Հետևեք մեզ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը չի գտնում իր ընտանիքի անդամներին

20:51, 12 մայիս 2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը չի գտնում իր ընտանիքի անդամներին

Օրեր առաջ infocom.am կայքը նյութ էր հրապարակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների կողմից հայտարարագրեր չներկայացնելու մասին։ Մասնավորապես, հայտնվում էր, որ Հարությունյանի հետ համատեղ բնակվող նրա հայրը, մայրը և քույրը 2020 և 2021 թվականների հայտարարագրեր չեն ներկայացրել, և որ կայքն այդ առիթով հարցումներ է արել հանձնաժողովին, բայց որոշ հարցերին պատասխաններ չեն ստացվել, որոշներին էլ տրվել են այնպիսի պատասխաններ, որոնք չեն բացատրում, թե ինչպես է ստացվել, որ Հարությունյանի ծնողներն ու քույրը չեն ծանուցվել հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին և չեն ներկայացրել այն։


 
Հայկուհի Հարությունյանի պատասխանը չուշացավ, և նա, ժխտելով հրապարակման մեջ եղած ոչ իրական փաստերն ու մատնանշելով իրականները, հերքում պահանջեց կայքից։ Մենք այդ հերքման մանրամասներին չենք անդրադառնում, քանի որ դրանք ավելի շատ վերաբերում են այն հարցին, թե հանձնաժողովը կայքի հարցումներին ամբողջական ու ճի՞շտ է պատասխանել, թե ոչ, իսկ այս պատմության իրավական կողմը, մեզ առանձնապես չի հետաքրքրում։ Պատմությունն այս, ավելի կարևոր, բայց տխուր բարոյական կողմ ունի, որը ցավոք, կապված է ոչ ավել, ոչ պակաս, բարեվարքության հետ։


 
Հրապարակման վերաբերյալ Հաձնաժողովի հերքումն ընդունում ենք ի գիտություն։

 
 
Բայց, իհարկե, ի գիտություն ընդունում ենք նաև հրապարակման ու հերքման համադրությամբ անվիճելի մնացած այն փաստը, որ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները հայտարարագիր չեն ներկայացրել, քանի որ հանձնաժողովը նրանց որևէ, ցանկացած, այդ թվում՝ ամենահարգելի կամ ամենատեխնիկական պատճառով այդ մասին ծանուցել չի կարողացել։ Ի դեպ, ըստ հրապարակման և հերքման՝ ծանուցագիրը վերադարձվել է, քանի որ այն հասցեատերերի կողմից չի պահանջվել։


 
Նախ արձանագրենք, որ Հայկուհի Հարությունյանը ղեկավարում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը պետական մի քանի այլ մարմինների հետ պատասխանատու է հատկապես կոռուպցիան վերացնելու համար։ Նա ղեկավարն է մի կառույցի, որը կոռուպցիան կանխարգելում է հայտարարագրեր ստանալով, դրանք վերլուծելով  ու բացահայտելով, որ, օրինակ, որևէ պաշտոնատար անձ ստացել է ավելի քիչ փող, քան ծախսել է։ Ապա հիշեցնենք, որ ի պաշտոնե կոռուպցիայի կանխարգելման առաջին պատասխանատուն լինելուց բացի Հայկուհի Հարությունյանն ինքն իրեն միշտ ասոցացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հետ, իրեն ներկայացրել որպես այդ պայքարի նվիրյալ ու գիտակ, ընդ որում՝ ամենագիտակ, հոգով հակակոռուպցիոներ և դեռ հասարակական կազմակերպություններում աշխատելու ժամանակներից աչքի է ընկել ամեն տեղ կոռուպցիա ու «խծբ» տեսնելով։ 


 
Պարզ է, չ՞է․ մենք խոսում ենք այն մասին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր չեն ներկայացրել հենց այդ հանձնաժողովի նախագահի ընտանիքի անդամները, այն հանձնաժողովի, որը հայտարարագիր չներկայացրած անձանց վերաբերյալ ընթացակարգեր սկսելու իրավունք ունի և որը որոշում է այն մարդկանց բարեվարքությունը, ում ընտանիքի անդամները հայտարարգրեր չեն ներկայացրել կամ ներկայացրել են, բայց դրանցում ինչ-ոչ բան այն չէ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն ուրիշների հայտարարագրերով զբաղվում է այն դեպքում, երբ սեփական ընտանիքի անդամների կողմից հայտարարագրեր չներկայացնելու արդյունքում նրանց ու իր գույքի ու եկամուտների ստուգում տեղի չի ունեցել, ու չի պարզվել, թե, օրինակ, Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները այդ տարիներին, արդյոք, եկամուտների ու գույքերի այնպիսի շարժ չեն ունեցել, որից կարելի է կասկածներ ունենալ հենց Հայկուհի Հարությունյանի եկամուտների ու գույքերի կապակցությամբ։


  
Բայց ավելի զավեշտալի է, որ մենք, արդեն Հայկուհի Հարությունյանի հերքումների հիման վրա, խոսում ենք  այն մասին, որ նա չի կարողացել ծանուցել, հայտնել, խնդրել, պահանջել իր հետ համատեղ ապրող ընտանիքի անդամներին՝ ներկայացնել այդ չարաբաստիկ հայտարարագրերը։ Հասկանու՞մ եք, Հայկուհի Հարությունյանն ամեն օր աշխատանքի է գնացել ու փորձել ծանուցել իր հետ համատեղ ապրող մարդկանց, որ նրանք հայտարարագիր գրեն, բայց նրանք այդպես էլ չեն ծանուցվել, Հարությունյանի ու ընտանիքի անդամների միջև կապը հայտարարագիր ներկայացնելու հարցով այդպես էլ չի ստացվել։
 
Իսկ ամենատխուրն այս հարցում երևի այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը հրապարակային է պնդում, որ իր ղեկավարած հանձնաժողովը իր հետ համատեղ ապրողներին չի կարողացել ծանուցել, որ հայտարարագիր պետք է ներկայացվի և փաստորեն ինքը չի հաջողել տանը զրույցի ժամանակ հիշեցնել նրանց պատշաճ կատարել այն պարտականությունը, որի ստուգումն իրեն է վերապահված։ Մենք, իհարկե, չենք կարող մեզ թույլ տալ մտածել, թե Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները դիտավորյալ են խուսափել այդ պարտականությունը կատարելուց, քանզի եթե ցանկացածը պատրաստ է իրեն թույլ տալ պաշտպանվել նման խեղկատակության միջոցով ու ասել, որ իր ընտանիքի անդամները չեն կատարել այն ինչի պատասխանատուն ինքն է ու դա չեն արել, քանի որ չեն ծանուցվել, ապա մենք պատրաստ ենք դրան հավատալ ու գիտակցել, որ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին հնարավոր չի լինելու ծանուցել ու նրանք հայտարարագիր չեն ներկայացնելու, իսկ Հայկուհի Հարությունյանն ուրիշներին անբարեվարք է ճանաչելու նաև այն պատճառով, որ նրանց ընտանիքի անդամները հայտարարագիր չեն ներկայացրել։
 
Բայց, Հայկուհի Հարությունյանի հետ համատեղ բնակվողների կողմից հայտարարագրեր ներկայացնելը կարևոր է ոչ միայն նրա մասնագիտական պատվի համար։ Դրանք կօգնեն հասկանալ նաև, թե, օրինակ, նրա քույրը՝ Հասմիկ Հարությունյանը, ինչ եկամուտ է ստացել քրոջ ղեկավարած Հանձնաժողովի հետ առնչված իր գործունեությունից։

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական