիաընկերության առաջին ինքնաթիռը, եւ «Ֆլայ Արնան» օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել: Նույն տարվա հուլիսին սկսվել են կոմերցիոն թռիչքները: Ամփոփելով ժամանակագրությունը՝ Air Arabia-ն նշել է, որ 2023-ի ապրիլի դրությամբ «Ֆլայ Արնայի» 2 օդանավերն իրականացնում են չվերթեր դեպի 4 երկրների 8 օդանավակայաններ, սակայն դեռեւս զգալի խոչընդոտներ կան նրա զարգացման ճանապարհին՝ հեռու սկզբնական ռազմավարական տեսլականով նախատեսված միջավայրից:
Այնուհետեւ Air Arabia-ն շարադրել է հայկական ավիացիայի պատմական մարտահրավերները, որոնց մի մասը համապատասխանում են իրականությանը:
Ահա մարտահրավերները՝ ըստ արաբների.
Ոչ մի կայուն «ազգային» կարգավիճակ ունեցող ավիաընկերություն չի կարողացել գոյատեւել շահագործման ճնշող միջավայրում
Ավիաընկերության (նկատի ունեն ընդհանրապես «ավիաընկերություն» հասկացությունը - հեղ.) ցածր չափանիշներ հարեւան երկրների համեմատ
Վատ ֆինանսավորմամբ եւ սարքավորումներով մեկ օդանավ շահագործողների փոքրաթիվ քանակ, որոնք շահագործում են ցածրորակ պրոդուկտով հին օդանավեր
Ուղեւորափոխադրումների ներուժը առավելագույնին չի հասցվել, եւ առկա ուղղություններով միջազգային ավիափոխադրողները գերակշիռ դեր են ունեցել
Կարգավորող կառույցի (նկատի ունեն Քաղավիացիայի կոմիտեն - հեղ.) ոչ բավարար վերահսկողությունը հանգեցրել է ԵՄ եւ ԱՄէ արգելքների հայաստանյան օդանավերի համար
Քաղաքացիական ավիացիայի կարգավորող մարմինը անհրաժեշտություն ունի կարողությունների եւ չափանիշների էական բարձրացման
Հիմնական օպերացիոն հաստիքների համար որակավորված մասնագետների պակաս, այդ թվում՝ օդանավի անձնակազմ եւ տեխնիկական մասնագետներ
Միջազգային մատակարարի հետ երկարատեւ պայմանագրով շատ թանկ եւ ոչ մրցունակ պայմաններով օդանավակայան (նկատի ունեն արգենտինահայ գործարար
Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ 2001 թ. կնքված եւ 2002-ից ուժի մեջ մտած 30 տարվա կոնցեսիոն պայմանագիրը «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման վերաբերյալ - հեղ.)
Ոչ մրցունակ ուղեւորափոխադրումների հարկեր (նկատի ունեն 10.000 դրամ «օդի տուրքը» - հեղ.)՝ չնայած նախնական համաձայնեցված քաղաքականության, որը ենթադրում էր կայուն ուղեւորափոխադրումներ նոր եւ գործող ուղղություններով
Համապատասխան որակավորում ունեցող միջազգային գործընկերոջ բացակայություն, որի աջակցությամբ հնարավոր կլիներ վեր հանել եւ հասցեավորել առկա խնդիրները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։