Հետևեք մեզ։

ՍԴ որոշումների խեղաթյուրված ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները հեռուն գնացող վտանգներ են պարունակում. Արման Դիլանյան

17:16, 14 նոյեմբեր 2024
ՍԴ որոշումների խեղաթյուրված ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները հեռուն գնացող վտանգներ են պարունակում. Արման Դիլանյան

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի դիտարկմամբ՝  Սահմանադրական դատարանների որոշումների հաճախ միտումնավոր խեղաթյուրված ու մանիպուլյատիվ մեկնաբանությունների իրական կամ վերջնական թիրախը ժողովրդավարական գործընթացներն են, սահմանադրական օրինականությունն ու անվտանգությունը։

 

«Արմենպրես» հաղորդմամբ՝  այս մասին Արման Դիլանյանը նշեց Երևանում նոյեմբերի 14-ին մեկնարկած «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովի բացմանը։  

 

«Թերևս, իմ գործընկերներն այնպես, ինչպես և մենք առիթներ ունեցել ենք առերեսվելու սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքի բացակայության այլ ձևերի հետ, մասնավորապես, երբ սահմանադրական դատարանների որոշումների բովանդակությունը խեղաթյուրվում է ու ենթարկվում զանազան մանիպուլյատիվ մեկնաբանությունների։ Որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի, միանգամից նշեմ, որ այստեղ խոսքն ամենևին Սահմանադրական դատարանի կամ նրա որոշումների իրական քննադատության մասին չէ։ Երբեմն այդ խեղաթյուրված ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները չգիտակցված գործողություններ են, բայց ավելի խորը դիտարկման դեպքում բացահայտվում է զուգահեռ այլ իրողություն։ Մենք նկատում ենք, որ ավելի հաճախ դա արվում է միտումնավոր, գիտակցված ու համակարգված կերպով, և այս գործընթացում սահմանադրական դատարանները դրանց ընդամենը երևացող, տեսանելի թիրախն են․խորքում իրական կամ վերջնական թիրախը ժողովրդավարական գործընթացներն են, սահմանադրական օրինականությունն ու անվտանգությունն է»,-մանրամասնեց Դիլանյանը։  

 

Նրա խոսքով՝ տպավորությունն այնպիսինն է, որ շատերի մոտ, հատկապես քաղաքական դաշտում գործող որոշ շրջանակներում, վերջնական ձևավորում չի ստացել պատկերացումը, թե ինչպիսի համակարգային ու հեռուն գնացող վտանգներ են պարունակում, օրինակ՝ հատվածական քաղաքական դրդապատճառներից ելնելով, բարձր դատարանների, նույնն է թե նրանց որոշումների նկատմամբ հարգանքի և վստահության խարխլմանն ուղղված գործողությունները։

 

«Սահմանադրական դատարանի որոշումները՝ որպես անկախ, անկողմնակալ ու հակակշռող մարմնի որոշումներ, ապրիորի պետության և պետականության իրավական ակունքներից են գալիս և կոչված են ապահովելու Սահմանադրության գերակայությունը, սահմանադրական ինքնիշխանությունը, ամրապնդելու պետության իրավական ու ժողովրդավարական բնույթն ու հիմքերը։ Սահմանադրական դատարանի  որոշումների նկատմամբ հարգանքի աստիճանը ինչ-որ առումով պետության ներսում, լայն իմաստով՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացվածության գնահատման-որոշման գործակից է․լայն իմաստով նկատի ունեմ ոչ միայն պետական մարմինների, այլ նաև քաղաքական, հասարակական ու քաղաքացիական  ինստիտուտների ողջ համակարգը»,-մասնավորապես ասաց ՍԴ նախագահը՝ ընդգծելով, որ պահանջվում  է մշտական աշխատանք ու հասարակության բոլոր խմբերի միջև լուրջ փոխըմբռնում, որպեսզի ձևավորվի այնպիսի սահմանադրական ու իրավական մշակույթ, որը քայլ առ քայլ կմոտեցնի իդեալական համակարգի ստեղծմանը։ 

 

Վերլուծական