Հետևեք մեզ։

Flyone Armenia ավիաընկերությանը թույլ չի տրվել վայրէջք կատարել Դուբայում․ ուղևորները 6 ժամ սպասել են ինքնաթիռում. «Հետք»

19:32, 08 մայիս 2023
Flyone Armenia ավիաընկերությանը թույլ չի տրվել վայրէջք կատարել Դուբայում․ ուղևորները 6 ժամ սպասել են ինքնաթիռում. «Հետք»

Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 13:10-ին, բայց Դուբայ հասել է երեկոյան ժամը 19:46-ին, գրում է «Հետքը»։

 

Կարենի կինը՝ Շուշաննա Սայադյանը, մինչ երեկո չի կարողացել խոսել ամուսնու հետ։ Կեսօրին՝ 14:30-ին, ամուսնու հեռախոսահամարից մի քանի զանգ է ստացել, բայց խոսել չի հաջողվել, կինն ավելի է անհանգստացել, այդ ընթացքում զուգահեռաբար փորձել է կապ հաստատել նաև ավիաընկերության հետ, բայց՝ անօգուտ։

 

Երեկոյան ժամը 20։00-ից հետո, երբ Կարեն Գասպարյանը հասել է հյուրանոց, պատմել է կնոջը, որ դեռ չհասած Դուբայի օդային սահման՝ ինքնաթիռը հետադարձ է արել ու վայրէջք կատարել Իրանում՝ «Շիրազ» օդանավակայանում։

 

«Իրենք 6 ժամ սպասել են ինքնաթիռում, քանի որ չեն թողել Դուբայ մտնել, հետո ես մտա օնլայն նայեցի ու տեսա, որ այն ինքնաթիռը, որը մեկնել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության անունից, նույն ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը և թռել արդեն որպես «Mongolian airways», այդպես նրանց մուտքը Դուբայ չի արգելվել»,- պատմում է Շուշաննան։

 

Կարենը կնոջն ասել է, որ ինքնաթիռում նրանց անվճար սնունդ չեն տվել, վաճառել են ինքնաթիռում եղած սնունդը՝ չնայած որ ավիաընկերության պատճառով է եղել չնախատեսված վայրէջքը Իրանում, իսկ ուղևորներին ինքնաթիռից դուրս գալ չեն թույլատրել, Կարենն էլ կնոջ հետ խոսել չի կարողացել, մինչդեռ ավիաընկերության հրապարակման մեջ նշվում է, որ կանգառի ժամանակ «FLYONE ARMENIA» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։

 

Ըստ Կարենի՝ նրանք 3 ժամ սպասել են, մինչև Հայաստանից գումար փոխանցեն, որ ինքնաթիռը կարողանան լիցքավորել։

 

Թռիչքից առաջ ավիաընկերությունը (այս դեպքում` «FLYONE ARMENIA»-ն) դրա թույլտվության համար դիմում է իր երկրի ավիացիոն իշխանություններին, իսկ դրանից հետո նաև այն երկրներին, որոնց երկինք մտնելու է օդանավը թռիչքի ընթացքում։ Այսինքն, կարգի համաձայն, թռիչքից առաջ ավիաընկերությունը նախապես պետք է ունենա այն երկրների համաձայնությունը, որոնց օդային տարածք մտնելու է։

 

«Հետքը» դիմել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանին, վերջինս պատասխանել է գրավոր, ապա գրավոր նամակը ստանալուց հետո, նույն պատասխանը՝ որպես ավիաընկերության կողմից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն, տարածվել է մամուլում։

 

Ավիաընկերության մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև։

 

Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջք կատարելու վերաբերյալ տեղեկությունը։

 

FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան-Դուբայ-Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում, մինչև խնդրի պարզաբանումը։

 

Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։

 

Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր-ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում։