Հետևեք մեզ։

Ինչպես է Արմեն Մելիքբեկյանը սպառել տվել Հայաստան- Վրաստան հանդիպման տոմսերը և ինչու

23:29, 13 մարտ 2025
Ինչպես է Արմեն Մելիքբեկյանը սպառել տվել Հայաստան- Վրաստան հանդիպման տոմսերը և ինչու

Hayastan.news-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի քայլերի մասին տեղեկություններ են հայտնի դարձել։

 

Այսօր Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ մարտի 20-ի Հայաստան-Վրաստան հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են։ 

Ինչպես հայտնի է՝ ամիսներ շարունակ երկրպագուները տարբեր հանդիպումների ժամանակ ակցիաներ են իրականացնում պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը։

 

Հայաստան-Վրաստան հանդիպմանը Արմեն Մելիքբեկյանը փորձել է կանխել իր դեմ ակցիան։ Hayastan.news-ի հետ զրույցում աղբյուրը հայտնեց․ «Արմեն Մելիքբեկյանը, ինչպես հայտնի է, համախոհ ՔՊ-ականներ ունի, ընդհուպ նախարարների մակարդակով։ Նա, որպեսզի տոմսերը շուտ սպառվեն, պետական կառույցներին, նախարարություններին տոմսեր է տրամադրել, որպեսզի անվճար բաժանեն իրենց ծանոթ-ընկեր-բարեկամներին, վստահելի մարդկանց, որպեսզի մարտի 13-ին հասցներ հայտարարել, որ տոմսերը սպառվել են և երկրպագուներին տոմս չհասնի, ակցիա էլ չանեն»։ 

 

Դիտարկմանը, թե վաճառքի մասին է հայտնել ՀՖՖ-ն, հետևաբար, նաև հաշվետու է, այսինքն, պետք է տոմսերի վաճառքին համապատասխան գումար ցույց տա, աղբյուրն ասաց․ «Չեմ կարող դա ասել, դա կարող է պարզել ՊԵԿ-ը, բացառում եմ, բայց նաև հնարավոր է, որ Արմեն Մելիքբեկյանն իր գրպանից փող դրած լինի և պետական կառույցներին տոմսեր տրամադրի։ Տեղյակ եմ, որ ոմանք հանձն են առել օգնել և օգնել են, որ տոմսերը շուտ սպառվի, վերցրել են տոմսերը և նվիրել սրան-նրան, ինչպես նշեցի»։

 

Նշենք, որ ՀՖՖ-ն հասանելի  չէ լրատվամիջոցների համար, պատրաստ են հրապարակել նաև նրանց տեսակետը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայկական առաջին ճակատ (FAF) և «Կարմիր արծիվներ» (Red Eagles) երկրպագուական միավորումները սոցցանցերում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և անդրադարձել Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների Հայաստան – Վրաստան անցումային հանդիպման տոմսերի շուրջ ստեղծված իրավիճակին. 

«Մարզադաշտում սպասվում է մրցակից թիմի բացարձակ ռեկորդային ներկայություն, ինչի արդյունքում ողջ խաղի արդյունքում լսվելու են մեծամասամբ վրացի երկրպագուների ձայները, մեր ընտրանու ֆուտբոլիստները չեն զգալու, որ սեփական մարզադաշտում են խաղում, ավելի տխուր և ոչ արժանապատիվ պատկեր հնարավոր չէ պատկերացնել։

Ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը` զոհաբերելով հավաքականը հանուն աթոռից կառչելու հերթական փորձի։

Այս գործելաոճը բնութագրում է նրանց վերաբերմունքը ազգային հավաքականին և մեր ընտրանու արդյունքներին։

Եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը մասնակի կամ ամբողջական հանել ազատ վաճառքի, Վրաստանի դեմ խաղի հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին»,- նշված է հայտարարության մեջ։

 

 

Վերլուծական