Մայիսի 28-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր ֆավորիտը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
«Կիրակնօրյա քվեարկության ընթացքում անձամբ Էրդողանի, ինչպես նաև նրա «Արդարություն և Զարգացում» կուսակցության ու դաշնակից ուժերի արձանագրած անսպասելիորեն բարձր ցուցանիշները հիմք են ստեղծում ապագա հաջողության համար», – համոզված են թուրք քաղաքագետները փոխանցում է «Ազատությունը»։
«Սա իրական հաջողություն էր Էրդողանի համար և ինչը պակաս կարևոր չէ, դա անսպասելի հաջողություն էր», - АP գործակալության հետ զրույցում նշում է Ստամբուլում գործող «Տնտեսական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ջան Սելջուկին՝ ընդգծելով, որ երկրորդ փուլին ընդառաջ Էրդողանը լուրջ առավելություն ունի»։
«Պարզվեց, որ մեզանից շատերը հերթական անգամ թերագնահատեցին Էրդողանի քաղաքական հմտություններն ու առկա իրավիճակն ըմբռնելու, այն կառավարելու կարողությունը», - Twitter-ում գրել է աշխարհահռչակ տնտեսագետ, ծնունդով ստամբուլցի և ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն։
«Չհիասթափվելը դժվար է։ Էրդողանը, անգամ երկրորդ փուլի պայմաններում շատ մոտ է հաղթանակին», - նշում է Աճեմօղլուն։ Նրա համոզմամբ՝ թուրքական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկը երկրում ազգայնականության նկատելի է աճն է։
«Դա հասկանալու համար անհրաժեշտ է նախ ընդունել, որ թուրքական ընտրազանգվածի շարքերում ազգայնական տրամադրությունները գերակա են դարձել: Որպես հետևանք Էրդողանի հետ դաշնակցած ծայրահեղ աջ «Ազգայնական շարժումը» ստացել է քվեների 10 տոկոսը, ազգայնականները քվեարկել են նաև Էրդողանի, «Լավ» կուսակցության, մի շարք այլ ուժերի օգտին», - նշում է Աճեմօղլուն։
Նա նաև հիշեցնում է, որ ազգայնական տրամադրությունների նման կտրուկ աճի պայմաններում ընդդիմությանը վնասել է նաև այն հանգամանքը, որ Քեմալ Քըլըչդարօղլուն փոքրամասնության ներկայացուցիչ է։
Աշխարհահռչակ գիտնականի խոսքով՝ կիրակնօրյա ընտրությունների ևս մեկ անակնկալն այն էր, որ թուրքական տնտեսության խորը ճգնաժամը ընտրազանգվածի համար կարևոր, բայց ոչ որոշիչ գործոն էր։
«Տնտեսության ապաշնորհ կառավարումը և համատարած կոռուպցիան ընտրողների կողմից այնքան չկարևորվեցին, որքան շատերը (ներառյալ ես) կարծում էին: Դրանք կարևոր նշանակություն ունեն մեծ քաղաքներում, բայց ոչ այն վայրերում, որտեղ իշխող կուսակցությունը «հովանավորչական ցանցեր» է ստեղծել», - համոզված է Աճեմօղլուն, որն ի դեպ, Քըլըչդարօղլուի նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի հեղինակներից մեկն էր։
«Բայց նույնիսկ հաղթանակի դեպքում Էրդողանին լուրջ դժվարություններ են սպասում՝ նախևառաջ տնտեսական ոլորտում», - համոզված է Աճեմօղլուն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։