ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել տրանսպորտային ուղիներ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ ապրանքների ազատ հոսքի համար: Նման կոչ է հնչել անցյալ շաբաթվա վերջին, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ զրույցների ընթացքում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Նա (խմբ.՝ ԱՄՆ պետքարտուղարը) ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց կոմերցիոն և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ։ Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կողմերի վրա է դրված ապրանքների ազատ հոսքի այս խոչընդոտները հարթելու պարտավորությունը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրումն այն մարդկանց, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն», - ասել է Փրայսը՝ հավելելով, որ Վաշինգտոնն իր դիվանագիտական ջանքերը կկենտրոնացնի՝ փորձելով հասնել դրան:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ԱՄՆ-ն իր խոսքով և գործով հստակ է դարձրել, որ պատրաստ է և կարող է հնարավոր բոլոր միջոցներով օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, առաջընթաց գրանցել այս շատ բարդ հարցերում»։
«Մենք դա արել ենք երկկողմանի, մենք դա արել ենք եռակողմ ձևաչափով՝ կողմերի հետ, այդ թվում, երբ պետքարտուղար Բլինքենը Մյունխենում զրուցեց իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Մենք աշխատում ենք և աշխատել ենք մեր գործընկերների հետ և նրանց միջոցով», - ասել է դիվանագետը: