Հայաստանի վիճակագրական կոմիտեն արձագանքել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն պնդմանը, որ բուսաբուծության վերաբերյալ տվյալների հավաքման մեթոդաբանությունը 20 տարվա վաղեմության է, և որևէ նոր կարողություն ու մեթոդաբանություն Վիճակագրական կոմիտեում չի գեներացվել։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության և պարենային անվտանգության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը պարզաբանում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունների վերաբերյալ։ Արսեն Ավագյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․
«Նախ նշեմ, որ բարձրացված հարցադրման պարզաբանումները գտնվում են տեղեկությունների հավաքման երկու հարթություններում, իսկ թե ընդհանրապես ՀՀ–ում բուսաբուծության վերաբերյալ տեղեկությունների ինչ աղբյուրներ գոյություն ունեն և դրանցից որը պետք է ընտրել, չի նշվում։
Առաջինը վերագրվում էր այն մեթոդին, որ բուսաբուծության վերաբերյալ վիճակագրական տվյալները իբրև թե ստացվում են մարզպետներին և համայնքապետարաններին զանգելով, իսկ երկրորդը, որ «համայնքապետերն էլ ստիպված հարցնում են վարչական ղեկավարներին, վերջիններս էլ, իրենց ճաշակով, իրենց ունեցած տեղեկատվությանը և գիտելիքներին, հաճախ նաև գյուղում առկա խոսակցություններից ելնելով ինչ-որ թվեր են ներկայացնում»։
Իսկ թե ընդհանրապես ՀՀ-ում բուսաբուծության վերաբերյալ տեղեկությունների ինչ աղբյուրներ գոյություն ունեն և դրանցից որը պետք է ընտրել, չի նշվում։
Առաջին հարթության հարցադրման վերաբերյալ պարզաբանումները, որով հերքվել է զանգերի միջոցով տեղեկությունների հավաքումը, Ձեզ ներկայացվել են նոյեմբերի 27-ին տրված հարցազրույցում՝ համապատասխան փաստարկներով և հղումներով։
Երկրորդ հարթության հարցադրումը վերաբերում է տեղեկությունների սկզբնական աղբյուրին, որպիսիք են շուրջ 317 հազար գյուղաբնակ գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիները։ Այդ կապակցությամբ նախ և առաջ կարևորվում է վարչական հաշվառումների հարցը, որը կապված է ներտնտեսային հաշվառման և հաշվետու լինելու պարտավորության հետ՝ շաղկապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվող բոլոր տեսակների շահադրդման (մոտիվացիայի) գործիքակազմերին։ Այդպիսի պարտավորություն սահմանող իրավական ակտ է եղել ՀՀ-ում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը (Ն-0242-1, ընդունված ՀՀ ԳԽ 22․01.1991թ., ՀՀ ԳԽՏ 1991/2, տե´ս օրենքը հետևյալ հղման ներքո https://www.arlis.am/documentview.aspx?docid=77)։ Այդ օրենքի հոդված 1-ի առաջին պարբերությամբ սահմանված էր, որ «Գյուղատնտեսական գործունեությունը գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունն ապահովող տնտեսավարման ձև է:» Հոդված 2-ի առաջին պարբերությամբ սահմանված էր, որ «Գյուղացիական տնտեսությունը քաղաքացիների սեփականության հիման վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունը ապահովող ինքնուրույն կազմակերպական միավոր է»: Հոդված 16-ով սահմանված էր, որ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է հարկային քաղաքականության միջոցով, իսկ հողօգտագործման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները վարում են տնտեսություններում կատարվող ծախսերի գրանցման և եկամուտների ձևավորման ու օգտագործման վերաբերյալ տեղեկագրեր:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները իրենց տարեկան գործունեության արդյունքների մասին ներկայացնում են հայտարարություն (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:»։
Վերը հիշատակված օրենքի նշված և մի շարք այլ հոդվածների կիրառման անհրաժեշտության մասին բազմիցս դիմվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ նշելով, որ առանց այդ դրույթների կամ այդ դրույթների արդիականացված տարբերակների հնարավոր չէ գործունակ դարձնել այդպիսի անհատական տնտեսություններում ներքին հաշվառում իրականացնելու շահադրդումը (մոտիվացիան), հետևաբար և Գյուղատնտեսության նախարարությունում գյուղատնտեսության վարչական ռեգիստրի ձևավորումը։
Խնդրի լուծումը, ցավոք, ընթացավ վերոնշյալ օրենքը 2006թ.-ի նոյեմբերի 28-ին ուժը կորցրած ճանաչվելու ուղղությամբ (տե´ս օրենքը հետևյալ հղման ներքո https://www.arlis.am/documentview.aspx?docid=29594, հոդված 3, կետ 4))։
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով Արմստատի և վերջինիս կառավարման բարձրագույն մարմնի՝ Վիճակագրության պետական խորհրդի տիրույթում չէ այնպիսի իրավական ակտի մշակումը, որը հիմք կհանդիսանա գյուղատնտեսությամբ զբաղվող անհատական տնտեսություններին պարտավորեցնել վարելու ներքին հաշվառում և հաշվետու լինել համապատասխան վարչական լիազորության տիրապետող մարմնին, վերջինիս կողմից անվանական հասցեական տեղեկատվական հիմքով վարչական ռեգիստր ձևավորելու նպատակով, ինչի փիլիսոփայությունը ներառված էր վերոհիշյալ ուժը կորցրած օրենքում, որով գյուղատնտեսությունն իր բնույթով համարվում էր ապրանքային արտադրություն, հետևաբար ենթակա էր վարչական հաշվառման։ ՀՀ Սահմանադրության 6–րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։»։ Ինչպես նշվեց, «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով Արմստատի համար այդպիսի լիազորություն սահմանված չէ։
Վարչական հաշվառման բացակայությամբ է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանության, այդպիսի տնտեսություններում զբաղվածների բացարձակ մեծամասնությունը՝ 2022թ․–ին 97.1%–ը, Հայաստանում համարվում է ոչ ֆորմալ զբաղվածներ (տե´ս «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2023» վիճակագրական ժողովածուն հետևյալ հղման ներքո https://www.armstat.am/file/article/lab_market_2023_4.3..pdf, էջեր 241, 248)։
Նշված հարցի կարևորությանը բազմիցս անդրադարձել են նաև ոլորտի միջազգային փորձագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպումների և քննարկումների ժամանակ՝ նշելով, որ գյուղատնտեսական ապրանքային արտադրանքի մասին ներքին հաշվառում վարելու և հաշվետու լինելու պարտավորությունը շահադրդելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել և իրավական ակտով սահմանել ազգային չափորոշիչներ հողերի մակերեսների և անասնագլխաքանակների վերաբերյալ, դրանք կապելով, օրինակ, պետական սուբսիդիաների հետ։ Նշվածի հիման վրա էլ կձևավորվեն ոլորտային վարչական ռեգիստրները։
Արդյունքում, 2008թ.–ից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձևավորեց ձկնորսության, իսկ 2013թ.–ից՝ անասնաբուծական արտադրանքի վարչական ռեգիստրները։
Բուսաբուծության ամփոփ վարչական ռեգիստրի բացակայության պայմաններում, համայնքների վարչական ռեգիստրից իրավական ուժ ունեցող վիճակագրական հաշվետվություններով հավաքվող տվյալների որակի ստուգման նպատակով իրականացվող ընտրանքային դիտարկումների շրջանակը 2017թ.–ի 7440 անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններից 2018թ.–ին դարձել է 12090 միավոր։ Ընդ որում, այդ ընտրանքի համար հիմք հանդիսացող գլխավոր համակցության արդիականացումն իրականացվել է ՀՀ 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքներով։ Բացի այդ, հավաքվող տվյալների ցանկի ընդլայնման և տվյալների որակի ստուգման նպատակներով ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ 2019-2020թթ.–ին իրականացվել է գյուղատնտեսական ինտեգրված հետազոտություն (AGRIS), որում ներառվել էին 4500 միավոր անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններ և այլն»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ բուսաբուծության վերաբերյալ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը 20-ամյա վաղեմության է և ոչ մի կերպ չի ենթարկվում փոփոխությունների։ «Ինչպես է վիճակագրական կոմիտեն հաշվառել բուսաբուծության տվյալները։ Վիճակագրական ծառայությունից ասում են՝ դե քանի որ չգիտենք հաշվելու ձևը, զանգում ենք մարզպետարաններ, ասում ենք մեզ ասեք։ Մարզպետարանները իրենց հերթին համայնքապետարաններին են հանձնարարում, համայնքապետարաններն էլ որտեղի՞ց իմանան, թե ինչքան է աճել։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, մեղադրում եմ միայն վիճակագրական ծառայությանը։ Համայնքապետարաններն էլ հանձնարարում են վարչական ղեկավարներին։ 10-ից ավել վարչական շրջանի ղեկավարի հետ եմ խոսել, ասել եմ՝ ինչպե՞ս եք տվել, ասում են ուղղակի հնարավորություն չունենք, ո՛չ գիտելիք կա, ո՛չ մեթոդաբանություն կա»,- ասել է Պապոյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարները հիմնվում են նրա վրա, թե գյուղացիները ինչ են խոսում, օրինակ, գյուղամեջում նարդի խաղալուց․ եթե ասում են, որ, օրինակ, այս տարի գյուղում պոմիդորի արտադրությունը նվազել է 10 տոկոսով, վարչական ղեկավարներն էլ գրում, ներկայացնում են, որ գյուղում պոմիդորի արտադրությունը նվազել է 10 տոկոսով։
Նախարարն ասել է, որ 20 տարի առաջ, երբ ինքն ուսանող էր, այդ նույն մեթոդաբանությունն էր կիրառվում, և դա ծիծաղելի էր դեռ 20 տարի առաջ։ «20 տարվա ընթացքում վիճակագրական ծառայությունում ոչինչ չի փոխվել, ոչ մի նոր կարողություն և մեթոդաբանություն չի գեներացվել։ Մեր երկրում 20 տարվա ընթացքում ամեն ինչ փոխվել է, բացի վիճակագրության հաշվառման մեթոդներից»,- ասել է Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այս սիրողական մակարդակի վիճակագրությունը, որը վարվել է դեռ 20-25 տարի առաջ վիճակագրական կոմիտեում, շարունակվում է վարվել նաև հիմա՝ ուղղակի, երևի, նոր համակարգիչներով։ «Սա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է, որովհետև ես չեմ կարող քաղաքականություն վարել՝ առանց հստակ տվյալներ իմանալու»,- ասել է նախարարը։