Հետևեք մեզ։

Ինչո՞ւ Հայաստանում փակվեց Էրազմուս+ ազգային գրասենյակը. «Հետք»

13:18, 29 հունվար 2025
Ինչո՞ւ Հայաստանում փակվեց Էրազմուս+ ազգային գրասենյակը. «Հետք»

Հունվարի 1-ից Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին գրասենյակը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ դա իրենց վերջին հայտարարությունն է։

«Հետքը» գրում է, որ գրասենյակը Հայաստանում սկսել է գործել 90-ական թվականներից, ի սկզբանե եղել Տեմպուս ծրագիրը, 2015-ից սկսած՝ Էրազմուս+։ Այն հիմնականում տարածել է տեղեկատվություն Էրազմուս+ կրթական ծրագրի մասին, կազմակերպել հանդիպումներ, խթանել համագործակցությունը այլ երկրների հետ, աջակցություն տրամադրել դիմել ցանկացողներին և իրականացրել այլ գործառույթներ, որոնք կապված էին Հայաստանի ներգրավվածության մեծացմանը Էրազմուս+ ծրագրերում։

«Նախարարությունում հանդիպման ժամանակ ասացին, որ հիմա կրթական ռեֆորմներ են ընթանում, ու այդ փոփոխություններով պայմանավորված՝ իրենք մի ուրիշ մոտեցում կամ կառույց են պատկերացնում։ Իսկ ի՞նչ է՝ մենք այդ ռեֆորմներին խանգարո՞ւմ էինք, ընդհակառակը՝ աջակցում էինք։ Եվ եթե կարծում են, որ կրթական բարեփոխումները փոքր խմբով հնարավոր է անել, շատ ծիծաղելի է, այն պիտի մասնակցային լինի»,- ասում է գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

Էրազմուս+ ազգային գրասենյակեր գործում են բալկանյան, միջինասիական, կովկասյան, հյուսիսաֆրիկյան և այլ 23 երկրում։ Գրասենյակի համակարգողի խոսքով, որպեսզի իրենք կարողանան շարունակել իրենց գործունեությունը Հայաստանում, պետք է պայմանագիր կնքեն Եվրոպական հանձնաժողովի հետ, ինչն արել են տարիներ շարունակ։ Ծրագիրը թեև ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, սակայն կարևոր պայման է, որ ԿԳՄՍՆ-ն երաշխավորագիր տրամադրի, որ համագործակցությունը շարունակվի։ Այս անգամ, սակայն, նախարարությունը այն չի տրամադրել, ուստի պայմանագիրը չի կնքվել, և աշխատանքները դադարեցվել են։

ԿԳՄՍՆ-ն գրասենյակի փակման իր որոշումը հիմնավորել է հետևյալ պարզաբանումներով.

  1. Էրազմուս+ նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ։
  2. Նախագծերը որևէ նկատելի ազդեցություն չեն ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա: 
  3. Նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները:

Գրասենյակի գործունեության դադարեցումից հետո ԿԳՄՍՆ-ն հայտարարություն տարածեց, որ այսուհետ էրազմուս+ ծրագրերի վերաբերյալ հարցերին կպատասխանի նախարարությունը։

Լանա Կառլովայի խոսքով՝ իրենք արդեն 28 տարուց ավելի զբաղվում էին այդ գործով և արդեն տիրապետում էին գրեթե ամեն ինչին, ունեին կապեր, աջակցում էին վիզաների հարցում, տեղյակ էին, թե ինչպես էին աշխատում ծրագրերը, և ինչպես կարող էին Հայատանից նոր՝ հատկապես մարզային գործընկերներ ներգրավել։

«Նախարարության այն աշխատակիցը, որը պետք է Էրազմուսի վերաբերյալ հարցերին պատասխանի, ուղղակի մեղք է, քանի որ իմանալու այնքան բան կա, որ առնվազն 2 տարի պետք է սովորելու համար։ Իրենք ուզում են, որ ամեն ինչ կենտրոնացնեն մի տեղ, որ իրենք կարողանան ղեկավարել, կառավարել, բայց այդպես չեն գործում ժողովրդավարական երկրում։ Մարդիկ պիտի կարողանան արտահայտվել, կարողանան իրենց մտքերը բարձրաձայնել և այլն։ Էնպես չի, որ ամեն որոշման հետ պիտի համաձայնես, պիտի քննադատություն լինի, քննարկումներ լինեն, ինչպես նորմալ երկրներում է»,- ասում է Կառլովան։

Գրասենյակի համակարգողի խոսքով՝ այսօր եթե մայրաքաղաքային կամ մարզային բուհերը կարողանում են ինքնուրույն ծրագրեր ներկայացնել Էրազմուսի մրցույթներին, քանի որ արդեն փորձ ունեն, ապա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և սպորտով զբաղվող կազմակերպությունների, ֆեդերացիաների համար այն նոր է, և իրենք մշտական աջակցության, ուղղորդման և քաջալերման կարիք ունեն։ Էրազմուսի երիտասարդ ճյուղերից է նաև սպորտը, որը նույնպես պետք է նեկայացվի ու տարածվի Հայաստանում։

Լուսինե Վարդանյանը Վանաձորի պետական համալասարանում օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ է։ Նրա համակարգած ծրագիրը նախորդ տարի հաղթել է Էրազմուսի մրցույթում ու հիմա իրականացման փուլում է։ Մի քանի երկրների հետ է համագործակցում այս ընթացքում, պատրաստվում են շուտով մեկնել Գերմանիա։ Ասում է, եթե նմանատիպ ծրագրերը համարում են զբոսաշրջություն, ուրեմն լավ չեն պատկերացնում, թե ինչ աշխատանք է տարվում։

«Որպես մարզային բուհ մենք սկզբում անվստահ էինք, չգիտեինք՝ արժի՞ մասնակցել մրցույթին, թե ոչ, բայց գրասենյակը մեզ այնքան ոգևորեց, օգնեց, մինչև ստացվեց մեզ մոտ։ Հիմա պատրաստում ենք մեր նոր ծրագիրը, որ էլի դիմենք, բայց հիմա արդեն չգիտեմ՝ ում հետ կարող ենք խոսել կամ ումից խորհրդատվություն հարցնենք, եթե գրասենյակն այլևս չի աշխատում»,-ասում է Լուսինե Վարդանյանը։

Լանա Կառլովայի ասելով՝ իրենց գրասենյակն առհասարակ Էրազմուսի ծրագրային բովանդակության հետ կապ չունի, մշտադիտարկում չեն անում, հետևաբար նախարարության պարզաբանումը, թե նախագծերի թեմատիկան հիմնականում չի արտացոլում Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները, գրասենյակի լիազորությունների մեջ չէ։ Բացի դա, այդ ծրագրերն իրականացվում են աշխարհի 180 երկրներում և դրանց բովանդակային ընդգրկումը շատ լայն է։

«Եվրոպացի մեր գործընկերները մեր աշխատանքը բավականին բարձր են գնահատում ու իրենց համար էլ է անհասկանալի, թե ինչու այդ երաշխավորագիրը չի տրվել, ու մենք ստիպված պիտի դադարեցնենք մեր աշխատանքը։ Այս որոշումը երկրի վրա էլ կարող է ազդեցություն ունենալ, քանի որ Եվրամիությունը տեսնում է, որ իրենց վստահելի գործընկերոջ հետ չեն համագործակցում, և դա հարցեր է առաջացնում։ Այս տարիների ընթացքում մենք նվիրյալների պես մեր փոքր թիմով աշխատել ենք, ու այս վերաբերմունքը գրասենյակի նկատմամբ շատ տարօրինակ է»,- ասում է Կառլովան։

Վերլուծական