Հետևեք մեզ։

Հային կյանքից զրկած ադրբեջանցուն Բաքու ուղարկած դատախազն էր Հայաստանում․ Աննա Վարդապետյանի լռությունը

03:34, 09 հոկտեմբեր 2024
Հային կյանքից զրկած ադրբեջանցուն Բաքու ուղարկած դատախազն էր Հայաստանում․ Աննա Վարդապետյանի լռությունը

Հայաստան էր այցելել ՌԴ գլխավոր դատախազը։ Հանդիպմանն Աննա Վարդապետյանն էր, աջ կողքի մարդը, և ոչինչ չասող բառերը, որոնք կիրառվում են միայն որպես բովանդակության բացակայության վկայություն․ զարգացում, փոխգործակցություն, հուշագիր, ներուժ, ժպիտ և վեց լուսանկար։ Թվում է՝ Տանզանիայի սահմանադրական և իրավական հարցերի նախարարի այցն ավելի բովանդակալից կլիներ։


Ըստ պաշտոնական հաղորդագության՝ Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը, թե ինչի մասին է խոսքը, դեռ չի հայտնաբերվել։


Գուցե իր ու իր ղեկավարի քաղաքական մտքի հենասյուն նախկիննե՞րն են Ռուսաստանից հանձնվել Հայաստանին։
Ի՞նչ համագործակցություն, ո՞րն է ՀՀ և ՌԴ դատախազությունների փոխգործակցությունը․ հայ սպանած ադրբեջանցուն Ռուսաստանի որոշմամբ Բաքվին հանձնե՞լը։ 

Հայաստանի և Ռուսաստանի վերաբերյալ վերջին հաղորդագրությունը Դատախազության պաշտոնական կայքում, առաջին որոնմամբ, հրապարակվել է ս․թ․ մարտի 26-ին, այն էլ վերաբերում է 2022-ին հարուցված վարույթի, այն էլ Ռուսաստանի հետ առնչություն ունի այնքանով, որ մեղադրյալը 1991-ին Դոնի Ռոստովում է օրենքով գողի աստիճանակարգություն ստացել։

Ո՞րն է փոխգործակցությունը, այն էլ բարձր մակարդակի։


Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը Մոսկվայի գեղատեսիլ վայրերից հարցազրույցներ է տալիս, ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատում, ի՞նչը, Միհրան Պողոսյանի՝ 57-րդ հարկից հարցազրույց տա՞լը։ Ասեիք՝ բարձրանար 91-րդ հարկ, ավելի մեծ հնարավորություն կստեղծվեր բարձր գնահատելու։


Ընդ որում, Միհրան Պողոսյանը միակը չէ, և դա բացարձակ ես չեմ ասում, դա նույն՝ Աննա Վարդապետյանին դատախազ կարգած ուժն է ասում, որ հանցագործները փախել են Ռուսաստան և այլն։

Հիմա, ՔՊ-ականների նշած՝ թալանչիներին բնօրրան տված դատախազն է եկել և ոչ մի հարց չկա, բացառույթամբ մեկ փոքրիկ անձնական հարցի, որի մասին հաջորդիվ․․․

Պարզվում է, ըստ Դատախազության հաղորդագրության, Աննա Վարդապետյանին մտահոգել է միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս բերված և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի արգելադրման և բռնագանձման, կոնկրետ կոռուպցիոն գործերով իրական և շոշափելի համագործակցության անհրաժեշտությունը:


Լու՞րջ, գլխավոր դատախա՞զ։ Իսկ մարդի՞կ, հետախուզվող նախկին պաշտոնյաներ, Հայաստանին չհանձնել, թեմա չկա՞ այլևս։ Կամ եթե այս տողատակը կարող եք անսահմանաչափ ընդլայնել, շոշափելի համագործակցություն եթե չկա, փոխգործակցության մակարդակն ինչպես է Վարդապետյանը բարձր գնահատել։


Չի եղել այդ խոսակցությունը, անվանական, ըստ օրենքի պահանջի, այլապես 11 հատ ռեպորտաժ կպատրաստեին Հ1-ով, կհայտնեին անձնական ու նախաքննական գաղտնիքներ, ինչպես անում են հանուն հնչեղ վերնագրի, որը լուռ կհերքեն, ինչպես Սերգեյ Սմբատյանի դեպքում,   իսկ Աննա Վարդապետյանն էլ իր խմբագիր ընկերուհու՝ Աննա Հակոբյանի կայքին, 2-րդ հարցազրույցը կտար։


Մարդու իրավունքների, քաղաքացու շահերի, օրենքի, հանուն պետության և այլնի մասին Միհրան Պողոսյանի գտնվածից ավելի բարձր վայրից խոսող Աննա Վարդապետյանը դժվար էլ կարողանար խոսել, որ մարդ էին սպանել, հայի, սպանողն ադրբեջանցի էր։ Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Ռուսաստանի այդ նույն դատախազն ուղարկել էր Բաքու։

Այո, ՀՀ կողմից հետախուզվող ադրբեջանցուն Ռուսաստանում հայտնաբերել և ուղարկել էին Բաքու, որտեղ նրան դիմավորել էին հերոսի պես, ինչպես Ռամիլ Սաֆարովին։ Ի՞նչ հարց է տվել այդ մասին Աննա Վարդապետյանը ՌԴ գլխավոր դատախազին, առհասարակ ՔՊ-ն չէ, ՀՀ  գլխավոր դատախազ ունի՞, իսկ միգուցե այդպես ձեռնտո՞ւ է Վարդապետյանին․ մեկ զեկույց վարչապետին պակաս կներկայացնի։

Կարելի է գնալ, Միհրան Պողոսյանից բարձրահարկ հյուրանոցի տեղ հարցնել, և ավելի բարձր տեղից ավելի բարձր գնահատել շրջանակի մեջ դրված դատարակությունը;


Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։ Դա Աննա Վարդապետյանին եթե մտահոգել է, ապա թող հայտնեն։ 
 

Ի դեպ, ուշագրավ է նաև Ռուսաստանի դատախազության հաղորդագրությունն Աննա Վարդապետյանի հետ հանդիպման մասին։ Հատկանշական է, որ ռուսական կողմը հաղորդագրությամբ հայտնել է միայն  Հայաստանից դատախազների վերապատրաստման մասին Կրասնովի արած առաջարկները։  Ռուսաստանի դատախազության ղեկավարն առաջարկել է առանձնահատուկ կարևորություն տալ գիտական և կրթական ոլորտում կապերի ամրապնդմանը: Տեսնես՝ ինչո՞ւ է այդ հարցով մտահոգվել ՌԴ դատախազը։ Աննա Վարդապետյանի ոչ մի բառ  տեղ չի գտել այդ հաղորդագրությունում։

Վերադառնալով Զեյնալիին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նրա՝ Բաքու վերադարձից հետո ասել էր․ «Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված՝ նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի իրավապահ մարմինների հետ»։

Անցել է մոտ ութ ամիս, ո՞րն էր գործողությունը, ՌԴ դատախազի մոտ լռե՞լը․․․

 

Բեթղեհեմ Արաբյան