Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի հրաժարվել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մտադրությունից։ Իշխանական պատգամավորներն պատրաստվում են առաջիկայում նախագիծ կազմել և այն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ։
Թովմասյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հաջողություն է մաղթում ՔՊ խմբակցության անդամներին, քարտուղարին իրենց նախաձեռնություններում։ «Ես առանձնապես դժբախտություն չեմ համարում, որ հանձնաժողովի նախագահ չլինեմ, բայց մի բանում վստահ եմ, որ մենք այլևս որևե մեկի թեկնածությունը չենք առաջադրի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, և Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այս գումարման խորհրդարանում չի ունենա նախագահ»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Նրան հիշեցրինք, որ անցյալ տարի, երբ իր ընդդիմադիր գործընկերները կազմակերպված հրաժարվեցին հանձնաժողովի նախագահի և տեղակալի իրենց պաշտոններից, ինքը միակն էր, որ պահպանեց իր պաշտոնը, ինչի համար շատերն իրեն քննադատեցին, որ ինքը կառչած է այդ պաշտոնից, Թովմասյանն արձագանքեց․ «Հետո փոշմանեցին, որ քննադատել են, հետո ասացին, որ ամենաճիշտը Ձեր որոշումն էր։ Ես կարծում եմ, որ մենք պիտի հնարավորություն չտանք որևէ դեպքում, որ իշխանական խմբակցությունը կարողանա փաստարկված մեզ հանկարծ թիրախավորի»։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ