Հետևեք մեզ։

Վա՜յ, անիծվես դո՛ւ սմս հնարող․ Հովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը»

20:04, 17 դեկտեմբեր 2024
Վա՜յ, անիծվես դո՛ւ սմս հնարող․ Հովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը»

ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը» վերնագրով:

Նա Facebook-ի իր էջում մի հատված է հրապարակել այդ գրքից, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Հատված իմ «Երկրի իրական կողմը»գրքից.

 

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

Երբևէ ինձ ուղղված ամենահաճախ հնչեցրած հարցը․

-Պարոն Աղազարյան, Դուք մեղք չե՞ք գործել։

-Ո՞նց կարելի է ապրել այս մեղավոր աշխարհում ու մեղք գործած չլինել։

-Բա ինչո՞ւ չեք գնում եկեղեցի ապաշխարելու։

-Որովհետև ես նախընտրում եմ ապրել իմ մեղքի հետ, որ երբևէ,գոնե նման իրավիճակներում նույն մեղքը չգործեմ։Մի՞թե ավելի ճիշտ չէ այդպես, քան գնալ եկեղեցի ապաշխարել ու հաջորդ պահին նույն մեղքը գործել։ Ինչի՞ մասին եմ խոսում։ Հա, մեղքերի։

Բայց ի՞նչի հիմա, էլ բան ու գործ չունե՞մ։ Բան ու գործ միշտ ունեմ, ուղղակի պահի թելադրանքն է՝ մտորելու, անցյալ գնալու ու վերադառնալու առիթ։

Իմիջիալյոց, ես վերջերս հայտնագործություն եմ արել․ մենք բոլորս, բոլորս անցյալից ենք եկել և ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի եկել ապագայից։ Ինչպիսի՜ դաժան հաստատում։ Մտքերի մեջ ես, ու ընկնում ես հիշողությունների գիրկը։ Բա ինչի՞ ես մտքերի մեջ՝ հեռախոսս բաց-բաց, հոգիս բաց-բաց, սիրտս ու կյանքս մերկ դրված է ուրիշների առաջ։

․․․ Դպրոցում լավ էի սովորում, նույնիսկ, կարելի է ասել՝ գերազանց։ Հետաքրքիր տղա էի․․․ Մեր դպրոցում ինձանից 3-4 տարի փոքր մի տղա կար, անունը՝ Կարիկ։ Դե, հիմա, իսկական անունը հնարավոր է Կարեն էր, բայց բոլորը Կարիկ էին ասում, դե ես էլ էի Կարիկ ասում։ Մտավոր խնդիրներ ուներ, բայց, երբ խոսում էիր հետը, ու ուղիղ նայում էր աչքերիդ, կարող էր թվալ, որ ոչ թե ինքը, այլ դու ունեիր խնդիր։ Տարիքի հետ խնդիրները խորանում էին, և այդ իրավիճակը պատճառ էր դառնում, որ հասարակությունը դուրս մղի իրեն իր շարքերից, իսկ ինքը դա չէր ուզում և բազմապիսի քայլերով ու հնարքներով փորձում էր կառչած մնալ հանրությունից։ Տպավորություն կար, որ ինքը լիովին հասկանում էր իր վիճակը, գնահատում էր իրավիճակի ծանրությունը և անընդհատ լուծումներ էր փնտրում։ Գյուղամիջի ակտիվ ժամերի համար մի զբաղմունք էր հորինել՝ բոլորի հետ թիզ էր չափում, որ պարզի, թե ու՞մ թիզն էր մեծ։ Ի՞նչ կապ ունի այս ամենը «մեղքի» հետ։Հա,՜ հա՜, հիշեցի՝ մեծ կապ, դուք էլ համբերեք, եթե շտապու՞մ եք , գնացեք ձեր գործերով, հետո կկարդաք։

«Թիզ» չափել։ Ի՞նչ էր սա։ Սա մի ամբողջ աշխարհ էր․ շփում հասակակիցների հետ, տարբեր թեմաներով խոսելու առիթ, լինել բոլորի նման հավասար, բոլորի հետ քեզ մարդ զգալ։ Երևի թե սրանով էր պայմանավորված Կարիկի այդքան հանճարեղ գաղափարը՝ «թիզ» չափելը։ Մի երկու օր գյուղամիջում չէի հանդիպել Կարիկին։ Կիրակի օր էր, հասա գյուղամեջ՝ կլուբի մոտ տեսա իրեն, զրույցի բռնվեցինք։ Մեծամտություն չհամարեք , բայց ակնհայտ էր, որ իմ հետ հատուկ էր շփվում՝ հարգանքով։ Գեղեցիկ, սև խոշոր աչքերից երևում էր, որ անկեղծորեն իմ անձը բարձր էր գնահատում։ Մի երկու բառ փոխանակեցինք, հետո հարցրեցի․

-Կարիկ ջան, «թիզ» չչափե՞նք։

- Ես էլ թիզ չե՛մ չափում,- պատասխանեց խորը վիրավորվածության զգացողությամ, թե ես խի՞ տեղյակ չեմ աշխարհի անցուդարձից։ Հիմարացած մի երկու բառ կմկմացի քթիս տակ՝  չիմանալով,թե ինչպես դուրս գամ այդ ճնշող իրավիճակից։

-Ես հիմա «փիլաքյան» եմ թռնում, - դառնացած ասաց Կարիկը ու նեղացած հեռացավ։

Այս խոսքերի վրա մի հատ  գնամ 2010 թվական ու հետ գամ։

Ընտանիքով Սանկտ Պետերբուրգում էինք։Արդեն տաս տարի։Թե ինչու էինք Սանկտ Պետերբուրգում, դա ուրիշ պատմություն է։Էինք և վերջ։ Մի օր ընթրիքի ժամանակ ընտանիքիս անդամներին հայտնեցի, որ պատրաստվում եմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ բնականաբար Հայաստանում։ Գաղափարը ցնորական էր, բայց մտածված։ Արդեն 50 տարեկան էի և բազմահազարանոց պարտքերս գրեթե փակել էի, ու կարող էի ինձ շքեղություն թույլ տալ և վերադառնալ Հայաստան։Չեմ կարծում թե միայն ինձ է հատուկ այն զգացողությունը, որ ուզում ես օգտակար լինել հայրենիքիդ։Ունենալով լայն հնարավորություններ, առանց որևէ քաշքշուկի ու նյութական ծախսերի դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ մեկ վայրկյան անգամ չեմ մտածել այդ մասին։ Անպայման պետք է վերադառնայի Հայաստան․ ե՞րբ, հստակ չգիտեի, գիտեի,որ պիտի։

Իհարկե, ես գիտեի, որ ինձ չեն գրանցի որպես նախագահի թեկնածու, որովհետև նստակյացության ցենզս չէր բավարարում։ Բայց մինչև գրանցվելը կար առաջադրումների փուլ,մեկ էլ մյուս, ինչը ես պետք է օգտագործեի մի քանի հարցազրույցներով ժողովրդին իմ մասին հիշեցնելու համար, ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու նպատակով։ Ու հիմա հիշում եմ, որ ընտանիքում այդ գաղափարը հնչեցրեցի նույնքան լուրջ, որքան Կարիկն ուղիղ նայելով աչքերիս ասաց, որ ինքն արդեն «թիզ» չի չափում, արդեն «փիլաքյան» է թռնում։ Ես էլ ընթրիքի ժամանակ ասացի, որ էլ չեմ ուզում «շպակլյովկա» անեմ, գնում եմ նախագահ դառնամ։ «Շպակլյովկայի» պահով մի պատմություն կա իմ կյանքում։ Մեկ ուզում եմ շարադրեմ մտքերս այդ թեմայով, մեկ էլ փոշմանում եմ, անհանգստություն ունեմ, որ կարող եմ ճիշտ չհասկացվել։ Լավ, թողնենք դեպքերը զարգանան գրքում, միգուցե և անդրադառնամ։

Հա, էդ որ ասացի «ուզում եմ նախագահ դառնալ», այդ պահին տեսնել էր պետք ընտանիքիս անդամների ռեակցիան։

-Ո՞րտեղ է դատախազը,- իրեն հատուկ հումորի զգացումով ասաց կինս։

-Այնտեղ, որտեղ Նապոլեոնն էր,- արձագանքեցի ես։

Այս երկխոսությունը «Կովկասի գերուհին» ֆիլմից է, այն դրվագը, որտեղ Շուրիկը հայտնված է լինում հոգեբուժարանում։

Հետ գնանք դպրոցական տարիներ ու պարզաբանենք, թե ինչ նոր հնարք էր մտածել Կարիկը իրեն հասարակության մեջ պահելու նպատակով։ «Թիզ» չափելը արդեն գիտենք, տեսնենք ի՞նչ է  «փիլաքյան» թռնելը։

Գյուղամիջում մշակույթի տունը մի փոքր բարձունքի վրա էր կառուցված և մինչև մուտքին հասնելը պետք է բարձրանայիր աստիճաններով։ Հենց այդ աստիճանների հետ էլ կապված էր «փիլաքյան» թռնել Կարիկյան «սպորտաձևը»։ Թռիչքն իրականացնում էր վերևից ներքև կամ էլ հակառակ ուղղությամբ։ Հաղթում էր նա, ով ավելի շատ աստիճան էր հաղթահարում։ Մեր գյուղի մասշտաբով ահագին մեծ տարածում ուներ այդ «սպորտաձևը»։ Ես Կարիկի հետ մտա պայքարի մեջ, և իհարկե, նա հաղթեց։ Դրանից հետո Կարիկը ինձ ներեց աշխարհացունց իրողությանն անտեղյակ լինելու համար և մեր հարաբերությունները մնացին նույն բարձր բարեկամական մակարդակի վրա․․․ մինչև եկող գարուն։

Սուրենավանը, գրեթե անապատային վայրում կառուցված գյուղ էր, բայց արդեն կայացած իր փողոցներով, այգիներով և իր այնքան զանազանվող ու համակրելի բնակիչներով։ Բնակիչները Հայաստանի տարբեր վայրերից էին եկել, ինչպես նաև ներգաղթյալներ, օրինակ, մեր ոչ փոքր ազգությունը ներգաղթել էր Իրանից, կային նաև մեծ քանակությամբ Սիրիայից ներգաղթածներ։ Ու յուրաքանչյուրն իր ուրույն  կերպարով լրացնում ու ամբողջացնում էր աշխարհի ամենալավ, ամենատաք գյուղի հանրությունը։

Գյուղի հիմնական զբաղմունքը խաղողագործությունն էր ու անասնապահությունը։ Թաղումներն ու հարսանիքները եթե չհաշվենք, կարևորագույն իրադարձությունը հնդկական ֆիլմերի ցուցադրության օրն էր։ Տե՜ր Աստված, ի՜նչ էր կատարվում, ի՜նչ էր կատարվում։ Ֆիլմի ցուցադրության օրից  չորսից հինգ օր առաջ սարսափելի ավելանում էր հողագործների աշխատանքի արտադրողականությունը, բոլորը տոգորված էին նոր հնդկական ֆիլմը, կամ էլ արդեն տասն անգամ ոչ նոր (դա հեչ կարևոր չէր) դիտելու սպասումով։ Ֆիլմի ցուցադրման օրը սովխոզի տնօրենը թույլ էր տալիս աշխատանքները մի քիչ շուտ ավարտել, առավել ևս բոլոր աշխատանքները կատարվել և գերակատարվել են։ Ֆիլմի սկսելուց մի ժամ առաջ արդեն ժողովուրդը սկսում էր հավաքվել։ Տեսնել էր պետք , թե օրերով արևի տակ աշխատած տղամարդիկ ու կանայք ինչպես էին կերպարանափոխվում՝ մեկը մեկից գեղեցիկ։Տղամարդիկ հինգից վեց օրվա թրաշից ազատված օդեկալոնված,իսկ կանայք խնամված ու բոլոր  գեղեցկություններն ու հմայքներն իրենցով արած։ Բնականաբար չորս հարյուր հոգու համար նախատեսված դահլիճում տեղերը չէր բավականացնում։ Շատերը գալիս էին աթոռներով, և ըստ էության, գյուղի ողջ ժողովուրդը 14-15 տարեկանից բարձր դահլիճում էր։ Պատահում էր, որ ֆիլմի ցուցադրության  ժամանակ մեկ-երկու վայրկյան լռություն էր տիրում կամ Խաչիկը լենտը փոխելու ժամանակ մի բանն էն չէր անում,և ընդհատվում էր ֆիլմի ցուցադրումը՝ լսվում էր թե տարբեր շարքերում մարդիկ ոնց էին հեկեկում։ ՈՒ ոչ ոք, ոչ ոք  չէր ուզում, որ ֆիլմը ավարտվի․․․ բայց ավարտվում էր, վառվում էին լույսերը և բոլորն էլ տեսնում էին, որ բոլորն էլ արտասվել են։ Հիմա համարժեք բանի ականատես չես լինի։ Ինչևէ․․․

Ձմեռը ավարտվում էր ու գարունը գալիս էր։ Շատ էի սիրում եղանակային էստաֆետի այդ պահը։ Ձմռան ցուրտ օրերը կամաց-կամաց փոխարինվում էին հատված-հատված տաք ու հետո ամբողջովին տաք օրերով։Ամենուրեք ջրափոսեր,ցեխ,ստվերային մասերում ձյան մնացորդներ։ Պատահում էր, որ գնում էինք խաղողի այգիներում աշխատելու ու զգացվում էր, թե  հողի շնչառությունը ոնց էր բացվում ու այդ շնչառության ջերմությունից էլ խաղողի որթերը պատրաստվում էին բողբոջելու։ Ու ակնհայտ էր բնության զարթոնքը, կարծես մի նոր կյանքի սկիզբ, մի տաք ու ջերմ կյանքի սկիզբ։

Գարնան առաջին օրերից մեկը՝ մարտի 8-ը, իր նշանակությամբ պակաս կարևոր օր չէր, քան հնդկական ֆիլմերի ցուցադրման օրերը։ Ողջ գյուղն իրարանցման մեջ էր՝ նվերներ, անակնկալներ, երեկույթների պատրաստություն և բացիկներ-բացիկներ․․․բա․․․այն ժամանակ բացիկներով էին բոլորը իրենց սիրելիներին, հարազատներին, ընկերներին ընկերուհիներին  շնորհավորում տարբեր տոների կապակցությամբ։ Ոչ թե հիմիկվա նման անշունչ, սառը  սմս-ներով, (վա՜յ, անիծվես դու սմս հնարող)։Դե մոտենում էր մարտի 8-ը և բոլորն իրենց բացիկները տանում էին գյուղի միակ փոստարկղ։ արտի 6-ն էր։ Կեսօրից հետո, հնարավորինս խուսափելով ձնհալից առաջացած տարբեր չափերի ջրափոսերից ու փողոցի ցեխոտ մասերից, բացիկների տրցակը ձեռքիս գնացի գյուղամեջ, որտեղ տեղադրված էր միակ փոստարկղը։  Մի հիսուն մետր հեռավորությունից նկատեցի, որ դեպի փոստարկղի ուղղությամբ է շարժվում նաև Կարիկը։ «Սա ի՞նչ է անում այստեղ, կարողա՞ մոտենում է փոստարկղին, չէ, հա։ ՈՒ՞մ մարտի 8-ը պիտի շնորհավորի»։ Մի մարդ,ո ւմ մոտ վերը նկարագրված խնդիրները ավելի էին սրվել (մայր, քույր, եղբայր չուներ)։ Այդպես մտքերով մի ոտ շուտ հասա փոստարկղին, բարեհաջող սմս-ները, էէէ՜է, բացիկները (վա՜յ, անիծվես դու սմս հնարող), գցեցի փոստարկղի մեջ։ Ոտքս կախ գցեցի, տեսնեմ Կարիկը ի՞նչ է անելու։ Հնամաշ վերարկուի ծոցագրպանից հանեց մի բացիկ, այնպես, որ հնարավորություն չունենամ տեսնել գրառումը ու փորձեց այն գցել փոստարկղ։ Առը հա քո բախտից։ Աշխարհն էլ քանդվի, պետք է տեսնեմ, թե ու՞մ ես շնորհավորում։ Միևնույնն է, ոչ ոք չկա մոտակայքում և չեն կարող ինձ հանդիմանել։ Բա իմ խիղճը՞։ Ո՞նց  պետք է առերեսվեմ ինքս ինձ հետ։ Գայթակղության չտրվե՞մ, չմտնե՞մ ուրիշի ներաշխարհ։ К черту ամեն ինչ։ Ադամին ու Եվային էլ ասեցին՝ չուտեք խնձորը, բա ոն՞ց կերան։ Տո լավ էլ արեցին կերան։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ անգույն կլիներ աշխարհը հիմա, եթե կերած չլինեին այդ քաղցր խնձորը։ Վերադառնամ ինքս ինձ, վերադառնամ իմ ստոր մտադրությանը, վերադառնամ իմ ստոր քայլին։ Տեր Աստված, ինչքա՜ն երկար է տևում ակնթարթը։ Դե արագացրու, մորթեցիր․․․տասնվեց տարեկան հասակում դա իմ ամենաստոր քայլն էր։ Հիմա կարող եմ ասել նաև իմ ողջ կյանքի։

Գիշատիչի նման խլեցի բացիկը Կարիկի ձեռքից, շրջեցի հակառակ կողմն ու կարդացի։ Տո ա՛յ անասուն, ինչ՞ կարդացիր, ինչ՞ կար գրված, որ մի հատ էլ կարդացիր։ Վա՜յ, մամա ջան․․ Բացիկի վրա ոչինչ չկար գրված։ Կարիկն ուղղակի «թիզ չափելու» իր տեսությունը պրոյեկտել էր այս իրավիճակի վրա։ Մարտի 8-ի տոնի առիթով  անհասցե սմս-ով, էէէ՜է, բացիկով (վա՜յ, անիծվես դու սմս հնարող), եկել էր փոստարկղի մոտ, որ գարնան սառնոտ օրվան համապատասխան քիչ անցորդները նկատեն, որ ինքն էլ ունի մեկին, որ կարող է շնորհավորել տոնի առթիվ։ Հովիկն էլ հո կողքին էր, դե կպատմեին մեկը մյուսին ու ամբողջ գյուղը կիմանար, որ Կարիկը մտավոր խնդիրներ չունի։ Իհարկե չուներ, ամենահանճարեղ գլխում իսկ չէր կարող ծնվել նման գաղափար։

Շանթահարված էի, բայց հասկացա իմ մեղքի սահմռկեցուցչության աստիճանը։ Գարնան ցեխոտ կոշիկներով (ինչքան էլ շրջանցում էի ջրափոսերն ու ցեխոտ հատվածները) մտա ուրիշի հոգու մեջ, ուրիշի ներաշխարհ, խիստ անձնական տիրույթ, փշրեցի մի աշխարհ…Ես՝ ոչինչս, մի աշխարհ ավերեցի։ Էլ չէի ընկալում Կարիկի խոսքերն ու հայհոյանքները, սարսափելի հայհոյանքները։ Չգիտեմ թե ոնց, վերջին պահին խելքս կտրեց ու ես այդ անհասցե բացիկը գցեցի փոստարկղի մեջ։ Երևի թե Կարիկը գնահատեց իմ այդ քայլը։ Տեր Աստված, մտավոր արդեն ծանր խնդիրներ ունեցող այդ պատանին գնահատեց իմ այդ քայլը։ Դադարեցրեց հայհոյանքներ հնչեցնել,  ու մի վերջին հայացք գցելով վրաս, կարծես հասկացնելով, որ բացիկի անհասցեությունը կմնա իմ ու իր մեջ՝  հեռացավ։ Ես էլ լքեցի այդ  պահին իմ համար ամենաանիծյալ վայրը։

Արդեն երկար ժամանակ է Կարիկը չկա․․․ հիմա կարելի է․․․

-Դուք մեղք չե՞ք գործում, պարոն Աղազարյան,- հարցնում են լրագրողները։

-Ոնց՞ կարելի է մեղք չգործել այս մեղավոր աշխարհում,-պատասխանում եմ ես։

-Բա ինչու՞ չեք գնում եկեղեցի ապաշխարելու, պարոն Աղազարյան,-շարունակում են լրագրողները։

-Որովհետև նախընտրում եմ ապրել իմ մեղքի հետ, որ գոնե նման իրավիճակներում նման մեղք չգործեմ,-պատասխանում եմ ես»։