«Հետքը» գրում է․ «Վարչական դատարանը, դատավորի 3 կազմով, որոշել է, որ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի՝ 2024թ. մայիսյան ցույցերի ժամանակ հնչեցրած «լակոտի պես» արտահայտությունը որևէ մեկին ուղղված չի եղել: Ավելին, դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին: Հետևաբար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վերանայի իր եզրակացությունը՝ Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնի խախտման մասով։
«Հետքը» գրել էր, որ Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ դիմում էր ներկայացրել վարչական դատարան: Ոստիկանության պետը վիճարկում էր հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: Արամ Հովհաննիսյանը պահանջում է «լակոտ» արտահայտությունը վիրավորական արտահայտություն չորակել և արձանագրել վարքագծի կանոնների խախտման բացակայությունը:
2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Նա այլ արտահայտություններ ևս հնչեցրել է անհնազանդության ակցիայի մասնակցած անձանց, ինչպես նաև Բագրատ Սրբազանի հասցեին, որոնք կարող են վիրավորական ընկալվել: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:
Հանձնաժողովը եզրակացությամբ արձանագրել է, որ Ա. Հովհաննիսյանի կողմից նշված արտահայտության կիրառումը վիրավորական բնույթ է ունեցել և կարող էր արատավորել հավաքի մասնակիցների արժանապատվությունը: Հանձնաժողովը հաստատել է, որ Արամ Հովհաննիսյանի խոսքը քննադատական բնույթի է եղել և ուղղվել է իր գնահատմամբ ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորած հավաքի մասնակիցներին: Վերջինիս խոսքից հստակ է, որ նա քննադատելի է համարում հավաքի մասնակիցների գործողությունները, որոնք իր գնահատմամբ հանգեցնում են այլ անձանց իրավունքների սահմանափակմանը: Ըստ հանձնաժողովի՝ Ա. Հովհաննիսյանի խոսքի իրավաչափության գնահատման հարցում առանձնահատուկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ վերջինս արարքի կատարման ընթացքում հանդես է գալիս որպես հանրային պաշտոն զբաղեցնող անձ և հնչեցնում նշված խոսքերը մասնավոր անձանց՝ հավաքի մասնակիցներին:
Արամ Հովհաննիսյանը դատարանին հայտնել է, որ բացարձակ նպատակ չի ունեցել վիրավորելու քաղաքացիներին: Ավելին՝ կանխամտածված դիտավորութունը բացակայում է, քանի որ նշված արտահայտության գործածումը բացառապես պայամանավորված է եղել արագ փոփոխվող իրադրության, տեղում արձագանքելու անհրաժեշտությամբ: Հետևաբար ոստիկանության պետի կողմից հնչեցված վերոհիշյալ արտահայտությունն անհրաժեշտ է դիտարկել օրինականության և օրինականության ապահովման, իրավաբանական պատասխանատվության անխուսափելիության, իրավակարգի նկատմամբ հարգանքի ամրապնդմամբ համատեքստում:
Վարչական դատարանն արձանագրել է, որ վիրավորանքը կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների, նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:
Դատարանը, ուսումնասիրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված նյութերը, որոնցում առկա տեսանյութում ներկայացված են լրագրողի մեկնաբանությունները և Արամ Հովհաննիսյանի հետ լրագրողների երկխոսության առանձին հատվածներ, եզրակացրել է, որ ոստիկանութան պետն իր կատարած արտահայտությունը չի մասնավորեցրել որպես որևէ անձի ուղղված ուղղակի խոսք:
«…միաժամանակ նշված տեսանյութից հնարավոր չէ միանշանակորեն հետևություն կատարել, որ հասարակության միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ, նշված արտահայտությունը կարող է ընկալել, որպես կոնկրետ անձի հասցեագրված և այդ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ ունեցող: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանի գնահատմամբ առկա են բավարար հիմքեր Հանձնաժողովի հաստատած փաստի փոխարեն նոր փաստ, այն է՝ «լակոտի պես» արտահայտությունը որպես վիրավորական արտահայտություն չգործածելու փաստը հաստատելու մասին»,-նշված է դատարանի որոշման մեջ:
Վարչական դատարանը որոշումը կայացրել է դեկտեմբերի 2-ին, այն վերջնական է, վերանայման ենթակա չէ:
Նշենք, որ Վարչական դատարանի որոշմանը հաջորդելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր եզրակացության վերանայումը, որը վերաբերում է Արամ Հովհաննիսանի կողմից վարքագծի կանոնների խախտմանը կամ խախտման բացակայությանը»: