Հետևեք մեզ։

Մոտ 40 օր է, ինչ Վարսերում կոյուղաջրերը ապականում են փողոցը, լցվում մարդկանց բակերը. Սևան համայնքի ղեկավարի օգնական

20:29, 18 նոյեմբեր 2024
Մոտ 40 օր է, ինչ Վարսերում կոյուղաջրերը ապականում են փողոցը, լցվում մարդկանց բակերը. Սևան համայնքի ղեկավարի օգնական

Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակներում ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ ՀՀ պետական բյուջեից «Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին»  28 միլիոն դրամ հատկացնելու մասին՝ Սևան համայնքի Վարսեր բնակավայրի սանիտարահիգիենիկ անբարենպաստ վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Սևան համայնքի ղեկավարի օգնական  Զավեն Հարությունյանը, ավելի քան 1 ամիս է, ինչ Վարսեր գյուղի շուրջ 100 մետր հատվածում, բնակավայրի ներսում, վթարվել է Սևան-Քաղսի կոյուղատար գիծը և կեղտաջրերն ապականում են շրջակայքը՝ հակասանիտարական իրավիճակ ստեղծելով շրջապատում։ 

 

«Արդեն մոտ 40 օր է, ինչ Վարսերում, բնակավայրի ներսում, վթարվել է Սևան-Քաղսի կոյուղատարը մոտ 100 մետր երկարության հատվածում։ Կոյուղաջրերը ապականում են փողոցը, լցվում մարդկանց բակերը կամ հողամասերը, գարշահոտություն տարածում շրջապատում։ Հարցը հրատապ լուծում էր պահանջում, որի համար էլ կայացվեց ՀՀ կառավարության համապատասխան որոշումը։ Հուսանք, որ հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն էլ չի ուշանա»,-նշեց Զավեն Հարությունյանը։