Լրատվամիջոցների դեմ հայցերով հայտնի, իսկ վերջերս իր հասցեին հնչած քննադատության համար լրագրողին 9 մլն դրամի պահանջ ներկայացրած Տիգրան Ավինյանը բացատրել է, որ ցանկություն չունի լրատվամիջոցներին սննկացնել ու զրկել գործելու հնարավորությունից։ Նա կասկածներ է հայտնել, որ լրատվամիջոցներն իր վերաբերյալ նյութերը պատվերով են հրապարակում, ուստի զրպարտությունից պաշտպանվելու այլ միջոց չի գտել, քան դատարան դիմելն ու այդպիսով «զրպարտությունից լրատվական դաշտը մաքրելը»։
Այնպես չէ, որ կարելի է մտածել, որ Ավինյանը հատկապես սննկացնելու համար է դատի տվել լրատվամիջոցին ու լրագրողին։ Բայց կասկած չկա, որ նա դա արել ու անում է, որպեսզի մի օր այլևս իրեն չքննադատեն։ «Անսահմանափակ ռեսուրսի տիրապետելու» և «անշեղորեն հարստանալու» մեղադրանքներ հնչել են բոլոր պաշտոնյաների ուղղությամբ և դրա պատճառով նման չափի հայց ներկայացնելն ու անմիջապես հաշիվների վրա կալանք դնելը, այն էլ այն դեպքում, երբ դժվար ենք պատկերացնում, թե ինչպես է հերքելու այդպիսի ռեսուրսներին տիրապետելը, հենց այդ ցանկության մասին են խոսում։
Բայց այս ամենի պատճառներից, մյուսն ավելորդ ինքնավստահությունն է, որով բոլոր ժամանակներում տառապել ու տառապում են իշխանավորներից շատերն ու կարծում, որ իրենց գործունեության այն փոքրիկ ու շատերին անհայտ դրվագները ոչ ոք չգիտի, եթե իմանար՝ կհրապարակեր։
Տիգրան Ավինյանը «լրատվական աղբը» մաքրելու հոգսն իր վրա է վերցրել այն դեպքում, երբ ինքն ու իր իշխանությունը չեն էլ փորձում մաքրել նախընտրական քարոզարշավի աղբը, հենց որի արդյունքում էլ Տիգրան Ավինյանը քաղաքապետի իր նախընտրական արշավն սկսեց դեռ այն ժամանակ, երբ Երևանը Հրաչյա Սարգսյան անուն-ազգանունով քաղաքապետ ուներ։ Ի՞նչ է, եթե ոչ վարչական ռեսուրս, եթե մի օր ուղարկվում ես որպես քաղաքապետի տեղակալ ու ապագա քաղաքապետ և փաստացի դառնում այդ քաղաքապետի գործողություններին «դաբրո» տվողը։
Բայց դատարան դիմելով նեղություն տվող ամեն ինչին վերջ տալու ավինյանական մոտեցումը վատը չէ։ Տիգրան Ավինյանն ընդամենը պետք է հուշի, թե ո՞ւմ դեմ հայց հարուցենք, եթե, օրինակ, Երևանի ամենակենտրոնական փողոցներում ավտոմեքենաներ ջարդող փոսեր կան, որոնք իրենք «չեն տեսնում», ո՞ւմ դատի տանք, երբ Երևանի ասֆալտապատ ճանապարհը խողովակ փոխելու համար քանդվում, վերածվում է հորի ու շաբաթներով մնում այդպես՝ առանց զգուշացնող նշանների, իսկ դրա մոտ օրերով նույնիսկ աշխատողներ չկան, ո՞ւմ դեմ հայց հարուցենք, եթե Երևանի կենտրոնում ասֆալտի հին շերտը հանելուց հետո նորն այնքան ժամանակ չեն լցրել, որ դրա տեղում բուսածածկույթ է, կամ անձրևից հետո փողոցում անանցանելի լճակ։
Նորք Մարաշ
Նուբարաշեն
Կպարզաբանի՞ Տիգրան Ավինյանը, թե դատարան դիմելուց բացի ինչպես պաշտպանվել, եթե քանդած ճանապարհն ի վերջո մի օր «նորոգելուց» հետո այդ տեղում նախ փոս է գոյանում, ապա՝ երկրորդ «նորոգման» արդյունքում՝ բլրակ, քանի որ այդպես էլ չեն կարողանում ապահովել ասֆալտի հավասար մակերեսը։
Ամենակարևորը՝ ո՞ւմ դեմ հայց հարուցենք և ո՞ւմ հաշիվների վրա կալանք դնենք, եթե դուք կամ ձեր ղեկավարած մեկը այսպիսի աշխատանքը համարել է պատշաճ, ստանդարտներին համապատասխան, ընդունել ու վճարել դրա համար։ Իսկ մեզ դատի կտա՞ք, եթե կարծենք, որ սրանում կոռուպցիա կա։
Բեթղեհեմ Արաբյան