Հետևեք մեզ։

Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է․ Տիգրան Աբրահամյան

11:09, 17 մայիս 2023
Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է․ Տիգրան Աբրահամյան
Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները:
 
 
Իհարկե, կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում էական դեր ունի ու դրա անունը Արայիկ Հարությունյան է, ով իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի:
 
 
Հիմա իրադարձությունները գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի շուրջ են` իրենից անկախ, որովհետև 2 ամիս առաջ նշանակել են, լուռ աշխատում է` ինչպես ինքն է պնդում, բայց ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նրան ազատելու և իրեն նշանակելու պահանջ է ներկայացրել Արցախի նախագահին:
 
 
Դժգո՞հ են գործող պետնախարարի աշխատանքից, տապալե՞լ է ծրագրերը, գումարնե՞ր է մսխել կամ թալանել. ի՞նչ է արել, որ քննարկման, իսկ ավելի կոնկրետ` առևտրի եք հանել այդ պաշտոնը:
 
 
Թե ինչպիսի պետնախարար է Ներսիսյանը` ես ինքս չեմ կարող ասել, արցախցիները պետք է ասեն, իրենք են տեսնողն ու գնահատողը:
Ունի՞ ծրագիր Բաբայանը և ուզո՞ւմ է կրկին պաշտոն զբաղեցնել կամ իշխանություն կրել` իր իրավունքն է: Իսկ թե ինչով է զբաղված ազատողն ու նշանակողը, ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է առաջնորդվում, Արցախում բոլորը գիտեն:
 
 
Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է:
 
 
Ինչ վերաբերվում է արցախյան քաղաքական դաշտի հին ու նոր հավակնորդներին, ապա միանգամից ասեմ, որ արցախցիները բոլորին մանկությունից մինչև մեր օրեր լավ ճանաչում են և հստակ վերաբերմունք են արտահայտում»: