Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փոխանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին:
Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բուհին նախաձեռնության համար, ինչպես նաև Մատենադարանին՝ համագործակցային միջավայր ստեղծելու և գործընկերային բազմաթիվ ծրագրերի իրականացման ավանդույթ ձևավորելու համար:
«Այս առիթն այն լավագույն օրինակներից է, որը ցույց է տալիս, թե համագործակցությունը ինչ մեծ արդյունք կարող է բերել ինչպես կրթությանը, այնպես էլ հետազոտությանն ու մշակութային ժառանգության պահպանությանը: Խորհրդանշական է, որ Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները հենց այսպիսի քայլ են կատարում՝ գալով Մատենադարան և բերերով կարևոր աշխատություններից մեկը, որը մեկտեղում է գիտության ու բժշկության պատմությունը: Այս քայլով ուսանողները դառնում են կրողն այն կարևոր արժեքների, որոնք նաև օգնում են դառնալ որակյալ և արժեքային համակարգ ունեցող մասնագետներ»,- ասել է նախարարը՝ ընդգծելով պատմությունից ուսանելու նյութերը ժամանակակից տեխնոլոգիական միջոցների հետ համադրելու կարևորությունը:
Օրվա շրջանակում Մատենադարանից էլ Զինվորի տուն էր փոխանցվել «Շուխոնց ավետարան» թղթե ձեռագիր մատյանը` խնդրակատար ավետարանը: