Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Վահրամ Դումանյանին, որը մինչև նախագահական տեղափոխվելը Նիկոլ Փաշինայնի կառավարությունում ԿԳՄՍ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, հարցրինք, թե ի՞նչ է մտածում նախագահը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի և Շառլ Միշելի հայտարարության մասին։
«Անկեղծ եմ ասում, նախագահի հետ հանդիպում այսօր դեռ չեմ ունեցել, և այդ թեմայով որևիցե խոսակցություն չի եղել, բան չունեմ ասելու»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Վահրամ Դումանյանը։
-Իսկ Դուք նախագահին ինչ-որ բաներ չե՞ք հուշում, որ նա պետք է արձագանքի երկրում տիրող իրադարձություններին։
-Կարծում եմ՝ նախագահը շատ լավ գիտի և ինքն է որոշում՝ երբ և ինչ արձագանքի, դա խորհուդր տալով չէ։ Նախագահը լիովին իր գործերը հստակ գիտի, պատկերացնում է, անում է, ըստ անհրաժեշտության արտահայտվում է։
-Բայց եթե Նիկոլ Փաշինյանը վերջնականապես Արցախը թղթով ճանաչի Ադրբեջանի մաս, եթե, իհարկե, արդեն չի ճանաչել, նախագահ Վահագն Խաչատուրյանը ինչ-որ կերպ պե՞տք է դրան արձագանքի, թե՞ ոչ։
-Լիազորված չեմ նախագահի փոխարեն նման հարցերի շուրջ կարծիք հայտնել։ Հետո՝ «եթե»-ներով հարցերն այդքան էլ ակտուալ չեն։
-Բայց այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինայնը Բրյուսելում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքով, որի մեջ Արցախն էլ է մտնում։
-Ես լավագույն ընտրությունը չեմ վստահաբար այդ հարցի վերաբերյալ, կարծում եմ՝ վարչապետը ինքը շատ հստակ կմեկնաբանի ամեն ինչ, և ես իրոք չունեմ լիազորություն և նույնիսկ ինֆորմացիա ավելին, քան Դուք ունեք, որպեսզի ես կարողանամ այս պահին Ձեզ ինչ-որ բան ասել։ Ինձ թվաց՝ Դուք զանգել էիք ուրիշ բանի մասին հարցնեք, որ իմ որդին տարկետում ուներ, բայց ինքը ինքնակամ հրաժարվեց ու գնաց բանակ, 44-օրյա պատերազմին ծայրից ծայր մասնակցել է ու լավ էլ կռվել է, պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։
-Շատ լավ է, հետևաբար, նորից վերադառնալով մեր թեմային, եթե վաղը նաև Ձեր որդու պահած Արցախը վերջնականապես հանձնվի թշնամուն, Դուք՝ որպես հայր, ի՞նչ կզգաք, որ ձեր իշխանությունը, ձեր կառավարությունը մի ստորագրությամբ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Այն Արցախը, որի համար նաև Ձեր որդին է պայքարել։
-Ես «եթե»-ներով հարցի չեմ պատասխանի, որովհետև հարցը շատ զգայուն հարց է։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, Արցախում այսօր մեր հայրենակիցներն ապրում են, մենք էլ պայքարում ենք ապրենք, շարժվենք առաջ։ Այս պահին, ամեն դեպքում, մամուլի հրապարակումների մակարդակով շատ հեռուն գնացող կարծիքներ, որոշումներ ասելը, կարծում եմ, այդքան էլ նպատակահարմար չէ։ Պետք է հաշվի առնենք հարցի զգայունությունը։
-Լավ, առանց «եթե»-ի ձևակերպեմ հարցս՝ Դուք պատրա՞ստ եք այսքանից հետո Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։
-Ես Ձեզ խնդրում եմ՝ այդ տիպի հարցեր մի՛ տվեք։ Ի՞նչ է նշանակում՝ ես պատրաստ եմ տեսնել, ինչո՞ւ է Ձեզ հետաքրքրում, թե ես ինչ եմ պատրաստ տեսնել։ Ես չեմ ուզում ասել Ձեզ՝ ես ինչ եմ պատրաստ տեսնել կամ ինչ եմ պատրաստ անել։ Հիմա Դուք մտնում եք իմ ներաշխարհը և ուզում եք իմ ամենանուրբ ներքին լարերի հետ խաղալ։ Դա խիստ անձնական հարց է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ