Հայաստանը Հնդկաստանում կստեղծի ռազմական կցորդի հաստիք։ Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստի օրակարգում։
«Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:
Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: Ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Նախարարության համար Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկակամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Հնդկաստանի Հանրապետությունում ռազմական կցորդ, ով կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: