Դա մեր բոլորի պարտությունն է, ոչ իշխանության, ոչ կոնկրետ անհատի, դա հայ ժողովրդի և մեր ընդհանուր ազգի պարտությունն է․ Այս մասին այսօր «Հաղթանակի» զբոսայգում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով Hayastan.news-ի այն դիտարկմանը, թե իրենց իշխանության օրոք Շուշին հանձնվեց, իսկ այսօր իրենք եկել Շուշիի ազատագրման օրն են նշում։
Դիտարկմանը՝ ձեր իշխանության օրոք է դա տեղի ունեցել, Քյարամյանն արձագանքեց․ «Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա։ Շուշիի անկման գործով քրեական գործի քննությունն ավարտվել է, գտնվում է դատաքննության փուլում»,-ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ էիք անում այդ օրերին Շուշիում, Քյարամյանը պատասխանեց․ «Որպես կամավոր էի էնտեղ, ուրախ կլինեի, որ շատերը այնտեղ լինեին, այդ ժամանակ գուցե չկորցնեինք Շուշին»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետին խորհուրդ չի՞ տալիս չխոսել, քանի որ վարույթում նախաքննական գաղտնիքներ կան, Քյարամյանը պատասխանեց․ «Ես պարոն վարչապետին խորհուրդներ տալու կամ ընդհանրապես այդ հարցերով շփվելու իրավասություն չունեմ: Մեր գործունեությանը պարոն վարչապետը երբեք չի խանգարել, ես էլ որեւէ մեկին չեմ զեկուցում»:
Անդրադառնալով 11 հազար դասալիքների մասին հայտարարություններին՝ Քյարամյանը հրաժարվեց թվեր հայտնել․ «Հայաստանում կան բազմաթիվ քրգործեր հարուցված դասալքության, տարբեր թեմաներով, ես չէի ուզենա դրան անդրադառնալ: Թվեր չեմ ասի»: