Հետևեք մեզ։

Մեծանուն hայեր. Արամ Երկանյան

22:21, 17 մայիս 2023
Մեծանուն hայեր. Արամ Երկանյան

 

Արամ Երկանյանը հայոց ազգային արժանապատվության մարտիկներից մեկն է, Ֆիդայի, ազատագրական շարժման գործիչ, «Նեմեսիս» գործողության գլխավոր գործող անձանցից մեկը։

 

Արամ Երկանյանի նախնիները եղել են Խարբերդի Փշատիկ գյուղից։ Փաստագրություններ կան նրա նախնիներից Սամվելի մասին, ով Փշատիկ գյուղից տեղափոխվել ու բնակություն է հաստատել Էրզրումի Կարին քաղաքում։ Երկանյան ազգանունը ծագում է Էրգան, Երկան բառից։ Այդպես անվանում էին Սամվելին՝ նրա բարձր հասակի պատճառով։

 

Արամ Երկանյանը ծնվել է 1900 թվականի մայիսի 20-ին՝ Կարին քաղաքում, Սարգիս Երկանյանի և Մարիամ Սողոյան-Երկանյանի ընտանիքում։ Սովորել է Կարինի Արծնյան վարժարանում։ Արամի հանդուգն և զգայուն խառնվածքի ու ընդհանուր աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել նրա առաջին ներշնչումները դաշնակցականներ Ստեփան Ստեփանյանի (Բալաջան) և Սարգիս Օհանջանյանի գաղափարներով։ Վրիժառության գաղափարով նույնպես, Արամ Երկանյանն ապրել է դեռ պատանեկան տարիներից, երբ ընդամենը 11 տարեկանում ուսումնասիրելով հայոց ջարդերը պատկերող գիրքը՝ հրատարակված Մխիթարյան Միաբանության կողմից, երդվեց վրեժ լուծել։

 

Արամ Երկանյանը եղել է ոսկերիչի աշակերտ ու դրա շնորհիվ սկզբում կարողացել է խուսափել տարագրությունից։ 1916 թվականին, երբ ռուսական բանակը գրավում է Կարինը, Արամ Երկանյանը մեկնում է Կովկաս, իսկ 1917 թվականին, երբ ռուսական հեղափոխության հետևանքով բանակը քայքայվեց, Արամ Երկանյանն առաջիններից էր, որ արձագանքեց Հայոց Ազգային Խորհրդի հայտարարած զորակոչին։ 17-ամյա Արամ Երկանյանը Գրիգոր Ամիրյանի կողմից կարգվեց որպես Կարին-Բաբերդ գծի վրա Բռնակապանի հեռախոսակապի և պահեստների հսկիչ և կարողացավ պաշտպանել դրանք, մինչև նահանջի վերջնական հրամանը՝ անձամբ պայթեցնելով դրանք։

 

Այս ժամանակ արդեն Արամ Երկանյանը դրսևորել էր ուժեղ խառնվածքն ու խիզախությունը և աչքի ընկել, արժանացել բարդ հանձնարարություններ կատարելու վստահությանը։ Երբ Արմենակ Միրոյանի հրամանատարության տակ կազմված հսկիչ խումբը Կարին քաղաքում թուրքական ծպտյալ զինվորներ հայտնաբերելուց հետո փոքրաքանակության պատճառով չհամարձակվեց ձերբակալել նրանց, գործը հանձնարարվեց Արամ Երկանյանին, և նա հաջողեց՝ չեզոքացնելով թուրքերին ու հեռացնելով նրանց մինչև Սարիղամիշ։ Դրանից հետո Արամ Երկանյանը ֆիդայի Զեմլյակի դասակի կազմում մասնակցել է Բաշ ապարանի ճակատամարտին և ապա 1918 թվականի դեկտեմբերին, դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հատուկ հանձնարարությունների զինվոր, կարճ ժամանակում կարողացել է լիկվիդացնել Լոռվա շրջանի, մասնավորապես Ղարաքիլիսայի մոտ գործող թուրքական հրոսակախմբերը։

 

1919 թվականին արդեն, Արամ Երկանյանը դրվել է Հայ Յեղափոխական դաշնակցության տրամադրության տակ և ներգրավվել 1919 թվականին ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում կայացված որոշմամբ ծրագրված «Նեմեսիս» գործողությանը, որի շրջանակներում պետք է պատժվեին հայոց ցեղասպանությունն ու Բաքվում հայերի ջարդը կազմակերպած ու կատարած երիտթուրք և մուսավաթական 650 գործիչներ ու նրանց օժանդակած դավաճաններ։

 

Հանձնարարությունը կատարելու համար Արամ Երկանյանը մեկնում է Թիֆլիս և նույն թվականին Գոլովինսկայա պողոտայի վրա սպանում Բաքվի հայության ջարդարար Ղասիմբեկովին, իսկ Երևանյան հրապարակում՝ Սաֆարովին։

 

Բայց ավելի տպավորիչն ու կարևորը Ադրբեջանի նախկին վարչապետ, Բաքվի և Շուշիի հայերի եղեռնը կազմակերպած Խան Խոյսկու սպանությունն էր։ Խան Խոյսկու նկատմամբ երեք մահափորձերն անհաջող էին եղել. ոճրագործը միշտ սպասում էր այդպիսի հարձակման ու շրջում էր թիկնապահներով: Այդ բարդ գործը ևս հանձնարարված էր Արամ Երկանյանին։ Բակապանի կերպարանքով քողարկված Արամը 1920թ. հունիսի 19-ին Թիֆլիսի Գոլովինսկայա պողոտայի վրա սպասում էր Խան Խոյսկուն, որի հայտնվելուն պես դուրս հանեց թաքցրած մաուզերն ու գլխին արձակված կրակոցով տապալեց դահիճին։ Որոշ տեղեկություններով` Արամ Երկանյանը վերջ է տվել նաև Խան Խոյսկու երկու պահապանների կյանքին, իսկ Խաս Մամետովին` վիրավորել։

 

Արամ Երկանյանի գնդակը բաժին ընկավ նաև ազգի դավաճաններին։ Թիֆլիսից հետո նա մեկնեց Կոստանդնուպոլիս, որտեղ գնդակահարեց Վահե Իհսանին և Արթին Քեհյանին, ովքեր կազմել էին Կոստանդնուպոլիսի հայ մտավորականության ցուցակը, որոնց 1915 թվականի ապրիլի 24-ի ձերբակալումով սկիզբ դրվեց Ցեղասպանությանը։

 

Հաջորդ հանձնարարության համար, Արամ Երկանյանը մեկնեց Վիեննա, ապա մեկ շաբաթ անց՝ Բեռլին, որտեղ պետք է վրեժ լուծեր Բեհաեդդին Շաքիրից և Տրապիզոնի Նահանգապետ Քեմալ Ազմիից։

 

Արամ Երկանյանն իր «Այսպես սպանեցինք» հուշագրում պատմում է, որ նախ եղել է Բեռլինի Հայդենբերգ փողոցում, ոտքերի տակ զգացել արդեն սպանված Թալեաթի արյունը, «ըմբոշխնել դատարանի երանությունը»:

 

Օրեր անց՝ 1922թ. ապրիլի 17 ին, մեռելոցի գիշերը, Գերմանիայի թուրք հասարակության ընտրյալները խնջույքի էին հավաքվել Քեմալ Ազմիի տանը։ Արամ Երկանյանն Արշավիր Շիրակյանի հետ Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում, կեսգիշերին, Թալեաթի կնոջ աչքերի առջև գնդակահարեց Բեհաէտդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին և Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը, հաջողությամբ խույս տվեցին հետապնդումից։ Արամն իր հուշագրում հետագայում պետք է պատմեր, որ այդ օրն անկրկնելի անհոգությամբ ու աներկյուղ է անկողին մտել ու քնել՝ ականջին մայրիկ օրորը։ 

 

Հանձնարարության հաջող ավարտից հետո Արամ Երկանյանը հեռանում է Վիեննա, ապա Ռումինիա, որտեղ բնակվում է 1922-27թթ., իսկ հետո տեղափոխվում և հաստատվում Արգենտինայում՝ Բուենոս-Այրեսում, ապա Կորդովայում, որտեղ մասնակցում է Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքի տարածմանը, հիմնադրում տպարան ու կազմակերպում «Արմենիա» թերթի տպագրությունը: 

 

 

Արամ Երկանյանը 1931 թվականին ամուսնացել է Զապել Փարակեանի հետ և ունեցել մեկ աղջիկ։

 

Մահացել է 34 տարեկանում՝ 1934 թվականի օգոստոսի 2-ին։ Արամ Երկանյանի մարմինն ամփոփված է Կորդովայի ՀՅԴ գրասենյակի բակում։