Կառավարությունը կրկին փոփոխություններ է իրականացրել զինված ուժերում ատեստացիայի համակարգ ներդնելու ծրագրում. Ըստ էության, սահմանվող փոփոխություններն ավելի շատ զինծառայողի են հնարավորություն տալու ատեստացիայի նվազագույն շեմն անցնելու համար, սակայն ըստ դասակարգման, գնահատականներից կախված, հավելավճարները տարբեր են լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Կառավարությունը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու վարժություններ է անում:
Դիրքապահ պայմանագրայինը, ում իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության մեկ հերոսացնում, մեկ հակահերոսի է վերածում, ամսվա ընթացքում 14 օրվա մարտական հերթապահության պարագայում մոտ 40%-ով քիչ է վարձատրվում, քան ոստիկանության պարեկին (ոչ սպայական կազմի):
Ամեն օր թշնամու հետ կռիվ տվող, կյանքի ու մահվան միջով ամեն օր անցնող ծառայողի նվազագույն պահանջները չեն բավարարվում, դրանք թողնված են ատեստացիայի վրա, որի հետ կապված վերապահումները շատ են:
Եթե խնդիրը մասնագիտական որակներն են, ապա մարդկային ռեսուրսի ճգնաժամի պայմաններում այլ լուծումներ պետք է փնտրել:
Գումարի առկայության պայմաններում, բեկում մտցնելու համար պետք է զինծառայողների աշխատավարձը 30-50%-ով բարձրացնել ու նոր մնացած մասը նախատեսել ատեստացիայի համար:
Կրկնում եմ` զորքերում արագ բեկում մտցնելու, համալրելու և որակի համապատասխան մակարդակի հիմքում պետք է դնել անհրաժեշտ վարձատրության հարցը, ատեստացիայի համար նախատեսված գումարների մի մասը դնել բազային աշխատավարձի բարձրացման վրա և նոր միայն գնալ ատեստացիայի մեխանիզմների կատարելագործման ու խրախուսման նոր համակարգերի ներդրմանը»։