Հետևեք մեզ։

Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են... Էս աշխարհը մարդակերի աշխարհ է. Հրանտ Մաթևոսյանն այսօր կդառնար 90 տարեկան

13:37, 12 փետրվար 2025
Քոնն ուրիշին չտա՛ս։  Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են... Էս աշխարհը մարդակերի աշխարհ է. Հրանտ Մաթևոսյանն այսօր կդառնար 90 տարեկան

Այսօր հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 90 տարեկան:  Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, ով ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանվել են նաև աշխարհի տարբեր լեզուներով։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:

Hayastan.news-ն Հրանտ Մաթևոսյանի անգնահատելի ժառանգությունից առանձնացրել է մի քանի մեջբերում.

 

.«Գնալու և հասնելու ճանապարհը». «Այս խաբվող, ընկնող, ընկրկող, ելնող ու նորեն խրոխտացող սերնդին՝ մեր որդիների ու եղբայրների ողբերգորեն հերոսական սերնդին, մեզ առաջնորդ չանելու իրավունքը մենք չունենք, իր մեծ երթի թափը մեզնով չզորացնելու իրավունքը մենք չունենք, իրեն առաջնորդողին մեզ առաջնորդող չհամարելու բարոյական իրավունքը մենք չունենք:... Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է՝ որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում - փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ»:

 

.«Ո՞վ է հայը:
- Չի ընկնում մինչև հատակը և չի բարձրանում ամենավերևը: Այդ մարդն է հայը»:

 

. «Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի...»:

 

«Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ։ Հայրենիքները նվաճվում են ամեն օր։ Բայց ընդմիշտ տրված հայրենիքներ չկան։ Վատ որդիներ են այն որդիները, որ իրենց հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում։ Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում։ Ո՛չ մի ժառանգ, ո՛չ մի սերունդ,  որտեղից եւ ումից էլ սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից: Եվ եթե կարծեց՝ ապահովագրված է, ավելի լավ հարեւանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, եւ քեզ, ուրեմն, շատ գիտի, եւ քո կանանց` հարճեր, եւ միշտ, ամեն լուսաբացի ու Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը»:

 

«Ես` զինվորս, կանգնելու եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ եւ ասում եմ. «Ես` ես եմ, ես տե՛րն եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տե՛րն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, ի՛մ հայրենիքը: Իմ պարտությունն այսօր ամեն ինչի վերջն է։ Աստված չանի, անտեր հուշեր չեն լինում։ Ամեն, ամեն ինչի վերջն է։ Իմ հաղթանակն այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի եւ այսօրվա իմ փառքի, ծնողիս սուրբ գերեզմանի եւ երեխայիս զնգուն օրվա։ Սկիզբն է ամեն, ամեն ինչի»։

 

«Քոնն ուրիշին չտա՛ս։

Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են...
Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։
Չպիտի հանձնվես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։
Տանջանքը մարդու համար է, զավա'կս, սկզբում տանջվում են վերջի համար։
Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը»:

 

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես - հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»:

 

 

 

Վերլուծական