Հետևեք մեզ։

Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ` 80 տոկոս

18:34, 03 դեկտեմբեր 2024
Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ` 80 տոկոս

Տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, ՀՀ շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին օղակի. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները:

 

Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում և բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Ըստ նրա` որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում` ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից:

 

Մնացական Սաֆարյանը նշել է, որ դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: «Օրենսդիրը պետական ծառայության պաշտոնների համար նախատեսել է հավելավճար` հստակ սահմանելով այդ հավելավճարի դեպքերը և չափը: Նախատեսվել է նաև բացառություն` մի շարք պաշտոնների վրա չտարածելով հավելավճարի` 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը, օրինակ` Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ և դատավոր, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ և այլն: Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվում են հավելավճարներ, որոնք սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափն աճում է 1 տոկոսով»,- ասել է նա:

 

Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերը նշված բացառության մաս չեն կազմում: Ուստի, առաջարկվում է նրանց եւս ներառել վերոնշյալ ցանկում:

 

Կառավարությունն առաջարկում է դիվանագետի` յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ` 80 տոկոս:

 

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ քննարկվող նախագիծը կոչված է էապես բարելավելու դիվանագիտական ծառայություն իրականացնող անձնակազմի այն սոցիալական երաշխիքները, որոնք վերջիններիս թույլ են տալիս իրականացնել արժանիքահեն մասնագիտական աշխատանք: Հանձնաժողովի նախագահի խոսքով բավականին երկար ժամանակ վերոնշյալ անձանց վարձատրությունը փոփոխության չի ենթարկվել: Նա, կարևորելով նախագծի ընդունումը, ընդգծել է, որ նույնիսկ առաջարկվող փոփոխությունների պարագայում չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ դիվանագիտական ծառայություն իրականացնողը կկարողանա լուծել իր առջև ծառացած բոլոր հիմնական խնդիրները: