Հետևեք մեզ։

ՀՖՖ փոխնախագահի ճակատի խարանը․ գնահատելու մասին դասեր տալուց առաջ այլևս երբեք Մխիթարյան ազգանունը չմոռանաք

15:21, 09 ապրիլ 2025
ՀՖՖ փոխնախագահի ճակատի խարանը․ գնահատելու մասին դասեր տալուց առաջ այլևս երբեք Մխիթարյան ազգանունը չմոռանաք

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այսօրվա ասուլիսին մեծարանքի խոսքեր է հղել Խորեն Հովհաննիսյանի մասին, անգամ նշել՝ պետք է ֆեդերացիային քննադատել, որ մյուսն ֆուտբոլիստների անուններով էլ դպրոց ունենան։ Ի դեպ, այս նախադասությունից մի քանի րոպե առաջ ՀՖՖ նախագահն էլ քննադատողներին մեղադրում էր պատվեր կատարելու մեջ։ Երևի, մի օր երկար ժամանակ կունենան կողմնորոշվելու, բայց մինչ այդ։

 

Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթից սահուն ՀՖՖ-ում տեղավորված նախկին լրագրողը տեսնես ինչեր կգրեր նույն «Հայկական ժամանակ»-ում, եթե հայկական ֆուտբոլի լեգենդ Մխիթարյանը լքեր հավաքականը, օրինակ, Ռուբեն Հայրապետյանի օրոք։

 

Փաստաթղթով նախկին ՀԺ-ականն այսօր  ասում է․

 

«Ցանկացած ֆեդերացիայի նախագահ պետք է երջանիկ լինի Խորեն Հովհաննիսյանի անվան դպրոց ունենալու համար, որովհետև Խորեն Հովհաննիսյանը մեծագույն ֆուտբոլիստ է։ Ես ուրախ կլինեի, որ դուք մեզ քննադատեք, որ մենք չունենք Անդրեասյանի դպրոց, այլ հայտնիների դպրոց, բայց Խորեն Հովհաննիսյանի դպրոց շատ ամոթ է, որ մենք չունենանք։ Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի լեգենդն է։ Ես պատկերացնում եմ՝ եթե մենք Մարադոնայի նման ֆուտբոլիստ ունենայինք, որը կյանքում եղել է վատ մարդ, բայց Ագենտինայի համար դրոշից թանկ է, որովհետև մարդուն գնահատում են այն արժանիքով, որն ինքը երկրին տվել է»։

 

Կզարմանա՞ք, գիտեք ո՞վ է ասում այս խոսքերը, ո՞վ է խոսում երկին տվածը գնահատելու մասին, նրանցից մեկը, ում օրոք Հենրիխ Մխիթարյանը հեռացել է ազգային հավաքականից։ Ներեցեք, պարոն Նիկողոսյան, Դուք ի՞նչն եք գնահատել Մխիթարյանի մեջ, և Ձեզ ո՞վ  է ասել, թե հայկական ֆուտբոլի միակ լեգենդը Խորեն Հովհաննիսյանն է։ Դու՞ք դպրոց կկառուցեի՞ք, եթե Խորեն Հովհաննիսյանը քննադատեր ֆեդերացիային։

 

Պարոն Նիկողոսյան, ինչո՞ւ եք Դուք Ֆեդերացիայում, երբ այդտեղից հեռացել է հայկական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը, բա գնահատեիք նրա տվածը Հայաստանին, նրա անունը, նրան գնահատեիք այնպես, ինչպես աշխարհում և ամոթ համարեիք այդտեղ մնալը, ասեիք՝ ցանկացած ֆեդերացիայի նախագահ պետք է երազի Մխիթարյանի նման ֆուտբոլիստ ունենալ ու գնայիք, թե՞ լավ է երկու կոպեկը։ Դուք ինչո՞ւ պետք է լինեք Ֆեդերացիայում, իսկ Մխիթարյանի մայրը՝ ոչ։ Դուք ո՞վ եք, որ Ձեր ու Ձեր ընկեր-ղեկավարների պատճառով նրանք հեռանան, Դուք ի՞նչ եք տվել հայկական ֆուտբոլին։ Դուք ձեզ սիրաշահելուց, քծնելուց, լպրծուն կեցվածքից զատ այլ բան գնահատել գիտե՞ք, բա ինչու՞ եք ֆեդերացիայում Մխիթարյանի հեռանալուց հետո, եթե գիտեք։

 

Հանրությա՞նն եք մեղադրում, որը իրավունք ունի մտածել, որ հանուն Արմեն Մելիքբեկյանի է Խորեն Հովհաննիսյանը հանել ՀՖՖ նախագահի պաշտոնից իր թեկնածությունը և դրա դիմաց պաշտոն ու դպրոց է ստացել։ Իսկ Ձեր ո՞ր արժանիքի համար պետք է հանրությունն, այդ թվում ես, այդպես չմտածենք, ո՞րն է Ձեր անձնվիրաբար գործը, որն ինձ զերծ պահի նման կասկածներից։ Իսկ որևէ մեկի համար, որը ձեզ քննադատում է, որևէ բան արե՞լ եք, օրինակ, մրցաշար մի հատիկ, ինչպես Փաշինյանի հոր անվան մրցաշարն էիք կազմակերպել, ինչից Փաշինյանը զարմացել էր։

 

Հետևաբար, ցավոք, ձեր ու ՀՖՖ ղեկավարի հետ մերձեցումը, բերում հանգեցնում է այդ հարցի պատասխանին, թե ինչու՞ է մեծարվում Խորեն Հովհաննիսյանը, ինչու՞ չի մեծարվում Հենրիխ Մխիթարյանը։ Ի դեպ, տեսնես՝ Նիկողոսյանը Մխիթարյանին համարու՞մ է լեգենդ։ Լեգե՞նդ է Խորեն Հովհաննիսյանը, բնականաբար, բարձր է պահել մեր երկրի անունը, շնորհակալություն նրան այդ ամենի համար, նրա անուրանալի ձեռբերման համար․․․։

 

Բարով վայելեք ձեր պաշտոնները, բայց Մխիթարյանի հեռացման խարանը հավերժ մնալու է հայկական ֆուտբոլի պատմության մեջ, ավելի մեծ վնաս հայկական ֆուտբոլին ոչ ոք չի պատճառել, ինչպես Դուք՝ Արմեն Նիկողոսյան, և Ձեր ղեկավարը՝ հայկական ֆուտբոլը չսիրող, Փաշինյանին սիրաշահելու համար անիմաստ միջոցառումներ կազմակերպող Արմեն Մելիքբեկյանը։ Չեն մոռացվելու նաև նրանք, ովքեր լռում են այդ մասին հանուն իրենց մի լուսանկարի և դեմքերին շպրտված երեք կոպեկի։ Գնահատելու մասին դասեր տալուց առաջ այլևս երբեք Մխիթարյան ազգանունը չմոռանաք։ Գնահատելն ամեն մարդու բան չէ, և անհամատեղելի է խոնարհ քծնանք կրող մարդու հետ։

 

Ի վերջո, արժանիքների ու դրանք գնահատելու մասին խոսելուց առաջ Ձեզ նայեք, որ ուրիշները ստիպված չլինեն Ձեզ նայել։

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական