Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժինը հայտնում է, որ ավարտվել են միսիոներ Սյուզան Օրվիսի ֆոնդի գիտական մշակման աշխատանքները։
Սյուզան Օրվիսը միսիոներության իր առաքելությունը սկսել է երիտասարդ տարիքից։ Նախ` անդամակցել է Ամերիկյան համայնքապետական եկեղեցու և Արտերկրյա առաքելությունների ամերիկյան խորհրդին, ապա՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում ներգրավվել է Մերձավոր Արևելքի Օգնության Կոմիտեի ծրագրերում՝ փրկելով Կեսարիայում կոտորածներից մազապուրծ եղած քրիստոնյանների և Թիֆլիսում շուրջ 15 հազար որբ երեխաների։
Օրվիսի արխիվը ներառում է 944 միավորով 994 փաստաթղթեր, որոնք պարունակում են նրա կյանքի և գործունեության մասին մանրամասն տեղեկություններ։ Ուշագրավ են կոտորածներից փրկված երեխաների պատմություններն իրենց անցած ուղու, ծնողներին կորցնելու և հրաշքով փրկվելու մասին։
Արխիվում տեղ են գտել բազմաթիվ լուսանկարներ Օրվիսի ճամփորդություններից, միսիոներների հետ Թալասում անցկացրած տարիներից։ Շատ են որբ երեխաների, գյուղացի կանանց լուսանկարները և Թուրքիայի տարբեր քաղաքների տեսարաններն ու բնապատկերները։ Ուշադրության է արժանի մեզ հասած ալբոմը՝ Օրվիսի բացատրագրերով, որտեղ ներկայացված է Ադանայի և Թալասի դպրոցների առօրյան։
Արխիվում է պահվում նաև Ջուլի Օրվիսի նամակն ուղղված Մատենադարանին՝ Սյուզան Օրվիսից ժառանգած արխիվային փաստաթղթերը և լուսանկարները Մատենադարանին նվիրաբերելու և տեղափոխման հարցերում աջակցելու մասին։