«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը քրեական գործի շրջանակներում վերջապես ներկայացել է Շենգավիթի դատարան: Տեղեկացանք, որ նա դատավորին հարցրել է, թե իր ներկայությունը պարտադիր է արդյոք բոլոր նիստերին: Դատավորը պատասխանել է, որ կան նիստեր, որտեղ իր ներկայությունը պարտադիր է, ուստի ծանուցման դեպքում պետք է ներկայանա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել:
Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան, սակայն այդ անգամ էլ վերջինս չէր ներկայացել քանի որ գործուղման է եղել: Մայիսի 4-ին նա ներկայացել է: Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Ս. Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: Այս գործը քննում է ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: