Հինգշաբթի Մյունխենում սկսվել է Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) նախկին երկու պատգամավորի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու մեջ՝ Եվրախորհրդարանում այդ երկրի շահերի լոբբինգի համար։ Ադրբեջանը երկար ժամանակ մեղադրվում է եվրոպացի պատգամավորներին կաշառք տալու մեջ, այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է BBC-ից։
Հինգշաբթի օրը Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում սկսվել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության անդամներ Էդուարդ Լինտների և Ակսել Ֆիշերի դատավարությունը։
Բադեն-Վյուրթեմբերգ նահանգի խորհրդարանի կայքում նշվում է, որ նախկին պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից գումարներ ստանալու մեջ այն ժամանակահատվածում, երբ նրանք ներկայացնում էին Գերմանիան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Խոսքը կաշառքի մասին է՝ որով նպատակ են ունեցել ազդել վեհաժողովի որոշումների վրա՝ հօգուտ Ադրբեջանի։ Մեղադրյալները հերքում են իրենց մեղքը։
Դատարանի կայքում զետեղված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է՝ «Քրեական գործ է հարուցվել Էդուարդ Լ.-ի և այլ անձանց նկատմամբ՝ կաշառակերության կասկածանքով»։ Դատական ժամանակացույցում ասվում է, որ գործով հիմնական նիստերը կտևեն մինչև օգոստոս։
Իլհամ Ալիևն ու Կարին Շտրենցը
Կաշառք, դավադրություն, հավաքագրում
Հետաքննությունն ի սկզբանե ուղղված է եղել ՔԴՄ-ի պատգամավոր Կարին Շտրենցին․ նա անսպասելիորեն մահացել է 2021 թվականին: Նրա մահից երկու ամիս առաջ Բունդեսթագը զրկել էր նրան անձեռնմխելիությունից՝ ԵԽԽՎ-ում Բաքվի շահերի համար կաշառակերության և լոբբինգի մեղադրանքների պատճառով, երբ նրա Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի հանձնաժողովի անդամ էր: Շտրենցը ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։
Շտրենցի գործը քննելիս քննիչները հայտնաբերել են Էդուարդ Լինտներին, ով այդ ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր։ Նրանք եզրակացրել են, որ Լինտները մի քանի միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի իշխանություններից, և որ նրա խնդիրն է եղել հավաքագրել այլ գերմանացի պատգամավորների։ Նրանցից մեկն էլ Ֆիշերն էր, ում հետ նրանք այժմ գտնվում են դատական գործընթացում։
Խուզարկությունների արդյունքում քննիչները նամակագրություն են հայտնաբերել, որից հայտնի է դառնում, որ Լինտները Ֆիշերին տվել է 23 հազար եվրո, իսկ Շտրենցը նրանից նույնքան պահանջել է։
Մյունխենի քննիչներն ասում են, որ դա բազմամյա հետաքննություն էր, որը բարդանում էր մեղադրյալի շուրջ գաղտնիության բարձր մակարդակով և փող աշխատելու սխեմաներով: Դատախազությունը հետաքննությանն աջակցության 15 հարցում է ուղարկել Կիպրոս, Լիխտենշտեյն, Շվեյցարիա, Թուրքիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Ադրբեջան և այլ երկրներ։
Գերմանացի դատախազների անունից Ստրասբուրգի մի քանի գրասենյակներ խուզարկած բելգիացի քննիչները կարևոր ապացույցներ են գտել։
Ըստ քննիչների՝ մինչև 2016 թվականը Լինթները ստացել է «մի քանի միլիոն եվրո 19 արտասահմանյան ընկերությունների միջոցով»։
Հետաքննության տվյալներով՝ Բաքվից կաշառք ստացած Էդուարդ Լիտներ
Երկար հետաքննություն
Ըստ Գերմանիայի դատախազության՝ դա բարդ քննություն էր։ Ի թիվս այլ բաների, ամբողջ երկրով մեկ խուզարկվել է շուրջ 20 սեփականություն, այդ թվում՝ Բունդեսթագի պատգամավորների գրասենյակները:
Հետաքննությունը տարիներ է տևել։ Լինտների տունն արդեն խուզարկվել է 2020 թվականին, իսկ հաջորդ տարի Դաշնային քրեական ոստիկանությունը խուզարկել է Ֆիշերի գրասենյակը Բունդեսթագում։ Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը շատ բարդ է և երկար՝ «մեղադրյալի դավադիր մոտեցման» պատճառով: Բազմաթիվ սեփականություններ են հետախուզվել նաև արտերկրում։
Ակսել Ֆիշերը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող էր, 2015թ.
Ի՞նչ է ասում պաշտպանական կողմը
Լինտները կաշառակերության մասին մեղադրանքներն անվանել է «շատ անհեթեթո», հաղորդում է DPA լրատվական գործակալությունը: Խորհրդարանում աշխատելուց հետո նա աշխատել է որպես լոբբիստ՝ առաջ մղելով այն գաղափարը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը հանձնվի Ադրբեջանին, մի իրավիճակ, որը, իբր, թե նա կարծում էր, որ «ճիշտ է միջազգային իրավունքի տեսանկյունից»:
Ֆիշերը DPA-ին ասել է, որ իր դեմ ուղղված մեղադրանքները «ճիշտ չեն»: Ընթացակարգը, ասում է նա, «ոչ միայն սթրեսային է և վտանգավոր իմ ընտանիքի և հատկապես երեխաներիս համար, այլ նաև ոչնչացնում է իմ մասնագիտական և սոցիալական կյանքը»:
Բունդեսթագի նախկին պատգամավոր Ակսել Ֆիշերի փաստաբանն ասել է.«Մեր տեսանկյունից դատախազության կողմից իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն արդեն իսկ հերքվել է նախաքննության ընթացքում»։
«Խավիարային դիվանագիտություն»
«Խավիարային դիվանագիտություն» այսպես էին անվանում Ադրբեջանի իշխանությունների պահվածքը դեռևս 2012 թվականին, երբ նրանք նվերներ էին տալիս Բաքու ժամանած եվրոպացի պատգամավորներին։ Երկրի իշխանությունները արտաքին գործերի նախարարության, այնուհետև խորհրդարանականների մակարդակով հերքեցին եվրոպացիներին կաշառել փորձելու մեղադրանքները։
Այնուհետև 2017-ին Կազմակերպված հանցավորության նախագիծը (OCCRP) զեկույց հրապարակեց, որում ասվում էր, որ ադրբեջանական իշխանությունները 2012-ից 2014 թվականներին օգտագործել են գաղտնի «հիմնադրամ»՝ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ ապրանքներ նվիրելու և փողեր լվանալու համար: Ընդհանուր առմամբ, մոտ 2,8 միլիարդ դոլար է լվացվել «հիմնադրամի» միջոցով, ասվում է զեկույցում։
Նույն թվականին Եվրախորհուրդը սկսել էր հետաքննություն Ադրբեջանից ԵԽԽՎ անդամներին կաշառք տալու փաստով։ Մեկ տարի անց այն եզրակացրեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մի շարք ներկա և նախկին անդամներ, հնարավոր է, կաշառք են ստացել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ մեղմ քննադատության դիմաց: