Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը կարեւորել է երիտասարդների հետ հանդիպումը՝ փորձի փոխանակման, ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու տեսանկյունից

20:19, 18 նոյեմբեր 2024
Անահիտ Մանասյանը կարեւորել է երիտասարդների հետ հանդիպումը՝ փորձի փոխանակման, ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու տեսանկյունից
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին:  Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
 
 
Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից:
 
 
Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ են, Պաշտպանի հետ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը:
 
 
Անահիտ Մանասյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, որոնցից առաջինը իրավունքի քաղաքականացումն է, մասնագիտական էթիկայի ցածր մակարդակը:
 
 
Որպես լրջագույն խնդիր առանձնացվել են իրավաբան մասնագետների կողմից մասնագիտական էթիկայի սկզբունքների ու վարքագծի կանոնների խախտումների հաճախակի դեպքերը։
 
 
Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է համարում նաև այն, որ մեր հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված է իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։
 
 
«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի կողմից հրապարակային եղանակով ներկայացվում է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Անահիտ Մանասյանը:
 
 
Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ այն լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու և տեղեկատվություն փոխանակելու համար:
 
 
Ներկայացվել են նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը։
 
 
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 35 սան, այդ թվում` նախորդ հոսքերից: