Բավականին մեծ ինտենսիվությամբ են վաճառվում մեքենաները, բավականին մեծ մասնակցություն կա աճուրդներին, նախորդ ամբողջ տարի օտարել ենք շուրջ 102 մեքենա, իսկ այս տարվա մի քանի ամիսներին արդեն իսկ 174 մեքենա ենք օտարել։ Ամեն մեքենայի աճուրդին մասնակցում է մի քանի մասնակից, և, սովորաբար, մեքենաներն օտարվում են իրենց մեկնարկային գների կրկնապատիկ, եռապատիկ արժեքներով նույնիսկ։ Այսինքն՝ բավականին մեծ ակտիվություն կա, հանրությունը բավականին լայն իրազեկվում է աճուրդների մասին, և բավականին լավ արդյունքներ կան այդ մասով։
Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ խոսելով պետական մեքենաները իրենց կոմիտեի կողմից աճուրդներով վաճառելու գործընթացից։
«Անցած տարի միայն 600 չշահագործվող մեքենա ենք տարբեր պետական մարմիններից հավաքագրել և բերել Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ, որոնք ընթացիկ արդեն օտարվում են»,-ասաց Առնակ Ավետիսյանը։
Նա նաև անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նախկինում սպասարկած BMW-ի օտարմանը, որից հետո նոր մեքենա ձեռք բերեցին ԱԺ նախագահի համար։
«Այդ մեքենան, այո, վաճառվել է՝ բավականին արագ, բավականին մեծ մասնակցության պայմաններում»,-ասաց Ավետիսյանը՝ չհիշելով, սակայն, թե ինչ արժեքով է վաճառվել տվյալ մեքենան։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ