Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում պատմում է, թե ինչպես է Բաքվում COP29 համաժողովի ժամանակ դարձել Ադրբեջանի իշխանամետ շրջանակների հարձակումների թիրախը։ Փալոնը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության իր տեսլականը և շեշտում՝ Հայաստանը պատմության ընթացքում մշտապես մենակ է եղել և այսօր էլ հույսը պետք է դնի բացառապես իր վրա։
– Դուք հենց նոր եք վերադարձել Բաքվից: Պատմեք մեզ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Կարծես թե, քաոտիկ իրավիճակ էր տիրում. ադրբեջանցի պետական գործակալները փորձել են խոչընդոտել ձեր աշխատանքը, անգամ՝ սպառնացել Ձեր ֆիզիկական անվտանգությանը:
– Ես այնտեղ էի հիմնականում COP29-ի՝ կլիմայի հարցով կոնֆերանսի համար, բայց նաև ցանկանում էի օգտագործել այդ հնարավորությունը՝ փորձելու տեղ հասցնել Հայաստանի մտահոգությունները: Ակնհայտ է, որ չեմ ցանկանում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիա: Դա էր հիմնական նպատակը, բայց նաև՝ գերիների ազատ արձակումը։ Նախագահ Ալիևը հակված չէ այս ամենն անելու։ Նա համաձայնեց հանդիպման: Մենք փորձեցինք կազմակերպել հանդիպում COP-ում ԱՄՆ պատվիրակության հետ, և նա համաձայնեց պայմանով, որ ես չլինեմ այնտեղ։
Բայց հիմնական խնդիրը, որին բախվեցի, այն էր, որ ժամանելուն պես և կոնֆերանսի ընթացքում մոտ 20-30 այսպես կոչված լրագրողներ, նույնիսկ չգիտեմ՝ արդյոք նրանք իսկապես լրագրողներ էին, իրենց IPhone-ներով համակարգված ձևով փորձում էին ինձ հետապնդել: Իրավիճակն իսկապես վատթարացավ, երբ մենք վերադարձանք հյուրանոց՝ Marriott, առաջին գիշերը։ Այնտեղ ցուցարարներ էին հավաքված, իբր թե ցուցարարներ, որոնք ֆիզիկապես սպառնում էին ինձ: Եթե չլինեին ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները, հավանաբար նրանք ինձ կծեծեին, և ես կհայտնվեի հիվանդանոցում:
Այս ամենը կազմակերպված էր: Եվ ես գիտեմ դա, քանի որ մենք շփումներ ունեցանք Ադրբեջանի ոստիկանության հետ, որտեղից մեզ ասացին, որ այս ամենը կազմակերպված էր կառավարության կողմից. իրական բողոք չէր: Ասեմ, որ երբ լրագրողները փորձում էին հարձակվել ինձ վրա, համակարգում էին իրենց ասելիքը՝ «Փալոն, գնա տուն», «Փալոնը լոբիստ է, որին վճարում է Հայաստանը»:
Եվ երբ մենք հասանք հյուրանոց, բազմաթիվ մուտքեր կային, որոնք կարող էինք օգտագործել գլխավոր մուտքի փոխարեն, որտեղ ցուցարարներն էին կանգնած: Բայց հյուրանոցից, որը պատկանում է կառավարությանը, ասացին, որ մենք չենք կարող օգտվել դրանցից: Մենք պետք է անցնեինք գլխավոր մուտքով, ինչը, իհարկե, նշանակում էր հանդիպել այսպես կոչված ցուցարարների հետ: Այսպիսով, համակարգված գործողություն էր իմ դեմ։
Ափսոս, քանի որ մենք՝ ես և հայկական հարցերով հանձնախմբի մյուս անդամները, թե՛ Պալատում, թե՛ Սենատում, թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները, Բաքու մեկնելուց առաջ լուրջ ջանքեր էինք գործադրել՝ ցույց տալու, որ սա հնարավորություն է Ադրբեջանի համար Հայաստանի հետ խաղաղության հասնելու իր մտադրությունն ապացուցելու համար։
Նրանք կարող էին վերադարձնել բանտարկյալներին, որոշակի առաջընթաց արձանագրել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Եվ շատ բան կարծես թե շարժվում էր այդ ուղղությամբ երկու-երեք շաբաթ առաջ, բայց հետո՝ վերջին շաբաթվա ընթացքում, ամեն ինչ փլուզվեց: Մենք տեղեկացանք, որ դրանից մի քանի օր առաջ նախագահ Ալիևը ինչ-որ միջոցառման ժամանակ քննադատել էր ֆրանսիական և հոլանդական պատվիրակություններին: Եվ դրան ի պատասխան՝ նրանք որոշեցին նույնիսկ չմասնակցել կոնֆերանսին:Կարծում եմ՝ սա կորսված հնարավորություն էր: Իսկապես այդպես էր:
Եվ երբ հանդիպումն Ալիևի հետ տեղի ունեցավ առանց ինձ, Կոնգրեսի անդամները բարձրացրին նույն հարցերը, որոնք ես կբարձրացնեի՝ մենք չենք ցանկանում ռազմական նոր ագրեսիա և ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր:
Ալիևը պարզապես անտեսեց այդ ամենը և մեղադրեց Հայաստանին՝ ասելով. «Դե, Հայաստանն է սադրիչը, Հայաստանն է ագրեսորը», «Հայաստանն էր ագրեսոսրը Արցախում, շարունակում է այդպիսին մնալ», «ես խաղաղասեր մարդ եմ», «պատճառը Հայաստանն է, որ խաղաղության պայմանագիր չի կնքվում»։
– Ի՞նչն է, Ձեր կարծիքով, նրանց դրդել օգտագործել այս տեսակի ահաբեկման մարտավարություն: Դա բավականին հանդուգն էր, այդպես չէ՞։
Ադրբեջանի կառավարությունը բռնապետություն է: Իմ կարծիքով՝ նրանք իշխանության են մնում, որովհետև օգտագործում են Հայաստանի կերպարը որպես թշնամի:
Թեև շատ ժամանակ չունեի սովորական մարդկանց հետ խոսելու, բայց ինձ համար պարզ էր նույնիսկ մի քանի զրույցներից ադրբեջանցիների հետ, որ նրանք չեն սիրում կառավարությունը: Նրանք կարծում են, որ կառավարությունը բռնապետություն է: Կառավարությունն իրականում տնտեսապես չի օգնում իրենց: Նավթային ամբողջ գումարը գնում է կա՛մ օլիգարխներին, կա՛մ հարուստ մարդկանց:
Ալիևը շարունակում է Հայաստանը ներկայացնել որպես մշտական թշնամի, գուցե այն վախից դրդված, որ եթե խաղաղություն լինի և Հայաստանն այլևս թշնամի չլինի, նա այլևս չի կարող իշխանության մնալ:
Բայց Ադրբեջանը կարող էր շարժվել դեպի ժողովրդավարություն կամ առնվազն չունենալ այսպիսի բռնապետ: Սա դասական դեպք է, հաճախ է պատահում բռնապետների հետ, չէ՞: Նրանք հորինում են արտաքին թշնամի՝ իրենց գոյությունն արդարացնելու համար:
Կարծում եմ՝ հենց սա է խնդիրը, որին բախվում ենք: Եվ ամեն անգամ, երբ հայկական կառավարությունը կարծում է, որ առաջընթաց է գրանցում, օրինակ՝ COP-ից առաջ, ամեն ինչ է տապալվում է հենց այս պատճառով: Բայց պետք է շարունակենք ջանալ, որովհետև տարածաշրջանին խաղաղություն է պետք: Եթե մենք կարողանայինք ազատ արձակել բանտարկյալներին, եթե Ադրբեջանը ստորագրեր խաղաղության պայմանագիրը, դուրս բերեր իր զորքերը Հայաստանի գրավված տարածքներից, բոլորը կշահեին խաղաղությունից: Բայց այդ ամենն այնքան էլ հեշտ չի լինի, ցավոք, ելնելով իմ վերջին փորձից:
– Նշեցիք, որ Ձեզ հաջողվեց փրկվել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցների շնորհիվ: Ի վերջո, սա հարձակում է ԱՄՆ կոնգրեսականի վրա: Ի՞նչ պատասխան են պատրաստում Միացյալ Նահանգները:
Դե, կարծում եմ, որ դեսպանատունը չէր ակնկալում նման բան։ Բոլորս անակնկալի եկանք։ Երբ ժամանեցի, բոլորս կարծում էինք, որ Ալիևի հետ հանդիպման հնարավորություն կարող է լինել։
Չեմ ուզում քննադատել որևէ մեկին։ Գիտեմ, որ ԱՄՆ դեսպանատունը բողոքել է կամ տեղեկացրել է Պետդեպարտամենտին և Ադրբեջանի կառավարությանը, որ սա անընդունելի էր:
Բայց անկեղծ ասած՝ ես, և գուցե սա իմ անձնական մոտեցումն է, ավելի շատ հետաքրքրված եմ խաղաղության համաձայնագրի առաջխաղացմամբ, քան այն փաստով, որ ինձ վատ են վերաբերվել: Ես երկար ժամանակ է՝ ներգրավված եմ Հայկական հարցերով հանձնախմբում: Նպատակս է՝ փորձել հասնել խաղաղության այս տարածաշրջանում, ոչ թե շարունակել ասել՝ «օ՜, դուք վատն եք, որովհետև փորձեցիք ծեծել ինձ»:
– Ուշագրավ է, որ Դուք առանձնանում եք ԱՄՆ-ի քաղաքական միջավայրում, քանի որ բացահայտ խոսում եք Արցախում անցյալ տարի տեղի ունեցած էթնիկ զտման մասին, բարձրաձայնում եք 110 000 մարդու՝ տուն վերադառնալու իրավունքը: Մենք տեսանք, թե ինչպես աշխարհը համախմբվեց Ուկրաինայի շուրջ, որը պայքարող երիտասարդ ժողովրդավարություն է՝ ընդդեմ ավտորիտար, նավթով հարուստ հարևանի: Այստեղ ունենք զուգահեռ իրավիճակ, և Հայաստանը չի տեսնում այդ համերաշխության գոնե փոքր տոկոսը: Ես խոսում եմ որպես մեկը, ով մեծացել է Արևմուտքում, որպես մեկը, ով հավատում է արևմտյան արժեքներին, ով հավատում է ազատության ջահը բարձր պահելուն, Միացյալ Նահանգներին՝ որպես փարոս։ Ի՞նչ ուղերձ ենք մենք հղում աշխարհին, եթե Բաքուն չի պատժվում մի տարածաշրջանի էթնիկ զտման համար, որտեղ հայերը բնակվել են 3 000 տարի անընդմեջ:
– Գիտեմ, որ շատ ցինիկ է հնչելու, բայց, գիտեք, դուք և ես ուսումնասիրել ենք հայոց պատմությունը, բայց եկեք 1 000, 2 000 կամ 3 000 տարի հետ գնանք:
Հայաստանը սովորաբար մենակ է եղել, չէ՞, ոչ ոք իրականում չի օգնել նրանց: Ոչ ոք իրականում չի եկել նրանց օգնության: Նրանք միշտ մենակ են:
Ես շարունակելու եմ պնդել, որ ԱՄՆ-ը պետք է էթնիկ զտման դեմ հանդես գա, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա վերադառնալու, խաղաղ կյանք վարելու Արցախում: Բայց ԱՄՆ-ն էլ չի հաջողել այս հարցում, Ռուսաստանն էլ, Իրանն էլ։ Պարզապես այդպես է:
Ինձ համար ամենակարևորն այն է, որ երկու երկրները կարողանան ինքնուրույն հասնել խաղաղության որևէ համաձայնագրի, որովհետև նրանցից որևէ մեկը՝ Հայաստանը կամ Ադրբեջանը, չեն կարող հույս դնել որևէ մեկի վրա: Գիտեք, գերտերությունները միշտ իրենց գործերով են զբաղված: Նրանք երբեք մտահոգված չեն Հայաստանով: Մենք կշարունակենք ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, բայց սա խնդրահարույց տարածաշրջան է, այդպիսին է եղել 3 000 տարի. դուք պետք է պարզապես ձեր գլխի ճարը տեսնեք, անկեղծ ասած:
Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն, կրկին, ես կասեի, որ խաղաղության որևէ համաձայնագիր, կարծում եմ, լավագույն ճանապարհն է դրա համար։