Հետևեք մեզ։

Ինչո՞ւ Աշոտյանին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ. «Փաստ»

09:48, 13 մայիս 2023
Ինչո՞ւ Աշոտյանին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումները անընդհատ նորանոր, բազմաժանր «դրսևորումներ» են ստանում. օրինակները բազմաթիվ են: Յուրահատուկ մի «ձև» էլ ընտրվել է Արմեն Աշոտյանի համար: Բացի նրանից, որ իշխանությունները տարբեր մարդկանց համոզում, «խրախուսում» են, որ կարողանան ուղղորդված, ձեռնտու ցուցմունքներ ստանալ նրանցից, իրավաբանները առնվազն ծիծաղելի են համարում ընտրված խափանման միջոցը, այն է՝ երկրից բացակայելու արգելքը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ:

 

Թերթի ունեցած տեղեկություններով, իշխանությունները նման քայլի են գնում ոչ թե նրա համար, որ մտավախություն ունեն, թե Աշոտյանը չի վերադառնա, այլ առաջին հերթին չեն ցանկանում, որ եվրոպական քաղաքական բարձր հարթակներում ազգային հարցերի, այդ թվում՝ Արցախի հարցի հետ կապված, լսվի այլընտրանքային կարծիք, ինչպես նաև բարձրաձայնվի Հայաստանում, այսպես կոչված, «ժողովրդավարության» հետ կապված իրական վիճակի մասին:

 

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրական» հայտարարությունների ու մոտեցումների ֆոնին նշյալ հարթակներում հայաստանյան ընդդիմության կողմից հնչող այլընտրանքային՝ իշխող ուժի մոտեցումներից տարբերվող կարծիքները կարող են հիստերիայի մեջ գցել այդ կառույցներում ադրբեջանական պատվիրակություններին:Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին խիստ նյարդայնացրել է այն հանգամանքը, որ Արմեն Աշոտյանը որոշ ժամանակ առաջ գաղտնազերծեց հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվող սկզբունքների հետ կապված փաստաթուղթը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։