Հետևեք մեզ։

Մարտի 1-ի գործով դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին

14:25, 15 նոյեմբեր 2024
Մարտի 1-ի գործով դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոյանի նախագահությամբ, որոշեց բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստին ներկայացնելու համար։

«Փաստինֆո» հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին նրանք չեն ներկայացել դատական նիստին։ Պաշտպանության կողմի գնահատմամբ՝ նրանք մեղադրյալի կարգավիճակ չունեն, գոյություն չունի հոդված, որով նրանց մեղադրանք կա ներկայացված։ Նախագահող դատավորը անհարգելի համարեց նրանց բացակայությունը՝ որոշելով հարկադրանքի միջոց կիրառել նրանց նկատմամբ։ Հանրային մեղադրողները դատարանին արդեն ներկայացրել են մեղադրանքը փոխելու մասին գրությունը, որը, սակայն, պաշտպանության կողմին չի տրամադրվել։ Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով գործի ամբողջական նյութերը։ Հանրային մեղադրողներն առարկեցին՝ նշելով, որ չեն ցանկանում այս պահին հանրայնացնել բովանդակությունը, քանի որ դեռ դատարանը որոշում չի կայացրել։ Դատարանը միջնորդության լուծումը հետաձգեց։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։

Վերլուծական